կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-14 12:07
Հասարակություն

Հռոմի պապի ելույթը միասնականության կոչ էր. Ռազմիկ Դավոյան

Հռոմի պապի ելույթը միասնականության կոչ էր. Ռազմիկ Դավոյան

Մարդասիրական կոչերից դուրս էր Հռոմի պապի խոսքը, այն նաև քաղաքական ենթատեքստ ուներ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ  կարծիք հայտնեց գրող Ռազմիկ Դավոյանը` անդրադառնալով Հռոմի պապի` «ցեղասպանություն» բառն արտասանելուն և ելույթին: Ըստ նրա` Պապի ելույթը կարևոր ուղերձ ուներ` հայերի պահանջն արդար է:

 

«Պապն իր ելույթով ընդգծում էր, որ Ցեղասպանություն տեղի է ունեցել և այն դատապարտել է պետք: Նա միասնականության կոչ էր անում ոչ միայն աշխարհի ժողովուրդներին, այլ նաև մեզ` հայերիս: Կարծում եմ, որ մենք, համախմբվելով, ավելի շատ բան ձեռք կբերենք, քան Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմամբ»,- ասաց Դավոյանը:

 

Կարևորելով Հռոմի պապի ելույթը` նա նշեց, որ բոլորս էլ լավ գիտենք, թե Պապի յուրաքանչյուր խոսքն ինչ ազդեցություն ունի ոչ միայն կաթոլիկների, այլ նաև աշխարհի քրիստոնյաների և ոչ քրիստոնյաների համար:

 

Գրականագետ Վարդան Դևրիկյանի կարծիքով էլ` կարևոր էր, որ քաղաքական հարցադրումները հոգևոր հողի վրա եղան: «Նախ պետք է ասել, որ ամեն ինչ անթերի էր կազմակերպված, և կարծես հայության խճանկարն էր հավաքված Սուրբ Պետրոսի տաճարում: Պապի ելույթը մեզ ընձեռված հնարավորություն էր, որից մենք կարող ենք օգտվել` Եվրոպայում մեր ներկայությունը ցույց տալու առումով: Մենք գիտենք, որ Պապի յուրաքանչյուր խոսքը դոգմա է դառնում, ֆիքսվում է, ուստի նրա ելույթը շատ կարևոր էր մեզ համար»,- ասաց նա:

 

Ըստ Դևրիկյանի` Վատիկանի կողմից Ցեղասպանությանը մի շարք անդրադարձներ են եղել, բայց ոչ այս կոնտեքստում, քանի որ մինչ այդ ուղղակի նշում էին, թե քրիստոնյաների նահատակություն է տեղի ունեցել, ոչ թե` ցեղասպանություն: