կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 16:06
Տնտեսական

Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում. մաս 2

Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում. մաս 2

ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Վերջին տարիների ընթացքում խոշոր առևտրային ցանցերը, իրացնելով փոքր և միջին առևտրի օբյեկտների նկատմամբ ունեցած իրենց մրցակցային առավելությունները, (առաջարկվող ապրանքների և ծառայությունների լայն տեսականի, ապրանքների ներկայացման մատչելիություն, սպասարկման բարձր որակ, գնային ճկուն քաղաքականություն, առևտրի իրականացման հարմարավետություն, շուրջօրյա աշխատանքային ռեժիմ և այլն) ընդլայնվել են՝ բացելով նորանոր մասնաճյուղեր և ընդգրկելով այլ ոլորտներ: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ուսումնասիրությունների, գործարարների և սպառողների բարձրացրած հարցերի արդյունքում առանձնացվել են մանրածախ առևտրի ոլորտին վերաբերող մի շարք խոչընդոտներ. դրանք են՝

- Ներկայումս հանրապետության ներքին առևտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտները իրենց գործունեության օբյեկտները և վայրերը հանրապետության բնակավայրերում և Երևանի վարչական շրջաններում տեղակայում (վերակառուցում) են սեփական հայեցողությամբ, ինչի արդյունքում հանրապետության բնակավայրերում, մասնավորապես` Երևանում, առկա են դրանց (այդ թվում` խոշոր առևտրի օբյեկտների և խոշոր առևտրի իրականացման վայրերի) սահմանափակ տարածքներում կուտակումներ: Չնայած բազմաթիվ քաղաքական և մասնագիտական քննարկումներին՝ առ այսօր սահմանված չեն առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրերի տեսակները, ինչի օգնությամբ կկարգավորվեին դրանց տեղակայման (վերակառուցման) գործառույթները: Առ այսօր գոյություն չունի առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրերի ռեեստրի վարման միասնական կարգ: Արդյունքում` բնակչությանը՝ առևտրական տարածքներով ապահովման գործընթացը իրականացվում է տարերայնորեն. դժվար իրավիճակի մեջ են հայտնվում և՛ բնակիչները, և՛ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները:

- Մի շարք սպառողական նշանակության ապրանքների խոշոր ներմուծողները (արտադրողները) ունեն նաև իրենց առևտրային ցանցերը, ինչի արդյունքում նրանք լրացուցիչ առավելություն են ստանում փոքր և միջին խանութների և մատակարարների նկատմամբ: Որոշ դեպքերում ներմուծող ընկերությունների կողմից առևտրի օբյեկտներին (խանութներին) առաջարկվող մեծածախ գների և ներմուծող ընկերություններին պատկանող առևտրային ցանցերի կողմից սպառողներին իրացվող ապրանքների մանրածախ գների (մեծածախ և մանրածախ գների մարժա) տարբերությունը բավականին փոքր է (մոտ 5-10 տոկոս) և կարող է հանգեցնել առևտրային ցանցերի հետ մրցակցող ավելի փոքր խանութների և կրպակների՝ շուկայից դուրս մղմանը: Արդյունքում՝ մանր և միջին ընկերությունները չկարողանալով գնային առումով մրցակցել առևտրային ցանցերի հետ փակվում են՝ հանգեցնելով մանրածախ առևտրի ոլորտում համակենտրոնացվածության («մենաշնորհացման») մակարդակի բարձրացմանը: Մասնավորապես՝ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը հանդիսանում է շաքարավազի, ալուրի, կարագի, ձեթի, հավի մսի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծող (արտադրող), ինչը, այլ հավասար պայմաններում, օբյեկտիվորեն ապահովում է մրցակցային առավելություն մյուսների նկատմամբ: Նմանատիպ իրավիճակ է նաև բենզինի և դիզելային վառելիքի շուկայում, երբ ներմուծողներին է պատկանում բենզալցակայանների ցանցի մեծ մասը: Բացի այդ, այս իրավիճակը հնարավորություն է տալիս ներմուծողներին, որ կարողանան օրինականացնել («մաքրել») իրենց ստվերային մեծածախ վաճառքը՝ մանրածախ՝ հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրացում ցույց տալու միջոցով։

- Հայաստանի խոշոր սուպերմարկետներում մսի, մրգի և բանջարեղենի իրացումը հիմնականում կազմակերպվում է իրենց տարածքում գրանցված անհատ ձեռնարկատերի և/կամ փոքր ընկերությունների միջոցով,­ ինչը­ թույլ է տալիս նրանց ապահովել մրցունակ գներ նաև այդ ապրանքների դեպքում: Այսինքն՝ մսի, մրգի և բանջարեղենի դեպքում 20 տոկոս ավելացված արժեքի հարկ չեն վճարում, ինչի արդյունքում կբարձրանար գինը: Անշուշտ, այս ամենը կարելի է կազմակերպել գործող օրենսդրության շրջանակում, եթե սուպերմարկետը (կոնկրետ հասցեով) ունի առևտրի վայրի կազմակերպչի (շուկայի) լիցենզիա (ծանուցումով), որի տարեկան տուրքը 1 մլն ՀՀ դրամ է (Երևանում), ինչպես նաև գյուղատնտեսական մթերքներ վաճառողները չհանդիսանան սուպերմարկետների հետ փոխկապակցված անձինք, ինչը քիչ հավանական է:

- Որպես կանոն խոշոր առևտրային ցանցերի և նրանց մատակարարների միջև գոյություն ունեցող բանակցային դիրքերի անհավասարակշռության արդյունքում առաջացած չարաշահումներն հիմնականում կրում են ֆինանսական բնույթ և փոքրածավալ մատակարարների համար ստեղծում է անորոշություն: Մասնավորապես՝

  1. Ցուցակագրման վճարը, երբ առևտրային ցանցի մատակարարների ցուցակում ընդգրկված լինելու համար մատակարարը գումար է վճարում,
  2. Մատակարարին ցուցակից դուրս թողնելը, երբ մատակարարները մերժում են իջեցնել գները, այլ վճարումներ կատարել և այլ զիջումների գնալ,
  3. Դարակներում տեղ տալու համար հավելալ վճարի սահմանումը, ինչպես նաև զեղչեր պահանջելը,
  4. Մատակարարին չիրացված ապրանքների վերադարձը,
  5. Վճարումների ուշացումը, ինչը փաստացի անտոկոս վարկ է,
  6. Նախապես համաձայնեցված ժամկետների փոփոխությունը,
  7. Այլ մանրածախ վաճառողների համար ապրանքների հասանելիության կամ ծախսերի ավելացման վրա ազդելը,
  8. Փոքր և միջին մատակարարների ապրանքները վաճառելու դիմաց պարտադրվում է հումքի գնում ցանցի սուպերմարկետներից և համապատասխան կտրոնների ներկայացում և այլն:

Արդյունքում՝ վերը նշված գործողությունների հետևանքով՝ մատակարարների մեծ մասի մոտ ֆինանսական առողջացման խնդիրներ են առաջանում, երկարաժամետ հատվածում գրանցվում են բարձր գներ, քանի որ մատակարարների թիվը կրճատվում է կամ առևտրային ցանցը՝ ինքն է սկսում այդ ապրանքի ներկրմամբ կամ արտադրությամբ զբաղվել:

- Ընդհանրապես սուպերմարկետներում ապրանքների գներն ավելի ցածր են, քան սովորական խանութներում: Անշուշտ, սպառողների մոտ նկատվում է ցածր գներից օգտվելու հակվածություն: 2011 թ. Դանիայի սննդամթերքի շուկայի վերլուծությունը ցույց է տվել, որ հատուկ առաջարկ-ակցիաների` սպառողների համար դրական լինելը միանշանակ չէ: Պատճառներից մեկն այն է, որ կանոնավոր գները միանշանակ բարձր են սահմանվում վաճառքի խթանումը ֆինանսավորելու և գների իջեցումն ավելի տպավորիչ ցույց տալու համար: Վաճառքի խթանման արդյունքում սահմանված գինը կարող է դառնալ մշտական գին, որը կարող է մոլորության մեջ գցել սպառողներին: Մեր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սուպերմարկետների կողմից ընդունված որոշակի մարքետինգային քայլեր, որոնք տպավորություն են ստեղծում, թե իբր սպառողները գումար են խնա յում: Դրանք են՝

  1. Կարմիր, դեղին և սպիտակ գույների համակցումը ասոցացվում է ավելի շահավետ գնման կողմնորոշման հետ կամ որպես ավելի հարմար արժեք ունեցող քան մյուս գույները,
  2. Ներկայիս գինն առանց նախկին գնի նշված լինելը,
  3. Ապրանքները, որոնց դեպքում օգտագործվում է հին և նոր գին մոտեցումը, կարող են մնալ ակցիայի տակ երկար ժամանակ (օրինակ՝ մեկ տարուց ավելի),
  4. Ապրանքներ, որոնք բարձր գնի տակ չեն հայտնաբերվել, այսինքն՝ իրականում չեն զեղչվել,
  5. Գները, մինչև ակցիայի սկիզբը, կարճատև աճ են արձանագրում, այնուհետև վերադառնում են նախորդ մակարդակին և գովազդվում են որպես հին/նոր գին,
  6. Ապրանքները, որոնք գովազդվում են որպես հատուկ առաջարկ, իրականում չեն էժանանում, նույնիսկ ավելի թանկ են վաճառվում,
  7. Խոշոր տուփն ավելի թանկ է քան փոքրը,
  8. Խառը ապրանքների հանրագումարը միշտ ավելի թանկ է, քան յուրաքանչուրի արժեքը առանձին հաշված և այլն։

- Խոշոր առևտրային ցանցերի գործունեության դիտարկման արդյունքում նկատելի են նաև փաստացի և գրանցված աշխատակիցների անհամապատասխանության, ինչպես նաև անչափահաս անձանց աշխատանքի ներգրավման պայմանները չապահովելու ռիսկեր, հատկապես՝ նախատոնական օրերին: Իհարկե, այս իրավիճակը լրացուցիչ մրցակցային առավելություն կարող է տալ փոքր և միջին խանութների նկատմամբ: 

- «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի համաձայն՝ Առևտրի իրականացման վայրի (շուկայի) կազմակերպիչը պարտավոր է ապահովել, բացառությամբ առևտրի կենտրոնների, ծանուցման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի միջև վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) տրամադրման համար գանձվող ամսական վճարի չափը չի կարող գերազանցել տվյալ վաճառողի տվյալ ամսվա իրացման շրջանառության 1,5 տոկոսը: Այսինքն՝ վաճառատեղի վարձակալության վճարի մեծությունը կապվում է տնտեսվարողի շրջանառության հետ: Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի շրջանառության վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է առևտրային գաղտնիք: Մեր օրենսդրությամբ առևտրի վայրի կազմակերպչին հարկային վարչարարություն ապահովող վերահսկողական լծակներ տրամադրված չեն, և դա բնական է, քանի որ առևտրի վայրի կազմակերպիչը և առևտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի միջև քաղաքացիաիրավական հարաբերություններ են, որի առարկան վաճառատեղի վարձակալումն է՝ ազատ կամարտահայտությամբ կնքվող պայմանագրային հիմքով: 1.5 տոկոսի սահմանումը որևէ սոցիալական կամ տնտեսական էֆեկտ չի կարող ունենալ առևտրա­ կան գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի վրա, քանի որ սույն կետի պատճառով առևտրի իրականացման վայրի կազմակերպչի լիցենզիայի (ծանուցումով) գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել, արդյունքում՝ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ կհայտնվեն փողոցում: Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայաստանում չկա գեթ մեկ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ, որը ապահովել է Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ սույն կետի կիրարկումը գործնականում անհնար է և կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Բացի այդ. անհասկանալի և բավարար հիմնավորված չէ առևտրի կենտրոնների (մոլերի) նկատմամբ 1.5 տոկոսի չհաշվարկման բացառությունը, այն դեպքում, երբ սպառողական շուկաների և առևտրային կենտրոնների գործունեությունը՝ նույն առևտրի կազմակերպումն է: Նրանց միջև հստակ տարբերակում Օրենքով նախատեսված էլ չէ: Օրենքի այս դրույթի հետևանքով՝ առևտրային կենտրոնները մրցակցային առավելություն են ձեռք բերում սպառողական շուկաների նկատմամբ և այլն:

Շարունակելի

Մաս 1