կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 21:33
Քաղաքական

Ինչու՞ օտարին ծառայելիս՝ ռացիոնալ ենք, իսկ մեր տանը հանդուրժում ենք ամեն հիմարի. Դ. Վանյան

Ինչու՞ օտարին ծառայելիս՝ ռացիոնալ ենք, իսկ մեր տանը հանդուրժում ենք ամեն հիմարի. Դ. Վանյան

Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է.

«Ի՞նչ է կատարվում մեզ հետ, որ հարյուրամյակներ ի վեր կամ կորցնում ենք, կամ առաջ չենք գնում։ Տեղում ենք տալիս։ Մեր պոչի ետևից ընկած, շան նման պտտվում ենք ինքներս մեր շուրջ, կորցրած թագավորություն, ազնվականություն ու փառք, և իրար հայհոյելով, անցյալը մերժելով, դավաճանելով, անիմաստ, ունայն քայլում ենք առաջ, առանց առաջընթացի։ Քայլելն էլ դարի հրամայականն է, այլևս։

Երկու հազար տարի անց հպարտանալու մի բան ունենք՝ Տիգրան Մեծի Հայաստանը, սակայն անգամ նրան լավ չենք ուսումնասիրել։ Գիտենք այն, որ Հայ էր։ Չե՞ք հավատում։ Դուրս եկեք փողոց ու հարցրեք հասարակ մարդկանց։ Կամ մտեք համացանց ու դիտեք մեր և հարևան երկրի վարչապետների հայտնի ասուլիսը։

Ինչու՞ է այդպես։ Ինչու՞ օտարին ծառայելիս՝ ռացիոնալ ենք, կազմակերպված, "օգտակար գործողության" մտային, գեղարվեստական բարձր գործակիցներցով։ Ինչու՞ անձնական մրցակցության դաշտում ծալում ենք բոլորին, իսկ մեր տանը՝ հանդուրժում ենք ամեն մի հիմարի ու հետո, անընդհատ, մենք մեզ հարց տալով՝ խփում մեր գլխին․
— Հիմա սրա վերջը ո՞նց է լինելու։
— Հիմա սրա վերջը ո՞նց է լինելու։

Վերջին մի շաբաթում արդեն տասնյակ անգամ լսել եմ այս հարցը ու հասկացել, որ մարդիկ պատասխան չեն ակնկալում, որովհետև՝ ոչ Աստծուն են հավատում, ոչ իրենց ուժերին։ Ինչպե՞ս հավատան, երբ յուրաքանչյուր նոր իշխանություն խաբում է նրանց, զբաղվում ինքն իրենով։

Եւ ընդհանրապես, Դուք Ձեզ հարցրե՞լ եք, թե ի՞նչն է պատճառը, որ այն ժողովուրդները, ում վրա Դուք ծիծաղում եք, ավելի բարեկեցիկ երկրների տերեր են, իսկ մենք հնամյա, իմաստուն — մատը մատին չենք խփում միջակության մոխրագույն ստվերից դուրս գալու համար։ Դուք Ձեզ հարց տվե՞լ եք, թե ի՞նչ մշակույթ է կերտում այսօրվա Հայաստանը։ Մենք, այսօր, չհաշված երգ ու պարի գավառական խմբերի ժողովրդական գործունեությունը, մշակույթ չունենք։ Ունե՞նք։

Դուք հեռու մի գնացեք։ Ընդամենը՝ Վրաստան, վրացական մի գյուղ(տները՝ շարք-շարք, կոկիկ ու գեղեցիկ, փողոցները հավասար, շինությունները՝ հնաոճ, փայտի, քարի ու կերամիկայի համույթներով) ապա փնտրեք այդպիսի մեկը Հայաստանում։ Չեք գտնի։
Ի՞նչն է պատճառը, գլխավոր ճարտարապե՞տ ու պետությու՞ն չունենք, թե՞ Հայաստանում մենք դադարում ենք մտածել։ Հիմա էլ կաշառք չեն վերցնում, ինչու՞ չեն նախագծում։ Կամ գուցե պիտի կայսրության մա՞ս լինենք, որ մեր երկրում քաղաքներ կառուցվեն։ Ի՞նչ է, չի՞ կարելի քաղաք ու գյուղ հիմնել, աշխատատեղեր, մարդկային հոսք ապահովել, ու երգով, պարով, ցնծությամբ՝ բնակարաններ կառուցել ու հանձնել սեփական քաղաքացիներին։

Չէ։ Մենք կարող ենք մարդու լույսը, ջուրը անմիջապես կտրել, հենց որ ժամանակը լրանա՝ երբ նա չվճարի։ Ոչինչ, որ տանը հիվանդ կա։ Իշխանություն կիրառելու հարց է, և ամեն մի փոքրիկ պաշտոնյա կյանքում իրականանում է կողքինին(հայրենակցին) վնասելով։ Սա ե՞նք։ Սա մեզ սազու՞մ է։

Չե՞ք կարծում, որ մենք հպարտանում ենք այս ու այն պետությանը ծառայելով, այս ու այն օտար մրցույթներում մրցանակներ շահելով, և Երկիրն ու սահմանը զինվորի ու շինականի ուսերին դրած, մեծ մեծ խոսելով ապրում ենք։ Դատարկապորտ ենք, դատարկահպարտ։

Սա է՞ կյանքը։ Մենք ապրու՞մ ենք։ Այսպես ապրելով հիսուն տարի հետո Հայաստանում Հայ չի լինելու։

Դուք Ձեզ չե՞ք հարցնում, թե ի՞նչ գործ ունի սորոսականը Հայաստանում։ Ձեր սիրտը այս փաստից չի՞ ցավում։ դուք երբ պառկում եք քնելու, Ձեր քունը տանու՞մ է։ Օտարի կողմից վճարված մարդիկ Ձեզ առաջնորդում են, և Դուք երջանի՞կ եք։

Պատկերացնու՞մ է արդյոք այսօրվա ՀՀ քաղաքացին, թե ի՞նչ է կատարվում աշխարհում, քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական ի՞նչ արհավիրքների առջև է կանգնած Երկիր մոլորակը, և ի՞նչ վտանգներ են պարունակում այսօրը և մեր թավշյա թմբիրը։

Իսկ այդ թմբիրը մեր երակների մեջ է, գիտե՞ք։ Դավիթին մինչև չկանչեր Ձենով Օհանը, նա չէր էլ տեսնում, որ իր ժողովրդին կոտորում են։ Իսկ դուք ասում եք՝ լավ կլինի։

Հենց այնպես, իրեն - իրեն լավ չի լինում։ Ինչպե՞ս կարող է լավ լինել, երբ օտար կենտրոններից սնված մարդիկ մեր նավի ղեկին են, ծովն էլ փոթրկում ու փոթորկում է։ Ո՞վ է այն մարդը, այն խղճի ու ազնվության մարմնացումը, այն գրողը կամ փիլիսոփան, ով դուրս կգա ու էկրաններից՝ Սոս Սարգսյանի կամ Ազնավուրի նման կհանի մեզ մեր քնից։ Ո՞վ է այն մանուկը, որ մեր ժողովրդին կբացատրի, կասի՝
— Հայ ժողովուրդ, դու մերկ ես, եթե քո ընտրյալները սրանք են։ Թերևս՝ նրանք էլ(նախկինները) մի բարի պտուղը չէին։

Ո՞րն է մեր ազգային իդեան։ Ազգայնականությու՞նը, հեթանոսությու՞նը թե՞ լիբերալիզմը։ Իմ կարծիքով՝ ոչ մեկը, ոչ էլ մյուսը։
Ո՞րն է այսօրվա իշխանության գաղափարական ուղին՝ գաղափարազրկությունը՞։ Ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։

Ով կարող է նստել համակարգչի առջև, օնլայն քարոզիչ է դառնում, ով կարող է դավադիր լինել՝ իշխանավոր։ Այս կախարդված սատանայական շրջանից, այս ինքնաոչնչացումից դուրս գալու եղանակը գտնելն ու մշակելը, ուղորդելը պետության խնդիրն է, ոչ թե կուսակցությունների, խմբերի ու քարոզիչնեչի։ Դուք, ժամանակակից պետական այրեր, անվտանգության ու պաշտպանության, մշակույթի ու սպորտի նախարարներ, Դուք սա հասկանու՞մ եք։

Կարծում եմ, որ ոչ։ Որովհետև դեռ հասուն չեք, չգիտեք ինչն է ցավը, ի՞նչն է կորուստը, ի՞նչ արժի հաղթանակը։ Որովհետև սխալ ընթացքի մեջ եք։ Եւ ես սա ասում եմ որպես հասարակ հայ մարդ, որպես քաղաքացի, ում սիրտը ցավում է Ձեր հայհոյանքներից, ինտրիգներից, բամբասանքից, ծեծկռտուքից, խոստումներից, սպառնալիքներից։ Եթե Ձեզ կհանգստացնի այն փաստը, որ ես, հերթապահ խոսքեր ասեմ այն մասին, որ հներն ավելի վատն էին, կասեմ, որ լավ զգաք Ձեզ։ Բայց նրանք, մի տեսակ պարզ ու կանխատեսելի էին։ Իսկ Ձեր դեպքում` ոչ ոք չգիտի, թե Ձեզանից էլ ինչեր կարելի է սպասել:

Դեպի Արարատ

Լուսանկար՝ Andranik Masisi Keshishyan»: