կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-25 10:47
Տնտեսական

Հայաստանը ԵԱՏՄ-ում երկրորդն է մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով

Հայաստանը ԵԱՏՄ-ում երկրորդն է մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով

Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 2 մլրդ 409,4 ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 16,6%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 468 մլրդ 306,4 մլն ԱՄՆ դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,1%-ով։

Ընդ որում, 2020-ի հունվար-նոյեմբերին Բելառուսում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) 19 մլրդ 562,2 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 2,0%-ով։ 

Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում մանրածախ առևտրի շրջանառության ծավալը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այն 2020-ի առաջին տասնմեկ ամիսներին կազմել է 24 մլրդ 504,1 մլն ԱՄՆ դոլար և նվազել 5,0%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 3 մլրդ 609,6 մլն ԱՄՆ դոլար և 17,4% նվազում, իսկ Ռուսաստանում՝ 418 մլրդ 221,1 մլն ԱՄՆ դոլար և 4,1% նվազում։