կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 17:39
Տնտեսական

Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում. մաս 1

Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում. մաս 1

Yerkir.am-ը առանձին շարքով շարունակում է ներկայացնել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունները:

Հերթական շարքը նշյալ գրասենյակի կողմից հրատարակված «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» հետազոտությունն է, որը «ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» շարքի 4-րդ ուսումնասիրությունն է: 

 

Ապրանքային շուկաներում առկա համակենտրոնացվածության բարձր աստիճանը առաջ է բերում այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են՝ մրցակցության խաթարումը, շուկայից փոքր և միջին բիզնեսի դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և, ի վերջո, երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:

Եթե 90-ականներից սկսած մենք գործ ունեինք առանձին ապրանքների մեծածախ շուկաներում (օրինակ՝ շաքարավազ, ալուր, կարագ, բենզին, դիզելային վառելիք և այլն) մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող անբարեխիղճ և հակամրցակցային երևույթների հետ, ապա ներկայումս արագ տեմպերով «մենաշնորհացվում է» մանրածախ առևտրի ոլորտը, որից մեծ վնասներ են կրում մանրածախ առևտրով, մատակարարումներով և արտադրությամբ զբաղվող բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկությունները: Այս իրավիճակը հիմնավոր և շարունակական հետազոտությունների կարիք ունի։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը։ Այս համատեքստում առավել շատ է կարևորվում պետության ակտիվ և նախաձեռնողական տնտեսական քաղաքականության մշակման և կիրարկման անհրաժեշտությունը՝ միաժամանակ ապահովելով սոցիալական արդարության սկզբունքը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի այս վերլուծության նպատակն է՝ վեր հանել մանրածախ առևտրի շուկայում առկա համակենտրոնացման միտումները, ազատ և բարեխիղճ մրցակցության հիմնական խոչընդոտները և առաջարկել համապատասխան քայլերը, որոնք այս ոլորտում կձևավորվեն առողջ մրցակցային միջավայր, ինչը վստահաբար կխթանի փոքր և միջին մատակարարների և մանրածախ վաճառողների գործունեությունը, ինչպես նաև կապահովի սպառողների շահերի պաշտպանությունը։

Աշխատանքի համար տեսական և մեթոդաբանական հիմք են հանդիսացել մանրածախ առևտրի ոլորտին վերաբերող դասական և արդի գրականությունը, միջազգային փորձը, մի շարք կազմակերպությունների կողմից մշակված մեթոդական ցուցումները, գիտական վերլուծական նյութերը, օրենքները, իրավական ակտերը, տեղեկագրքերը, սպառողների և տնտեսվարողների շրջանում իրականացված հարցումները և այլ նյութերը:

ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՀՀ տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է համարվում մանրածախ առևտուրը: Այնուամենայնիվ, 2015-2017 թվականների ընթացքում, մանրածախ ապրանքաշրջանառությունը գրանցել է տատանումներ, որոնց ծնող պատճառները խորը մասնագիտական վերլուծությունների կարիք ունեն:

Տնտեսագիտական գրականության մեջ «մանրածախ առևտուրը» բնութագրվում է առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները վերջնական սպառողի հանդեպ, ով այն ձեռք է բերում ոչ ձեռնարկատիրական նպատակներով, բացառապես տնային, ընտանեկան օգտագործման նպատակով:

Աղյուսակ 1.-ի համաձայն՝ մանրածախ առևտուրը կազմում է ընդհանուր ներքին առևտրի 51,3 տոկոսը։ 2017թ. հունվար-դեկտեմբերին, 2016թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ, մանրածախ առևտրի շրջանառությունը աճել է 5,5 տոկոսով։

 Աղյուսակ 1. Առևտրի շրջանառությունը 2017 թվականին և համեմատությունը 2016 թվականի նույն ժամանակաշրջանի հետ

Այսպես օրինակ. բերված է Աղյուսակ 2.-ը, որտեղ ներկայացված են 2015-2017 թվականների մանրածախ առևտրի շրջանառությունը, առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրերի վերաբերյալ տվյալները:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն (այուհետ՝ ՀՀ ԱՎԾ)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մանրածախ առևտրի շրջանառությունը 2017 թվականին կազմել է 1 335 742.8 մլն ՀՀ դրամ, որի 79.7 տոկոսը բաժին է ընկնում­ խանութներին (2016 թվականին՝ 77.5, 2015 թվականին՝ 71.8)։ Ընդ որում, խանութների հաշվարկում ընդգրկված են նաև խոշոր սուպերմարկետները:

Աղյուսակ 2.-ի համաձայն՝ 2017 թվականին ՀՀ-ում մանրածախ առևտրի 2.1 տոկոսը կատարվել է կրպակների (2016 թվականին՝ 2.2, 2015 թվականին՝ 2.2), 5.2 տոկոսը՝ սպառողական ապրանքների շուկաների (2016 թվականին՝ 6.5, 2015 թվականին՝ 6.3), 1.5 տոկոսը՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների (2016 թվականին՝ 1.5, 2015 թվականին՝ 1.5), իսկ մնացած 11.5 տոկոս` առևտրի այլ օբյեկտների միջոցով (2016 թվականին՝ 12.3, 2015 թվականին՝ 18.2):

Սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաները հանդիսանում են առևտրի իրականացման վայրի տեսակներ: Վերջին տարիներին նկատվում է այս շուկաների թվի կրճատում, ինչը հիմնականում պայմանավորված է խոշոր առևտրի կենտրոնների՝ մոլերի բացմամբ:

Աղյուսակ 2. 2015-2017 թվականներին մանրածախ առևտրի ապրանքաշրջանառութ յունն ըստ առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրի տեսակների (մլն ՀՀ դրամ)

Գծապատկեր 1. 2017 թվականին առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրերի մասնաբաժինը մանրածախ առևտրում (%)

 

2017 թվականի ընթացքում մանրածախ առևտրաշրջանառությունը 9.3 տոկոսի աճ է գրանցել 2015 թվականի համեմատ (ընթացիկ գներով), սակայն, միևնյուն ժամանակ, առևտրային օբյեկտների թվաքանակը կրճատվել է շուրջ 1.7 տոկոսով, հատկապես՝ նվազել է փոքր և միջին խանութների և կրպակների թվաքանակը:

Աղյուսակ 3.-ի համաձայն՝ 2017 թվականին խանութների միջոցով իրականացվող մանրածախ առևտուրը աճել է 8 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներինը՝ 6.1 տոկոսվ, առևտրի այլ օբյեկտներինը՝ 2.1 տոկոսով: Տնտեսական և սոցիալական տեսանկունից բացասական է դիտվում սպառողական ապրանքների շուկաների և կրպակների, համապատասխանաբար՝ 16.8 և 1.2 տոկոս գրանցած անկումը: Այսինքն՝ 2017 թվականին մանրածախ առևտրի 5.5 տոկոսի աճը հիմնականում ապահովվել է խանութների միջոցով, այդ թվում՝ սուպերմարկետների:

Աղյուսակ 3. Մանրածախ առևտրի դինամիկա 2016-2017 թվականներին

  

2017 թվականին առևտրաշրջանառությունը կազմել է 1 064.2 մլրդ. ՀՀ դրամ, որի 32.4 տոկոսը (344.8 մլրդ. ՀՀ դրամ) բաժին է ընկել գերփոքր (մինչև 9 աշխատող ունեցող) խանութներին,­ 27.3 տոկոսը (290.7 մլրդ. ՀՀ դրամ)` փոքր (10-49 աշխատող ունեցող), իսկ 40.3 տոկոսը (428.6 մլրդ դրամ)` միջին (50-249 աշխատող ունեցող) խանութներին։ 2017 թվականին խանութների աշխատողների միջին թվաքանակը աճել է 1.8 տոկոսով՝ կազմելով 38 027 աշխատող, որի 51.8 տոկոսը (19 698 աշխատող) բաժին է ընկել գերփոքր (մինչև 9 աշխատող ունեցող) խանութներին, 23.7 տոկոսը (8 995 աշխատող)` փոքր (10-49 աշխատող ունեցող), իսկ 24.5 տոկոսը (9 334 աշխատող)` միջին­ (50-249 աշխատող ունեցող) խանութներին։ Հատկանշական է, որ գերփոքր խանութներին բաժին է ընկնում առևտրաշրջանառության 32.4 տոկոսը, իսկ աշխատողների միջին թվաքանակի՝ 51.8 տոկոսը, ինչը ևս մեկ անգամ փաստում է սոցիալական նշանակության մասին: Այս համատեքստում մտահոգիչ է 2017 թվականին գերփոքր խանութների աշխատողների միջին թվաքանակի 748-ով կամ 3.7 տոկոսով նվազումը: Նմանատիպ իրավիճակ է նաև առևտրային այլ օբյեկտների, սպառողական ապրանքների շուկաների և կրպակների դեպքում (Տե՛ս Աղյուսակ 4):

Աղյուսակ 4. Մանրածախ առևտրի օբյեկտների շրջանառությունը ըստ աշխատողնե­րի թվաքանակով որոշվող չափերի, 2015-2017 թվականներին

Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ մեկ շնչի հաշվով մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը Երևան քաղաքի համար էականորեն գերազանցում է մարզերի համանման ցուցանիշը: Այսպես, Երևանում ապրում է  հանրապետության բնակչության 36.1 տոկոսը, սակայն Երևանին է բաժին ընկնում մանրածախ շրջանառության ընդհանուր ծավալի 74.5 տոկոսը: Միջին հաշվով մեկ բնակչին բաժին ընկնող մանրածախ առևտրի շրջանառությունը կազմում է 448 311.1 ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող առևտրի շրջանառությունը հանրապետության միջինի նկատմամբ երկու անգամից  ավելի է (Տե՛ս Աղյուսակ­ 5):

Աղյուսակ 5. Մանրածախ առևտրի համեմատական ակտիվությունը ըստ ք. Երևանի և ՀՀ մարզերի, 2017 թ. հունվար-դեկտեմբեր 

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանրածախ առևտրի ոլորտում հիմնական գործում են 4 խոշոր սուպերմարկետների ցանցեր (Երևան Սիթի, ՍԱՍ, Նոր Զովք և Կր­պակ), որոնց տեսակարար կշիռը, ընդհանուրի մեջ կազմում է շուրջ 23.8 տոկոս: 2017 թվականին այս սուպերմարկետների ցանցերը կտրուկ՝ 3.1 տոկոսով, ավելացրել են իրենց մասնաբաժինը մանրածախ առևտրում՝ շուկայից աստիճանաբար դուրս մղելով փոքր և միջին բազմաթիվ խանութներին և կրպակներին (Տե՛ս Գծապատկեր 2, Աղյուսակներ 2 և 4): Նրանց շրջանառության ծավալների աճի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նրանց կողմից ավելի շատ հարկեր են վճարվել, քան ամբողջ 2016 թվականի ընթացքում­ (Տե՛ս  Աղյուսակ­ 6):

Գծապատկեր 2. Խոշոր առևտրային ցանցերի մասնաբաժինը մանրածախ առևտրում

 

Աղյուսակ 6. 2015-2017 թվականների ընթացքում խոշոր սուպերմարկետների ցանցերի կողմից վճարված հարկերը (հազ. ՀՀ դրամ)

 «Երևան Սիթի» առևտրային ցանցը ներառում է 23 սուպերմարկետ-խանութ (այդ թվում՝ 2 հատ «Կայզեր»), «Կրպակը» ը՝ 15, «Նոր Զովք»-ը՝ 22, իսկ «Սաս»-ը՝ 9 (այդ թվում՝ 1 հատ Ֆուդ Կորտ): Այս սուպերմարկետների ցանցերը պարբերաբար ընդլայնում են իրենց գործունեությունը՝ ընդգրկելով փոքր և միջին խանութներ և մուտք գործելով նաև սնունդի արտադրության և ծառայությունների ոլորտներ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն՝ առևտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որում ներառված առևտրային օբյեկտներում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ. ՀՀ դրամը: Այս իմաստով, Երևան Սիթի, ՍԱՍ, Նոր Զովք և Կրպակ առևտրային ցանցերը հանդիսանում են գերիշխող դիրք ունեցող: Հետևաբար, նրանց գործունեությունը կարող է գտնվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մշտադիտարկման տակ:

Սուպերմարկետների մուտքը էական փոփոխություններ է առաջացրել բնակչության գնումների մշակույթում և սպառման վարքագծում: Սա, մի կողմից, կարող է դրական ազդեցություն ունենալ սպառողների շահերի տեսանկյունից՝ ապրանքների որակ, թարմություն, պահպանման պայմաններ, գնումներ կատարելու համար առավել հաճելի միջավայր և այլն, սակայն երկարաժամկետ կտրվածով՝ կարող է ազդել սպառողական ապրանքների գների աճի վրա, քանի որ մանրածախ շուկայի համակենտրոնացում («մենաշնորհացում») կարող է գրանցվել: Հատկանշական է, որ սուպերմարկետներն առավել մեծ տեսակարար կշիռ ունեն Երևանում ալկոհոլային խմիչքների շուկայում, իսկ հացը և ծխախոտը հիմնականում վաճառվում են փոքր խանութներում:

Վերջին շրջանում արագ տեմպերով աճում է էլեկտրոնային մանրածախ առևտուրը: Էլեկտրոնային առևտրի հարթակները (Ebay, Amazon, Alibaba և այլն) լուրջ մրցակցային պայքարի մեջ են մտել առևտրային ցանցերի հետ, և ապագայում ավելի կսաստկանա այդ մրցակցությունը, հատկապես՝ սպառողական ապրանքների շուկայում: Ցավոք, Հայաստանում համապարփակ վիճակագրություն չի վարվում էլեկտրոնային մանրածախ առևտրի մասով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող «Հայաստանի   ֆինանսական  համակարգը,  զարգացումը,  վերահսկողությունը, կարգավորումը»  պարբերականում ներկայացվող տեղեկատվությունն  ամբողջական  չէ: 

Ներկայումս գործում են հայկական մի շարք էլեկտրոնային հարթակներ: Այնուամենայնիվ, հայ սպառողների շրջանում էլեկտրոնային առևտուրը դեռևս լայն տարածում չունի:

Այսպիսով, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առյուծի բաժինն այս ոլորտում սուպերմարկետներին է բաժին ընկնում: Իհարկե, զարգացած երկրներում ևս մանրածախ առևտուրը կենտրոնանում է սուպերմարկետներում, սակայն նույն այդ սուպերմարկետները, իրենց մրցակցային առավելություններով հանդերձ, անդառնալի վնասներ չեն հասցնում փոքր և միջին ձեռնարկատիրությանը, մասնավորապես՝ փոքր և միջին խանութներին, որոնք լուծում են աշխատատեղերի ապահովման և եկամուտների վերաբաշխման կարևորագույն խնդիր՝ յուրաքանչյուր երկրում: