Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
Մանրածախ առևտրի, հատկապես՝ խոշոր սուպերմարկետների գործունեության կարգավորման համար անհրաժեշտ է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կզսպեն խոշոր առևտրային ցանցերի առաջացումը և նրանց համար հետագա ընդլայնումը կդարձնեն պակաս գրավիչ, ինչպես նաև կապահովեն որակի վերահսկման և կարգավորման առավել արդյունավետ կառուցակարգեր: Մասնավորապես՝
- Այժմ մանրածախ առևտուրը կանոնակարգվում է առուվաճառքի հրապարակային օֆերտայի շրջանակում, որի պայմանագրային նորմերը սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներով: Այնուամենայնիվ, «մանրածախ առևտուր» հասկացության հստակ սահմանման անհրաժեշտություն կա: Բացի այդ, սոցիալական նշանակության ապրանքների իրացումը մեծ զգայնություն է առաջացնում ազգաբնակչության մոտ, և որոշ երկրներ ընդունել են համապատասխան իրավական ակտեր: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության 15.07.2010թ. N 530 որոշմամբ սահմանվել է սոցիալական նշանակության ապրանքների ցանկը և դրա նկատմամբ պետական կարգավորման որոշակի գործիքների կիրառման մեխանիզմները:
- Տնտեսական քաղաքականությունը առավել հասցեական և արդյունավետ իրականացնելու նպատակով՝ անհրաժեշտ է սահմանել բնակչությանը առևտրի օբյեկտերով ապահովվածության նորման, դասակարգել առևտրի օբյեկտների տեսակները և նախանշել խոշոր առևտրի կենտրոնների օպտիմալ տեղակայման վայրերը: Մի շարք երկրներում սուպերմարկետները տեղակայվում են քաղաքի կենտրոնական մասերից հեռու՝ արվարձանային շրջաններում, և տրանսպորտային հիմնական հանգույցներից հեռու: Դրանով դժվարացնում են ամենօրյա այցելությունները սուպերմարկետներ, ուստի բնակչությունը իր ամենօրյա գնումները կատարում է մոտակա խանութներից, իսկ շաբաթական խոշոր գնումները՝ սուպերմարկետներից: Օրինակ՝ Դանիայում խանութներն առանց որևէ սահմանափակման կարող են աշխատել երկուշաբթի ժամը 06:00 մինչև շաբաթ օրը 17:00: Մյուս դեպքերում անհրաժեշտ է անցնել բարդ ընթացակարգեր և ստանալ պետական մարմինների թույլատվություններ, սակայն 3,44 մլն եվրոյից քիչ շրջանառություն ունեցող խանութների և կայարանամերձ կրպակների համար տոնական և կիրակի օրերին սահմանափակումները չեն գործում: Ֆինլանդիայում խանութների գործունեության ժամերն են՝ աշխատանքային օրերին՝ ժամը 07:00-21:00, իսկ շաբաթ օրերին՝ 07:00-18:00: Կիրակի օրերին մինչև 400 ք.մ. առևտրային տարածք ունեցող խանութների գործունեությունը չի սահմանափակվում, իսկ ավելի խոշորները կարող են գործել կիրակի օրերին միայն մայիս-օգոստոս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին (զբոսաշրջության ակտիվ ժամանակաշրջանում): Անկասկած, այս սահմանափակումների նպատակը՝ փոքր և միջին խանութների գործունեությունը խթանելն է:
- Առաջին անգամ առևտրային ցանցերի ճյուղավորման զսպման կանոնակարգումը իրականացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դեռևս 1923 թվականին Միսսուրի նահանգում ընդունվեց Առևտրային ցանցերի հարկերի մասին օրենքը, ըստ որի՝ 2 խանութ ունեցողի համար սահմանվում էր արտոնություն, իսկ յուրաքանչուր երրորդի դեպքում գանձվում էր 50 ԱՄՆ դոլարի չափով տուրք, չորրորդի համար` 100 ԱՄՆ դոլար և այլն, իսկ Եվրոպայում առևտրի օբյեկտների հակաճյուղային քաղաքականությունը կիրառվել է 1950-ական թվականներից: Հաշվի առնելով վերջին տարիներին խոշոր սուպերմարկետների ցանցի արագ տեմպերով ընդլայնումը՝ այժմ առավել քան անհրաժեշտ է քննարկել խոշոր առևտրային ցանցերի համար հարկման լրացուցիչ մեխանիզմների ներդրման հնարավորությունը: Մասնավորապես՝ կարելի է սահմանել (պրոգրեսիվ) լրացուցիչ վճար ինչպես որոշակի մակերեսից ավելի տարածք զբաղեցնող սուպերմարկետների նկատմամբ, այնպես էլ առևտրային ցանցերի համար՝ կախված առևտրային ցանցում ընդգրկված սուպերմարկետների (խանութների) քանակից: Նկատի ունենալով, որ նշված մեխանիզմների ներդրումը կարող է հանգեցնել հայաստանյան խոշոր սուպերմարկետներում վաճառվող ապրանքների գների աճին, ինչը փոքր և միջին խանութների համար կմեծացնի մանրածախ շուկայի գրավչությունը և մրցունակությունը:
- Մանրածախ առևտրի ապակենտրոնացումը և առողջ մրցակցությունը խթանելու համար՝ նպատակահարմար է սահմանափակել մեծածախ վաճառողների (ներմուծողների) գործունեությունը մանրածախ շուկայում, ինչը կնպաստի նաև ներքին առևտրի ոլորտում ստվերի կրճատմանը: Մանրածախ ոլորտը առավել մրցակցային կդառնա, եթե սոցիալական և ռազմավարական նշանակության ապրանքների մեծածախ վաճառքը իրականացվի պետականորեն հսկվող (կարգավորվող) էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ մանրածախ վաճառողների համար ապրանքների ձեռք բերման պայմանները կլինեն հավասար, մրցակցային և թափանցիկ:
- Մանրածախ շուկայի զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ապրանքների մատակարարման պայամանների կանոնակարգումը՝ խոշոր սուպերմարկետների կողմից կամայականությունները բացառելու կամ նվազեցնելու նպատակով: Մասնավորապես՝ անհրաժեշտ է քննարկել խոշոր առևտրային ցանցերի կողմից սահմանվող մատակարարների ցուցակագրման և դարակներում տեղ հատկացնելու համար հավելյալ վճարների առավելագույն մեծության չափը: Բացի այդ, հայրենական արտադրանքի ճանաչելիությունը և իրացումը խթանելու նպատակով տեղական արտադրողներին պետք է տրամադրել որոշակի «քվոտա»՝ սպառողների համար առավել տեսանելի դարակների հատվածում: Առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացում թույլ չտալու համար՝ սննդամթերքի մատակարարման պայմանագրի գնի վճարման առավելագույն ժամետը չի կարող գերազանցել ապրանքի պիտանելիության ժամանակահատվածը:
- Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ բացակայում են առևտրային զեղչերի վերաբերյալ դրույթները, մասնավորապես՝ զեղչերի տեսակները և դրանց առանձնահատկությունները, ինչը նպաստում է մանրածախ առևտրում անբարեխիղճ մրցակցությանը, որի արդյունքում՝ խաթարվում է ազատ մրցակցության սկզբունքը, և ոտնահարվում են սպառողների իրավունքները:
- Միջազգային առաջավոր փորձը փաստում է, որ առևտրային ցանցերի միությունների կողմից ընդունվում են վարքագծի կանոններ և արդար գործարքների հիմնարար սկզբունքներ, որոնք պարտադիր են դառնում բոլոր անդամների համար, ինչը թույլ է տալիս դրանց հիման վրա իրականացնել առևտրային ցանցերի վարկանշավորում:
- Անհրաժեշտ է վերանայել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես՝ հստակեցնել սպառողական ապրանքների շուկային և առևտրի կենտրոնին (մոլին) ներկայացվող պահանջները՝ ավելի խիստ դրույթներ սահմանելով վերջինիս համար: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի կազմակերպման (առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը) իրականացման իրավունք ձեռք բերելու համար տնտեսվարողը վճարում է պետական տուրք Երևանում 1 մլն. ՀՀ դրամ, մարզկենտրոններում 500 հազ. ՀՀ դրամ, Երևան քաղաքից և մարզկենտրոններից դուրս 300 հազ. ՀՀ դրամ: Այսինքն՝ տուրքի մեծությունը կապված չէ առևտրի իրականացման վայրի կազմակերպչի շրջանառության կամ այդ վայրում գործունեություն իրականացնող ընկերությունների թվի հետ, ինչը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում խոշոր առևտրի կենտրոնների և մյուս շուկաների միջև:
- Էլեկտրոնային մանրածախ առևտուրը խրախուսելու նպատակով անհրաժեշտ է մշակել և ներդրնել էլեկտրոնային առևտրի վիճակագրական, հաշվարկավճարային և երաշխիքային առավել արդյունավետ համակարգեր, ինչը, անշուշտ, կնպաստի մանրածախ առևտրի ապակենտրոնացմանը և այլն: