Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականն անսպասելի սկիզբ ունեցավ նրանց համար, ովքեր հետևում են ռուսաստանյան իրադարձություններին. 1993-ին Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ՌԴ քաղաքական համակարգում իրականացվելիք փոփոխությունների մասին: Դրանք ենթադրում են խորհրդարանին ավելի մեծ լիազորությունների տրամադրում, այդ թվում՝ երկրի վարչապետ նշանակելը: Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը հասունացել է այդ համակարգի համար. ըստ yerkir.am-ի՝ գրում է ԱՄՆ-ում լույս տեսնող արաբալեզու Al-Hurra հեռուստաալիքը:
Սահմանադրական բարեփոխումները նախատեսում են նաև Պետական խորհրդի դերակատարության մեծացում և նահանգապետերի լիազորությունների ընդլայնում՝ երկրի նախագահի բացարձակ իշխանության կրճատման պայմաններում: Միաժամանակ նշվում է, որ նախագահն իրավունք չունի երկու ժամկետից ավելի մնալու այդ պաշտոնում, այլ ոչ թե «երկու հաջորդական ժամկետներում», ինչպես գրված է գործող Սահմանադրության մեջ: Հիշեցնենք, որ այդ դրույթը հնարավորություն տվեց Պուտինին ձևականորեն հեռանալու նախագահի պաշտոնից, զբաղեցնելու վարչապետի պաշտոնը՝ 4 տարով, իսկ հետո կրկին ընտրվելու երկրի նախագահ:
«ԶԼՄ-ները սահմանադրական բարեփոխումների մասին տեղեկությունն ընկալեցին որպես պուտինյան խորամանկություն՝ ցմահ իշխանությունը պահելուն ուղղված հնարք, սակայն Պուտինի ներկայիս նախագահական ժամկետը լրանում է 2024-ին, և եթե նա իսկապես այդպիսի նպատակ է հետապնդում, ապա հիմա դեռ շատ վաղ է նման փոփոխություններ անել: Բացի դրանից՝ Մեծ հայրենականի վետերանների հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ Պուտինն ասաց, որ ցմահ նախագահությունը չի համապատասխանում պետության և հասարակության զարգացման պահանջներին՝ մատնանշելով ԽՍՀՄ-ում 80-ականներին տիրող իրավիճակը երբ Բրեժնևը և նրան հաջորդողները ղեկավարում էին երկիրը մինչև մահը:
Պուտինը ոչ միայն հայտարարեց սահմանադրական բարեփոխումներ մասին, այլ նաև վարչապետ նշանակեց Միխայիլ Միշուստինին՝ Դաշնային հարկային ծառայության նախկին ղեկավարին: Նա պրոֆեսիոնալ կառավարիչ է, տեխնոկրատ, կապված չէ որևէ քաղաքական կուսակցության հետ, 2010-ին ստացել է տնտեսության բնագավառի դոկտորի գիտական աստիճան: Զբաղվում է սպորտով, երաժշտությամբ: Նրան ավելի շատ կսազեր Կանադայի կամ Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնը, բայց ոչ՝ Ռուսաստանի»,- նշում է հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի մեկնաբանի կարծիքով՝ եթե Պուտինը լրջորեն ցանկանում է փոխել Ռուսաստանի քաղաքական համակարգը, ապա նրա հաջորդ քայլը պետք է լիներ այն մարդկանցից ազատվելը, որոնք երազում կամ փորձում են զբաղեցնել նրա տեղը և վերջին 2 տասնամյակում բարձր պաշտոններ են զբաղեցրել, և նա արդեն երկրի քաղաքական համակարգի երկրորդ դեմքին՝ Մեդվեդևին, ազատել է վարչապետի պաշտոնից ու նշանակել Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ: Բացի դրանից՝ աշխատանքից ազատել է գլխավոր դատախազին և այդ պաշտոնը վստահել երիտասարդ քննիչի:
«Եվ քանի որ խելամիտ է այդ ամենը հետզհետե իրականացնել, հիմնական նախարարները՝ արտգործնախարարը և պաշտպանության նախարարը, պահպանել են իրենց դիրքերը նոր կառավարությունում: Սակայն մինչև 2024 թվականը Պուտինը դեռ ժամանակ ունի, որ ոչ ոք չկարողանա կրկնել երկար ժամանակով իշխանության մնալու իր փորձը»,- նշում է Al-Hurra-ն ՝ հավելելով, որ թեզն էլ, թե ՌԴ ժողովուրդը պատրաստ է ժողովրդավարության, նշանակում է, որ Պուտինն այլևս որպես առիթ չի կիրառի ռուսական բացառիկության փաստը արևմտյան ժողովրդավարությունից խուսափելու համար:
Իսկ Ռուսաստանի ժողովրդավարացումը նշանակում է աշխարհաքաղաքականության փոփոխություն՝ ոչ պակաս կարևոր, քան ԽՍՀՄ փլուզմամբ խթանվածը: Պատճառները մի քանիսն են: Նախ՝ Ռուսաստանը, ի վերջո, եվրոպական երկիր է, և դժվար է նրան մեկընդմիշտ մեկուսացնել եվրոպական մշակույթից: Ռուսաստանյան տնտեսությունն էլ դժվարություններ ունի. բնակչության մեկ շնչին բաժին ընկնող շահույթն ավելի փոքր է, քան արևմտաեվրոպական երկրներում, ինչը նավթի և գազի գների անկման հետևանք է: Իսկ գների անկումը կշարունակվի՝ պայմանավորված մաքուր և վերականգնվող էներգետիկայի զարգացմամբ: Տնտեսական խնդիրները կխորացնի սպառազինությունների մրցավազքը՝ նման Ռեյգանի ժամանակների «Աստղային պատերազմներին», որոնք Պուտինը լավ հիշում է:
Անձնական մակարդակում, ըստ հեռուստաալիքի, նման որոշում կայացնելուն Պուտինին հնարավոր է մղել է այն, որ որդի չունի: Նրա դուստրերն ամուսնացած են հարուստ մարդկանց հետ, որոնք դուրս են քաղաքական դաշտից: Բացի դրանից՝ տարիներ առաջ բաժանվել է կնոջից, հետևաբար՝ ոչ ոք ընտանիքում չի սպասում ժառանգություն՝ իշխանության, ազդեցության ու հարստության տեսքով:
«Հնարավոր է՝ դեռ վաղ է չափազանց լավատեսական եզրակացություններ անել, սակայն Պուտինի անսպասելի որոշումները երկու հավանական սցենարների մասին են խոսում: Առաջինը՝ Պուտինը հիվանդ է և պատրաստվում է հաջորդ փուլին (այդպիսի տեղեկություններ շրջանառվում են- yerkir.am), սակայն դրան դժվար է հավատալ: Նա մարզիկ է, ընդամենը՝ 67 տարեկան, հիանալի ժառանգականություն ունի՝ նրա հարազատներն ապրել են 88-89 տարի, ինքն էլ որևէ լուրջ հիվանդություն չի ունեցել:
Ըստ երկրորդ վարկածի՝ Պուտինը ցանկանում է պատմության մեջ մտնել որպես աշխարհի ամենամեծ երկիրը (տարածքային առումով) ժողովրդավարական համակարգի վերածած անձ և դառնալ այդ նոր պետության հիմնադիր հայրը: Չնայած այս տեսության ռոմանտիզմին՝ այն շատ հավանական է և կարող է ծառայություն մատուցել Ռուսաստանին, աշխարհին և հենց իրեն՝ Պուտինին»,- նշում է Al-Hurra-ն: