Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դատախազ Վիգեն Միլիտոնյանի վրա շիշ նետելու, նրան հայհոյելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործում նոր մեղադրող է ներգրավվել` ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով ավագ դատախազ Երիցյանը:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացած հերթական դատական նիստում, ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի պաշտպան, փաստաբան Գևորգ Մելքոնյանը հանդես եկավ իր պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ: Փաստաբանը նշեց, որ նախաքննական մարմինը այս գործը քննելու ընթացքում չէր կարող չնկատել իր պաշտպանյալի մարմնի վրա առկա ինքնավնասման բազմաթիվ հետքերը, որոնք Պետրոսյանն արել է կալանավայրում:
Նա հիշեցրեց, որ Պետրոսյանը նախորդ դատական նիստի ժամանակ ևս փորձել է վնասել իրեն` կտրել պարանոցը: Փաստաբանի խոսքով` նրա մարմնին ինքնավնասման հետևանքով առաջացած սպիների քանակն անհրաժեշտ է դարձնում նման փորձաքննություն անցկացնելը:
Բացի այդ` Մելքոնյանը նշեց, որ հարցում է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղից պատասխան է ստացել, որ ամբաստանյալը ներկայումս գտվում է բժիշկների հսկողության տակ, եւ նրանք ախտորոշել են` «անձի էմոցիոնալ անկայուն խանգարում` բարդացված թմրամոլությամբ, քրոնիկ հեպատիտ»:
Փաստաբանն առաջարկեց փորձագետին հարցնել, թե Արթուր Պետրոսյանը նախկինում և ներկայումս հոգեկան հիվանդությամբ տառապե՞լ է, թե՞ ոչ, եթե` այո, ապա` ինչպիսի՞ հիվանդությամբ և երբվանի՞ց, եթե տառապում է, ապա իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին այդ հիվանդությունը զրկե՞լ է նրան իր գործողությունների համար իրեն հաշվի տալու և դրանց ղեկավարելու ունակությունից, Պետրոսյանը մեղսունա՞կ է, սահմանափակ մեղսունա՞կ, թե՞ անմեղսունակ, և եթե Պետրոսյանը անմեղսունակ է, ապա նա բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կարիք ունի՞, թե՞ ոչ, եթե` այո, ապա ինչպիսի՞ հոգեկան վիճակում նա կարող է ներկայանալ դատական նիստին:
Միջնորդությունը քննարկելու համար դատավորը մտել է խորհրդակցական սենյակ:
Նշենք, որ մինչ այս գործը Պետրոսյանի մասնակցությամբ շուրջ 6 քրեական գործ է քննվել: Yerkir.am-ի հետ զրույցում ամբաստանյալի մայրը` տիկին Լալան, հավաստիացրեց, որ որդու նկատմամբ նախկին գործերով նման փորձաքննության չի անցկացվել, և որ սա առաջին դեպքն է: