Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր Սահմանադրությունն անհրաժեշտություն էր, և նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, իրականում չեն ցավում երկրի և ժողովրդի համար. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին:
Ըստ նրա` Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտություն էր, քանի որ նախկին ընտրությունների նեխահոտից ժողովուրդը զզվել էր:
«Դա իսկապես ընտրությունների նեխած համակարգ էր, որտեղից, այսինքն` ճահճի միջից գոռգոռոցներ են լսվում, թե ով է լինելու ճահճի տերը: Փոփոխությունն անհրաժեշտ էր, որպեսզի, իսկապես, ավելի բաց հասարակություն ունենանք, ընդդիմությունը բաց գործունեություն ծավալի և մտածի ոչ թե իշխանությանն ամբողջությամբ տիրապետելու, այլ երկրի կառավարմանը մասնակցելու, մասնավորապես` ժողովրդի բարեկեցության խնդիրների լուծմանը մասնակցելու մասին»,- ասաց Դավոյանը:
Ըստ նրա` հաջորդ քայլը պետք է օրենքի տառին հետևելը լինի, քանի որ դա պարտադիր է բոլոր ժամանակներում: «Անձերը կարևոր դերակատարներ են, իսկ անձերից կազմված հավաքականներն արդեն պետք է ընդհանրություն ունենան երկրի և ժողովրդի կարևորագույն հարցերի շուրջ: Մեր անելիքը ես չէ, որ պետք է որոշեմ, քանի որ մեր բախտը տվել ենք քաղաքական ուժերին, ուրեմն` թող իրենք որոշեն` ինչ պետք է լինի, և այդ ժամանակ մենք կասենք` լա՞վ արեցին, թե՞ վատ»,- ասաց Դավոյանը:
Հետագա անելիքների հետ կապված` Սահմանադրությունը ծրագրած մարդը` ՀՀ նախագահը, ըստ նրա, շատ հստակ գաղափարներ ունի և դրանք չի էլ թաքցնում: Դավոյանը նշեց, որ անկայունություն հրահրողները փորձում են պղտոր ջրերում ձուկ որսալ, բայց մենք չենք թողնի, որ ջուրն այդքան պղտորվի:
Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքներից դժգոհներին, ապա, Դավոյանի կարծիքով, նորմալ է, որ կան նաև բողոքողներ: «Իհարկե, միշտ էլ պետք է դժգոհներ լինեն, բայց նրանց դժգոհության աղբյուրները տարբեր են շատ: Ինձ նրանց դժգոհությունը չի անհանգստացնում, ինձ անհանգստացնում են այն տեսակները, որոնք այդ դժգոհությունը փորձում են ուղղորդել դեպի իրենց վարկանիշի բարձրացումը: Անհանգստացնում են այն իմաստով, որ ուզում են անկայություն հրահրել մեր իրականության մեջ, իսկ դա այնքանով է վտանգավոր, որ դրսի ուժերը կփորձեն օգտագործել դա` մեր արտաքին հարաբերությունների հետ կապված, և միջազգային ասպարեզում մեր հեղինակությունը խարխլելու համար քայլեր կանեն: Այդ բոլորը վտանգավոր է, իհարկե, քանի որ մեր միասնությունն է խարխլվելու արդյունքում»,- ասաց նա:
Դավոյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ միայն Սահմանադրությունով չէ, որ բնորոշվելու է Հայաստանի լավ կամ վատ լինելը: Ըստ նրա` մարդկային խիղճը, կամեցողությունը, երկրի ու ժողովրդի հանդեպ նվիրվածությունն է, որ Հայաստանը դարձնելու է մեր ժողովրդի իսկական սիրելի տեղը:
«Ես շատ երկրներում եմ շրջել և հավաստիացնում եմ, որ Հայաստանը բոլորովին տարբեր երկիր է, և եթե տասը կայուն երկրների շարքում Հայաստանը նույնպես ներգրավված է, պետք է խիղճ ունենալ և ասել, որ այդ գոռգոռացողները չէ, որ այդ վարկանիշը տվեցին Հայաստանին, այլ նրանք, ովքեր ղեկավարում էին երկիրը, և չեն վախենում վայրահաչություններից: Ակնկալում եմ, որ նոր Սահմանադրությունը տալիս է նախադրյալներ` ավելի լավ ապրելու համար»,- ասաց Դավոյանը: