Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հերթական իմիտացիան է արվում` ցույց տալու համար, թե Հայաստանում փոփոխություններ են կատարվում, բայց խոստումները սին են, խոսքերը` փուչ. անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ համագործակցությանը` այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է իշխանությունը խուսափում ասել, որ երկխոսություն կա, երբ մյուս կողմն ասում է, որ դա բաց, հրապարակային դիալոգ է:
«Չե՞ք խանդում»,- հետաքրքրվեցին լրագրողները:
Սաֆարյանը պատասխանեց. «Ժառանգության» համար միեւնույն է, թե իրենք ում հետ ժամանակ կանցկացնեն, ում հետ կերկխոսեն, եւ, ընդհանրապես, ինչ խնդիրներ կդնեն երկուստեք, բայց մի բան ճիշտ չեն հասկացել, որ եթե երկու կողմը փորձելու է հաշվետվություն ներկայացնել հասարակությանն ու Հայաստանի մոնիտորինգին հետեւող կազմակերպություններին, թե իբր Ազատության հրապարակն այլեւս տրամադրվում է քաղաքացիներին` իրենց բողոքն արտահայտելու համար, ապա հույս չունենան, որ «Ժառանգությունը» դա ողջունելու է, որովհետեւ, ինչպես իշխանությունը ձեւակերպեց, Ազատություն հրապարակը տրվելու է միայն կոռեկտ վարքագծի դեպքում, հետեւաբար, մենք ոչ միայն չենք ցանկանում, որ ինչ-որ մեկը գնահատի մեր բողոքի կոռեկտությունը, այլ նաեւ առավել չենք ցանկանում, որ այդ գնահատողը լինի իշխանությունը»:
Սաֆարյանի խոսքով` այն խնդիրները, որոնք փորձ է արվում ցույց տալ, թե լուծված են, «Ժառանգության» համար լուծված չեն կարող համարվել:
Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերի բացահայտման վերաբերյալ իշխանության հավաստիացումներին, որոնց առնչությամբ ՀԱԿ-ը բավարարվածություն է արտահայտել, ապա «Ժառանգությունը» նույնը անել չի կարող: «Մենք չենք կարող վստահել այն խորհրդակցությանը, որին մասնակցել են մարդիկ, ովքեր մեծագույն ավանդ են ունեցել մարտի 1-ը կոծկելու գործում»,- շեշտեց Սաֆարյանը` հավելելով, որ Կոնգրեսի իրավունքն է հավատալ իշխանությունների հավաստիացումներին` որպես լուրջ երաշխիք, եւ իրենց իրավունքն է` չհավատալ դրանց ընդհանրապես:
«Ժառանգությունն» առաջարկեց նաեւ սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսել. «Եթե այս իշխանությունները ժողովրդի եւ քաղաքական ընդդիմության առաջարկներին դեմ գնացող իշխանություններ են, ապա այս համակարգը փոխելու լավագույն ուղին սահմանադրական փոփոխություններն են»,- նշեց Սաֆարյանը: