կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-14 19:57
Քաղաքական

Ընդունված բանաձևը վերջին քայլն է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման քննարկումներն սկսելու համար. Նորա Արիսյան

Ընդունված բանաձևը վերջին քայլն է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման քննարկումներն սկսելու համար. Նորա Արիսյան

Սիրայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնախմբի նախագահ Նորա Արիսյանի խոսքով` Սիրիայի խորհրդարանի կողմից փետրվարի 13-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը պատմական քայլ էր:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը» նաև տարիների գիտահետազոտական, պատմական փաստերի ուսումնասիրման ջանքերի արդյունք է:

«Խորհրդարանական կամ քաղաքական որոշում ընդունելու համար պետք է հիմք ունենայինք: Հպարտությամբ և համեստությամբ պետք է նշեմ, որ այն աղբյուրները, որոնք խոսում էին ցեղասպանության մասին, ամբողջությամբ ուսումնասիրել և սերտել եմ: Դրանք իմ դիսերտացիայի մաս են կազմել, և դարձել համոզիչ փաստ ճանաչման համար»,- ասաց նա:

Արիսյանը հիշատակեց, որ խորհրդարանական իր նախագահած հանձնաժողովն է նախաձեռնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը. «Հունվարի 20-ին մենք նիստ ենք անցկացրել, և հանձնախմբի 13 անդամներով քննարկել Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը: Ես պատգամավորներին ներկայացրեցի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը, նրանց կողմից ընդունված տեքստերը և թեմային վերաբերող պատմական գրքերից հատվածներ, որպեսզի իրենք մանրամասն տեղյակ լինեն: Տեքստը կազմեցինք և այն ներկայացրեցինք Խորհրդարանի նախագահությանը, որպեսզի այն մտնի օրակարգ»,- պատմեց նա:

Դրան, ըստ Նորա Արիսյանի, հաջորդում է Խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, որ բանաձևը, առանց մեկ բառ փոփոխելու մտնելու է օրակարգ:

«Հարկ եմ համարում նշել, որ բանաձևն ուժեղ է իր շեշտադրումներով, որովհետև այնտեղ հնչում է «Ցեղասպանություն» եզրույթը և այն համարվում է նաև մարդկության դեմ իրագործված ամենազազրելի ոճիրներից մեկը»,- ասաց նա:

Նորա Արիսյանի խոսքով` փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանում ելույթ ունեցավ երկու պատգամավոր` դատապարտելով 1915թ. Հայոց ցեղասպանությունը, որից հետո արդեն տեղի ունեցած քվեարկության արդյունքում, միաձայն ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որն ընդունվեց ծափողջույներով:

Խոսելով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ուժի, իրավական հնարավոր հետևանքների մասին՝ Նորա Արիսյանը նշեց, որ այն ապագայում պետք է հիմք դառնա Սիրիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար: «Իմ կարծիքով` ընդունված բանաձևը վերջին քայլն է այդ օրենքի ընդունման քննարկումներն սկսելու համար»,- ասաց նա:

Նորա Արիսյանը Սիրիայում տեղի ունեցածը որակեց պատմական, քանի որ նախկինում էլ, չնայած Խորհրդարանում հարցը քննարկվել էր, բայց 1915թ. զոհերի հիշատակը հոտնկայս հարգելուց այն կողմ չէր անցել:

Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք նաև քաղաքական նախադրյալները, Իդլիբում իրականացվողի համար Սիրիայի` Թուրքիային պատժելու ցանկությունը չստիպեց, որ այս անգամ բանաձևի ընդունման գործընթացը հաջողվի՝ սիրիահայ պատգամավորը նշեց.

«Ես այդպես չեմ կարծում, քանի որ Թուրքիան 8 տարուց ավելի է, որ Սիրիայի դեմ պատերազմ է մղում: 8 տարուց ավելի է` նա բացասական դեր ունի ահաբեկչական խմբավորումներին զորակցելու գործընթացում: Այս նստաշրջանի Խորհրդարանում` 2016թ. հետո, Սիրիայի խորհրդարանի պատգամավորները մի քանի անգամ հարցը բարձրացրել են: Հետևաբար, ես կարծում եմ, պահը պարզապես հասունացավ, որ բանաձևն ընդունվի»:

Սիրիայում Հայոց ցեղասպանության մասին նոր սերունդներն էլ են տեղեկանալու, բայց դա արդեն մեկ տարի առաջվա նախաձեռնության արդյունքում է:

Նորա Արիսյանը հիշեցրեց նախորդ տարի Խորհրդարանի կողմից ընդունված նախագիծը, որով ամրագրում էր՝ Հայոց ցեղասպանության թեման ներառել Սիրիայի դպրոցների ավագ դասարանների դասագրքերում:

«2019-2020 ուսումնական տարվա դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունն արդեն կա»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովhաննիսյան