կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 11:43
Քաղաքական

Այսօր պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը

Այսօր պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը

Այսօր պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը կշարունակվի մինչև ապրիլի 3-ը. հայտնում է Yerkir.am-ը:

Նշենք, որ «Այո»-ի քարոզչական կողմն ու շտաբը ձևավորվել են՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։

Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է այսօր, բայց մինչ այս պահը խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին որևէ հայտարարություն չի տարածել:

Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու պարագայում «Ոչ»-ի քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, ապա նշենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է արել առհասարակ անտեսել հանրաքվեն, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի հանրաքվեի գործընթացին:

Yerkir.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկել էր Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարել, որով նախատեսվում է մինչև 2018 թ. ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները դադարեցնել: Չնայած այն հանգամանքին, որ նախագծի ընդունումն առաջին ընթերցմամբ տապալվեց, բայց ի վերջո հանրաքվեի դնելու որոշումը ընդունվեց:

1995 թ. Սահմանադրության ընդունումից հետո 2020 թ. ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արդեն 4-րդ փորձն է: Վերջին 25 տարվա ընթացքում Սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնվել համապատասխանաբար 2003, 2005 և 2015 թթ..: