կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-21 13:57
Քաղաքական

Սերժ Սարգսյանը ծանր հիվա՞նդ է ու Ֆրանսիայում վիրահատվե՞լ է

Սերժ Սարգսյանը ծանր հիվա՞նդ է ու Ֆրանսիայում վիրահատվե՞լ է

«Ես չեմ կարող ասել, թե ինչից է վախենում նախագահը, գուցե գիշերները տեսիլքներից է վախենում, գուցե Վազգեն Սարգսյանի տեսիլքն է գալիս, Խորեն Խոռխոռունու, Արծրուն Մարգարյանի, իր մարտական ընկերների, որոնց շնորհիվ ինքը հասավ շատ բաների, բայց նրանք վաղուց արդեն սպանված են, ընդ որում` սպանվեցին այն ժամանակ, երբ ինքը ԿԳԲ-ի պետ էր: Նա շատ ուրիշ բաներից կարող է վախենալ, վախենալ այն տասը մարդկանց տեսիլքներից, որոնք գնդակահարավեցին, որ ինքը դառնա նախագահ: Շատ բաներ ունի վախենալու, քանի որ մարդկային ընդհատված կյանքերով ողողված այնպիսի «հերոսական» ճանապարհ է անցել, որ իր այդ վախերի ցուցակում ես ամենավերջինն են»,- այսօր լրագրողների հետ հանդիիպման ժամանակ հայտարարեց նախագահի` էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը:

 

Որքան էլ տարօրինակ է` նախագահի թեկնածուն անգամ քննարկման առարկա դարձրեց Սերժ Սարգսյանի առողջական վիճակը: «Այն ծանր հիվանդությունների ծաղկաբույլը, որ ինքը հավաքել է իր փոքր օրգանիզմում, ուրեմն` հաստատ ինչ-որ բանից վախենում է: Քարոզարշավից առաջ գնաց Ֆրանսիա, վիրահատվեց, հարցրեք` ի՞նչն էր վիրահատում»,- հայտարարեց Սեդրակյանը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը` մի՞թե դա շահարկման առարկա է, եթե անգամ նման բան կա, էպոսագետը հայտարարեց, որ ցանկացած բան էլ շահարկելու է, եւ որ նրանք առաջինն են բարոյական նորմերը մի կողմ դրել: «Երբ փորձում են մտնել մարդու անձնական կյանք, թող հիշեն, որ իրենք էլ ունեն ինչ-որ կյանք»,- հայտարարեց Վարդան Սեդրակյանը:

 

Նա այսօրվա իր ասուլիսում անդրադարձավ նախագահի եղբորորդու քաջագործություններին, վարչապետին, Քոչարյանին ու Բագրատյանին: «Բագրատյանն ասում է` 4700 շիշ կոնյակ է խմել մեկ տարվա մեջ: Հաշվեք, թե քանի տոննա սպիրտ է դա կազմում: Որ ասում եմ` զոռով, ուժով սրանց բերել են, որ թեկնածու խաղան, չեք հավատում»,- բորբոքված հայտարարեց նախագահի թեկնածուն:

 

Ի դեպ, ի պատասխան մեր հարցի, նա վստահեցրեց, որ խմել ընդհանրապես չի սիրում: