կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-10 12:10
Հասարակություն

Ես հավատում և վստահում եմ Սերժ Սարգսյանին. Ռազմիկ Դավոյան

Ես հավատում և վստահում եմ Սերժ Սարգսյանին. Ռազմիկ Դավոյան

Անուրանալի ձեռքբերումներ ունեցանք Սերժ Սարգսյանի՝ երկիրը ղեկավարելու 10 տարիների ընթացքում. լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ նախկին նախագահի ուշադրությունն այս տարիների ընթացքում սևեռված էր միջազգային հարթակում Հայաստանի ճանաչմանը: Ըստ Դավոյանի՝ Սերժ Սարգսյանին հաջողվեց Հայաստանի վարկը միջազգային ասպարեզում բարձրացնել:

«Մեր կառավարությունը, քաղաքական դաշտը կռիլովյան առակի պես է դարձել՝ ամեն ինչ իրենց կողմն են քաշում: Այս պայմաններում ղեկը պահել դեպի հիմնական նպատակը` դժվարագույն խնդիր է եղել և մնում: Հարկավոր են մեխանիզմներ, և դրանք ստեղծելու ջատագով է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը, կառավարությունը կազմակերպելու աշխատանքներին սևեռվելով, միաժամանակ ունենալով ՀՀ նորընտիր նախագահի և ԱԺ-ի ընկերակցությունը, կարող է վերջապես այդ կառավարությունը կարգի բերել այնպես, որ մեր խնդիրները հասնեն իրենց լուծմանը՝ տնտեսական վատ վիճակը, արտագաղթը... Ես հավատում և վստահում եմ Սերժ Սարգսյանին»,- ասաց Դավոյանը:

Ինչ վերաբերում է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, ապա, բանաստեղծի կարծիքով, նրա հետ կապված հույսերը՝ ներդրումներ, համագործակցություններ, կարդարանան, եթե կառավարությունը լիարժեք վստահություն ապահովի նախագահի հանդեպ եղած վերաբերմունքին: «Բոլոր ասպարեզները միանգամից կարգի բերելն անհնար է, բայց կառավարության, ԱԺ-ի և նախագահի միասնական նպատակասլացությունը եթե լինի ուղղված ազգային խնդիրներին, բոլոր խնդիրները կլուծվեն: Ես հույս ունեմ, որ լավ է լինելու»,- ասաց Դավոյանը:

Հարցին, թե ի՞նչ հույսով է ասում, որ լավ է լինելու, եթե ստացվում է այնպես, որ ղեկավարությունն այդպես էլ չի փոխվում, և երկրում արտագաղթի ու աղքատության ցուցանիշները սկսել են ավելանալ, Դավոյանը պատասխանեց, որ այդ ամենը՝ արտագաղթ, թալան, աղքատություն, սկսվել են դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք: «Իսկ Սերժ Սարգսյանն այս 10 տարիների ընթացքում հիմքեր գցելով է եղել, որ վերացնի բոլոր խնդիրները: Սերժ Սարգսյանը դրսում Հայաստանի հեղինակությունը բարձրացնելուց հետո այժմ էլ ներսում է կերտելու երկիրը»,- ասաց նա: