կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-13 17:58
Հասարակություն

Ճակատագրական սխալների պատմություն. պատահաբար խոցված օդանավեր

Ճակատագրական սխալների պատմություն. պատահաբար խոցված օդանավեր

Թեհրան-Կիև չվերթն իրականացնող՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի մարդատար «Բոինգ-737» ինքնաթիռը կործանվեց թռիչքից րոպեներ անց: Ողբերգությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իրանը հրթիռակոծեց Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները: Մի քանի օր անց Իրանը խոստովանեց՝ երկրի զինված ուժերը սխալմամբ խոցել են քաղաքացիական ինքնաթիռը:

Զինված ուժերի կողմից քաղաքացիական ինքնաթիռների խոցման դեպքեր, երբ դրանք սխալմամբ ռազմական և հետախուզական են համարվել, եղել են բազմիցս: Yerkir.am-ը, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով, ներկայացնում է ամենահայտնիները:

1973 թ. «Բոինգ-727 ». Եգիպտոս

Լիբիական ավիաընկերության՝ Տրիպոլի-Բենղազի-Կահիրե-Ալեքսանդրիա – Բահրեյն չվերթն իրականացնող  «Բոինգ-727» ինքնաթիռը կործանվեց Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքի մոտակայքում: Դա տեղի ունեցավ իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչների հարձակման հետևանքով: Օդանավում 104 ուղևոր էր և անձնակազմի 9 անդամը: Ողջ մնացին 4 ուղևոր և երկրորդ օդաչուն:

Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Կահիրեի օդանավակայանում, սակայն նավարկման  համակարգի խափանման պատճառով շեղվել էր ուղեգծից ու հայտնվել Սինայի թերակղզու օդային տարածքում, որն այն ժամանակ գրավված էր Իսրայելի կողմից:

Ռադարները որսացել էին ինքնաթիռը, և օդ էին բարձրացել իսրայելական կործանիչները, որոնք մի քանի նախազգուշական կրակոցներ էին արձակել և պահանջել, որ ինքնաթիռը վայրէջք կատարի: Սակայն «Բոինգ»-ի օդաչուն սխալ էր հասկացել ազդանշանները և փոխել էր ուղեգիծը, որն ընկալվել էր որպես փախուստի փորձ: Իսրայելական հրամանատարությունը եզրակացրել էր, որ ինքնաթիռն առևանգված է, ու հրամայել կրակ բացել դրա ուղղությամբ: Ինքնաթիռը վայրէջք էր կատարել անապատում՝ խրվելով ավազաբլրի մեջ:

Քաղավիացիայի միջազգային կազմակերպության 30 անդամ երկրները Իսրայելին մեղավոր ճանաչեցին: Ավելի ուշ Իսրայելի կառավարությունը զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարեց:

1978 թ. «Բոինգ-707». Կարելիա

1978-ի ապրիլի 20-ին խորհրդային բանակը խոցեց Korean Air ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Փարիզ-Անքորիջ-Սեուլ չվերթը: Նավարկային համակարգի վատ աշխատանքի պատճառով շեղվելով ուղեգծից և խախտելով ԽՍՀՄ օդային սահմանը՝ ինքնաթիռը հայտնվել էր Կոլայի թերակղզու վրա: Այն հետախուզական ինքնաթիռի էին նմանեցրել: Սու-15 կործանիչի օդաչուն, որն ուղարկվել էր ինքնաթիռը ոչնչացնելու համար, թեև տեղեկացրել էր, որ ինքնաթիռը քաղաքացիական է, սակայն նրան չէին հավատացել և հրամայել ոչնչացնել այն: Կործանիչը «օդ-օդ» հրթիռ էր արձակել՝ վնասելով «Բոինգ»-ի շարժիչն ու թևը: Այն պարտադրված վայրէջք էր կատարել Կարելիայի Կորպիյարվի լճի սառույցին:

Ինքնաթիռի հրամանատարի ցուցմունքների համաձայն՝ կործանիչն իրենց ինքնաթիռին էր մոտեցել աջից, այլ ոչ թե ձախից, ինչպես պահանջում է ՔԱՄԿ-ը: Նա պնդում էր, որ նվազեցրել է արագությունը և միացրել նավարկային լույսերը՝ ցույց տալով, որ պատրաստ է հետևել խորհրդային կործանիչին:

Ըստ խորհրդային տվյալների՝ ինքնաթիռի անձնակազմը չի պատասխանել երկրից նրան ուղղված բազմաթիվ հարցումներին, իսկ հետո նաև՝ վայրէջք կատարելու ազդանշաններին:

Արդյունքում՝ զոհվեց 2 ուղևոր՝ ճապոնացի և կորեացի: Մյուս 95 ուղևորները և անձնակազմի 12 անդամը կարելական Կեմ քաղաքում որոշ ժամանակ մնալուց հետո փոխադրվեցին Հելսինկի:

Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ ինքնաթիռի հրամանատարն ու շտուրմանը խոստովանել էին, որ խախտել են ԽՍՀՄ օդային սահմանը և անտեսել խորհրդային կործանիչի՝ վայրէջքի գնալու պահանջը:

ԽՍՀՄ-ը Հարավային Կորեային 100 հազար դոլարի հաշիվ ներկայացրեց ուղևորներին սպասարկելու համար: Սակայն այդ գումարն այդպես էլ չվճարվեց: Իսկ Հարավային Կորեան որևէ պահանջ չներկայացրեց, քանի որ երկրների միջև այդ ժամանակ դիվանագիտական հարաբերություններ չէին հաստատված:

1983 թ. «Բոինգ-747 ». Սախալին

Korean Air ավիաընկերություն մեկ այլ ինքնաթիռ ԽՍՀՄ տարածքում խոցվել է 1983-ին. «Բոինգ-747 »-ն իրականացնում էր Նյու Յորք-Անքորիջ-Սեուլ չվերթը, օդանավում 246 ուղևոր էր և անձնակազմի 23 անդամը:

Անհայտ պատճառներով ինքնաթիռը Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրայով թռչելու փոխարեն հայտնվել էր Կամչատկայի, ապա՝ Սախալինի օդում, այնտեղ էլ վրա էր հասել խորհրդային Սու-15-ը: Ինքնաթիռի անձնակազմը չէր պատասխանել կործանիչի նախազգուշական կրակոցներին, ընդ որում՝  հետագայում կործանիչի օդաչուն հիշում էր, որ չուներ լուսարձակող արկեր և կրակում էր սովորականներով, և հնարավոր է՝ կորեական ինքնաթիռի անձնակազմը նկատած չլիներ դրանք:

Երբ խորհրդային հրամանատարությունը հրաման տվեց ոչնչացնել ինքնաթիռը, կործանիչը 2 արկ արձակեց դրա ուղղությամբ: Ինքնաթիռն ընկավ Ճապոնական ծովը: Զոհվեցին բոլորը՝ անձնակազմի անդամներն ու ուղևորները, այդ թվում՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Լարի Մաքդոնալդը:

ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ դա ԱՄՆ-ի կողմից կանխամտածված սադրանք էր, իբր փորձում էին ստուգել խորհրդային ՀՕՊ-ի մարտունակությունը, նույնիսկ պնդում էին, թե ռազմական գործողություններ սադրելու փորձ էր: Ի պատասխան՝ ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ին մեղադրեց փրկարարա-որոնողական աշխատանքներին խոչընդոտելու մեջ: Սա սառը պատերազմի ամենալարված պահերից էր:

Աղետից հետո ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայտարարեց, որ ռազմական նպատակների համար մշակված արբանյակային նավարկային GPS համակարգը հասանելի կլինի նաև քաղաքացիական ավիացիայի համար:

1988 թ. Ա 300. Պարսից ծոց

Սա «Էյրբաս Ա 300» ինքնաթիռների պատմության մեջ ամենաշատ զոհ ունեցող աղետներից է՝ 290 մարդ: Iran Air ավիաընկերության՝ Թեհրան-Բանդեր Աբբաս- Դուբայ չվերթի ինքնաթիռը Բանդար Աբբասից թռիչքից 7 րոպե անց Պարսից ծոցի վրա խոցվեց հրթիռով, որն արձակվել էր ամերիկյան Vincennes ռազմանավի կողմից:

ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ քաղաքացիական ինքնաթիռը սխալմամբ նմանեցրել են իրանական կործանիչի: Ըստ ամերիկյան կողմի՝ ռազմանավը օդանավի հետ կապ հաստատելու 10 փորձ էր արել ռազմական և քաղաքացիական հաճախություններով, սակայն պատասխան չէր ստացել:

Իսկ Իրանը հայտարարեց, որ ամերիկացիները գիտակցաբար են խոցել քաղաքացիական ինքնաթիռը: Ըստ նրա՝ օդանավը ազդանշաններ էր ուղարկել, որոնք բնորոշ են միայն քաղաքացիական օդանավերին, և այն ամենևին չէր կարելի շփոթել Իրանի ՌՕՈւ-ի կործանիչի հետ:

Միայն 1996-ին Իրանին ու ԱՄՆ-ին հաջողվեց համաձայնության գալ ՄԱԿ-ի միջազգային դատարանում, որի որոշման մեջ ասվում էր, որ ԱՄՆ-ը 1988-ի հուլիսի 3-ի միջադեպը ճանաչում է որպես մարդկային սարսափելի ողբերգություն և խորապես ցավում է մարդկային զոհերի համար: Թեև ԱՄՆ իշխանությունները չընդունեցին իրենց իրավական պատասխանատվություն, սակայն կամավոր կերպով 61.8 մլն դոլար վճարեցին զոհվածների ընտանիքներին:

2001թ. Տու-154. Սև ծով

2001 թվականի հոկտեմբերի 4-ին «Սիբիր» ավիաընկերության՝ Նովոսիբիրսկից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը խոցվեց Սև ծովի վրա: Օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ 78-ը, զոհվեցին: Մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ էին:

Միջպետական ավիացիոն հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ ինքնաթիռը ոչ կանխամտածված կերպով խոցվել էր Ուկրաինայի ՀՕՊ-ի կողմից արձակված հրթիռով՝ Ղրիմում անցկացվող ռուս-ուկրաինական զորավարժությունների ժամանակ:

2003-ին Ուկրաինան Ռուսաստանի և Իսրայելի հետ կնքեց միջկառավարական համաձայնագիր զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին վճարվեց 200 հազար դոլար, ընդհանուր առմամբ՝ 7,8 մլն դոլար՝ Ռուսաստանին, 7,5 մլն դոլար՝ Իսրայելին: Սակայն  Կիևը իրավաբանորեն չճանաչեց իր մեղքը:

2014 թ. «Բոինգ 777» Ուկրաինայի արևելք

2014-ին արևելյան Ուկրաինայում կործանվեց Malaysia Airlines-ի ինքնաթիռը, որը Ամստերդամից Կուալա Լումպուր էր թռչում: Օդանավում 298 մարդ էր, բոլորը զոհվեցին: Մեծ մասը Նիդերլանդների և Ավստրալիայի քաղաքացիներ էին:

2015-ի հոկտեմբերի 13-ին Նիդերլանդների անվտանգության խորհրդի հանձնաժողովը հրապարակեց զեկույց, ըստ որի՝ ինքնաթիռը խոցվել էր «Բուկ»  զենիթահրթիռային համակարգից արձակված  հրթիռով: Ըստ զեկույցի՝ զենիթահրթիռային համակարգը Ուկրաինայի հակամարտային գոտի էր բերվել Ռուսաստանից: 

2018-ի մայիսին Համատեղ քննչական խումբը զեկույց տարածեց, որը պնդում էր, որ  հրթիռը բերվել էր Կուրսկում տեղակայված ռուսաստանյան զորամասից: Զեկույցի հրապարակումից անմիջապես հետո Նիդերլանդներն ու Ավստրալիան Ռուսաստանին պաշտոնապես մեղադրեցին ինքնաթիռի խոցման մեջ:

Անցյալ տարվա հունիսի 19-ին Համատեղ քննչական խումբը նոր զեկույց հրապարակեց՝ նշելով աղետի  համար պատասխանատու 4 կասկածյալի անուններ: Նրանց հանդեպ հետախուզում է հայտարարված, իսկ գործն ուղարկվել է հոլանդական դատարան: Դատական առաջին նիստը նշանակված է 2020-ի մարտի 9-ին:

Ռուսաստանը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները: Ըստ Կրեմլի՝ որևէ հիմք չկա հավատալու հետաքննության արդյունքներին, քանի որ Ռուսաստանին թույլ չեն տվել մասնակցել դրան: ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ հրթիռը, որով խոցվել է մալայզիական ավիաընկերության ինքնաթիռը, պատկանում է ուկրաինական զորամասի: