կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-08 18:10
Քաղաքական

Սեպտեմբերին ԱԺ-ին ենք ներկայացնելու հակակոռուպցիոն շատ լուրջ փաթեթ. Դավիթ Հարությունյան

Սեպտեմբերին ԱԺ-ին ենք ներկայացնելու հակակոռուպցիոն շատ լուրջ փաթեթ. Դավիթ Հարությունյան

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե ինչպես է ընթանում կոռուպցիայի դեմ պայքարը, կլինե՞ն, արդյոք, պատժվողներ:

Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` ասելով, որ կոռուպցիայի դեմ շատ դժվար է պայքարել կարճ ժամանակահատվածում: Նա մեջբերեց վարչապետի խոսքը, որ կոռուպցիայի դեմ էվոլյուցիոն ձևով պետք է պայքարել: Դավիթ Հարությունյանի խոսքով` կառավարության ամեն նիստում հակակոռուպցիոն բնույթ ունեցող երեք-չորս որոշում է կայացվում: Կան նաև բեկումնային որոշումներ, որոնք գտնվում են շատ բուռն քննարկումների մեջ:

Նախարարը նշեց, որ սեպտեմբերին ԱԺ-ին կներկայացվի հակակոռուպցիոն օրենսդրական փաթեթ՝ հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը վերանայելու, զանցանքների ու հանցանքների պատշաճ բացահայտման համար: Փաթեթը ներառելու է նաև ապօրինի հարստացման քրեականացում, երբ պաշտոնյան պետք է ապացուցի իր ունեցվածքի համապատասխանությունն իր եկամուտներին: Կլինեն նաև փոփոխություններ` գնումների ընթացակարգի հետ կապված:

«Խնդիրը պատժի անխուսափելիությունն է, և այդ գործիքները պետք է ձևավորվեն, որովհետև սողանցքներ կան, որոնք փակելով, երաշխիքներ կլինեն ապօրինությունները բացհայտելու համար: Ցավոք, կոռուպցիայի դեմ պայքարը հեշտ չէ, շատ ժողովրդավար երկրներում են դեռ խոսում հակակոռուպցիայի մասին: Վստահեցնում եմ, որ լուրջ ենք վերաբերվում այդ հարցին, մենք պատրաստ ենք սեպտեմբերին հակակոռուպցիոն լուրջ փաթեթ ներկայացնել ԱԺ-ին»,- ասաց Դավիթ Հարությունյանը: