կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-01 11:44
Հասարակություն

Իմ պատկերացրած պետությունն այլ տիպի պետություն է. Ռազմիկ Դավոյան

Իմ պատկերացրած պետությունն այլ տիպի պետություն է. Ռազմիկ Դավոյան

«Իմ տեսած փորձն ինձ հուշում է, որ դա հեռանկար չունի: Հայագիտական առարկաների ուսուցման հարցը ֆակուլտատիվ դարձնելը սխալ է, չեմ կարծում, թե դա կարող է լավ արդյունք ունենալ»,-Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայագիտական առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելուն, ասաց գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը:

Գրողի մոտեցմամբ՝ այդ որոշմամաբ ավելի է խորացվելու առանց այն էլ արդեն խորը արմատներ ձգած կրթական անտարբերությունը։

«Առանց այդ էլ մի առանձնահատուկ վերաբերմունք չկա ուսման նկատմամբ, տեխնիկական ֆակուլտետներն իրենց մասնագիտական առարկաները մի կերպ դասավանդելու և ուսանողներին շահագրգռելու գործ են անելու, ոչ ավելին»:

Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք այդ որոշումը («Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծ) չի արտահայտում նաև պետության վերաբերմունքը, Դավոյանը պատասխանեց.

«Հարցի մեջ պատասխանը կա: Ես պետության հետ գործ չունեմ, որովհետև իմ պատկերացրած պետությունն այլ տիպի պետություն է»:

Ըստ հրապարակախոսի՝ ամբողջ հարցն այն է, որ ազդեցություն չունեցող հայտարարություններն արդեն հոգնեցնում են, պետք է գործնական քայլերի գնալ, որը չի արվում, իսկ դրա հավեսը, ինչպես երևում է, ո՛չ պետությունն ունի, ո՛չ մյուսները:

Դավոյանի կարծիքով՝ ստեղծվել է համատարած թնջուկ, որից դուրս գալու միակ միջոցը համախմբվելն է։

«Այս թնջուկից դուրս գալու համար պետք է ունենալ իրական պետություն, ոչ թե հույսը դնել այս կամ այն իշխանության բարյացակամության վրա: Հիմա մնում է, որ քաղաքական ուժերն ու մշակույթի հանդեպ հետաքրքրությունները չկորցրած խմբավորումները համախմբվեն ու գործը գլուխ բերեն: Մշակույթի գործիչների կարծիքները կառավարությաան կողմից հաշվի չի առնվում, դրա համար նոր համախմբում է պետք: Պետք է աշխատենք պետության համար, ոչ թե իշխանություն ձեռք բերելու»,-բացատրում է Դավոյանը:

Լուծման դավոյանական բանալին քաղաքական բոլոր ուժերի համախմբումն ու մեկ գաղափարի շուրջ հաշտեցումն է.

«Ես բազմիցս առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն ու, մի կողմ թողնելով քաղաքական ամբիցիաները, ստեղծեն այն հասարակական դաշինքը, որ Էպիկուրի բնորոշմամաբ պարտադրում է ամուր պետություն ստեղծելու գաղափարը: Նրանք պետք է ստեղծեն այնպիսի իշխանություն, որը պարտավորված կլինի պետության ստանձնած պարտավորությունները կատարելու»,-եզրափակեց գրողը:

Գևորգ Գյուլումյան