կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-14 16:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանադրությունը շատ լուրջ պաշտպանիչ մեխանիզմ ունի ՍԴ դատավորների համար․ Դավիթ Հարությունյան

ՍԴ դատավորին ձերբակալել կամ կալանավորել կարելի է միմիայն եթե նա զրկվել է անձեռնմխելիությունից Սահմանադրական դատարանի կողմից, ցանկացած այլ եղանակով դա իրականացնելը կլինի հանցագործություն՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած՝ «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ։  

Տվյալ դեպքում պայքարը ոչ թե գործադիր իշխանության ղեկավարի և ՍԴ դատավորների միջև է, այլ գործադիր իշխանության ղեկավարի և Սահմանադրության միջև՝ արձանագրեց նա։

Դավիթ Հարությունյանը կանխատեսեց, որ ՍԱհմանդրության փոփոխության հանրաքվեի ձախողման պարագայում ականատես կլինենք ՍԴ դատավորներին կալանավորելու փորձերի։ Այս համատեքստում խոսեց դատական իշխանության անկախության ապահովման մեխանիզմներից մեկի մասին, որը առայժմ քիչ է քննարկվում։

Սահմանադրությունն ինքնին պարունակում է շատ լուրջ պաշտպանիչ մեխանիզմ ՍԴ դատավորների համար՝ արձանագրեց Դավիթ Հարությունյանը։ Բանն այն է, որ ՍԴ դատավորների նկատմամբ կարող է իրականացվել քրեական հետապնդում, եթե այն կապված չէ իրենց լիազորությունների իրականացման հետ՝ գրեթե նույն կերպ, ինչպես սովորական քաղաքացու։  

«Ինչո՞ւ գրեթե նույն կերպ, որովհետև կա մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր սահմանդրական դրույթ, թե երբ է դադարում լիզորություններն իրականացնել ՍԴ դատավորը։ Նրա լիազրությունները դադարում են, երբ օրինական ուժի մեջ է մտնում դատավճիռը կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է ոչ արդարացնող հիմքով»,-ընդգծեց Դավիթ Հարությունյանը։

Այսինքն, Սահմանադրությունը հստակ նախատեսել է, որ ՍԴ դատավորը պետք է մինչ այդ պահը իրականացնի իր լիազորությունը և այս նորմը իր արտացոլումը գտել է նաև օրենքներում, այդ թվում՝ սահմանդրական օրենքում, որը նախատեսում է՝ քրեական հետապնդումը, եթե անգամ իրականացվում ՍԴ դատավորի նկատմամբ, պետք է իրականացվի գաղտնապահության շատ լուրջ մակարդակով․ «Այսօր տեսնում ենք, որ այն պարբերաբար խախտվում է, բայց օրենքների և Սահմանդրության խախտումը մեզանում դարձել են այնքան սովորական բան, որ մենք ուղղակի համեմատում ենք, ասում ենք՝ սա խայտառակ վատ խախտում է, իսկ սա ուղղակի խախտում է։ Այնուամենայնիվ, այդ օրենքները շարունակում են գործել»։

Դավիթ Հարությունյանի համար նաև ակնհայտ է՝ ինչո՞ւ են իշխանությունները օր առաջ ձգտում ազատվել ՍԴ գործող կազմից։ Դա բացատրելու համար մի օրինակ է բերում․ «Վերջերս ՀՀ նախագահը դիմել է ՍԴ մի քանի նախագծերի շուրջ, որոնք վերաբերում են բանկային գաղտնիքին։ Բնական է, որ գործադիր իշխանությունը, որը հենց նախաձեռնել է այդ նախագիծը, շատ կուզենար, որ ՍԴ-ն այդ նախագիծը միանշանակ ճանաչեր Սահմանադրությանը համապատասխանող։ Կոպիտ ասած՝ լիներ հերթական դակող գործիքը իրենց կատարած յուրաքանչյուր քայլում»։

Նրա համոզմամբ՝ նմանատիպ հարցերն են, որ իրականում պատճառ են, թե ինչո՞ւ պետք է փոխվի ՍԴ կազմը ձևավորվի այս իշխանության կողմից․ «Որովհետև ուղղակի դրանով հնարավորություն է ընձեռվում չունենալ երկրում ՍԴ, կամ ունենալ ցանկացած քայլը դակող ՍԴ»։

Մինչդեռ միջազգային տարբեր ուսումնասիրություններ փաստել են, որ պետությունն ուժեղ է, եթե ուժեղ է դատական համակարգը։

«Մենք այսօր ունենք ՍԴ, որտեղ դատավորները նշանակված են տարբեր իշխանությունների կողմից՝ սկսած ՀՀ առաջին Սահմանադրության պահից՝ 1995 թ, մինչև վերջերս, երբ ԱԺ-ն ընտրեց 2 դատավոր։ Եվ հենց այս  գամման է թույլ տալիս, որ դատարանի եզրակացությունները լինեն քաղաքական իշխանություններից իրապես անկախ»,-արձանագրեց Դավիթ Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․