կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-10 22:31
Քաղաքական

Ղարամյանին անհիմն են քննադատել. Վարդան Ոսկանյան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հայտարարությունը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ օրեր առաջ օգտագործվել է Իրանում ադրբեջանական ապատեղեկատվությունը չեզոքացնելու համար: Այս մասին «Երկրի հարցը» հաղորդման տաղավարում նշել է Իրանից վերադարձած իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Մեր իրանցի գործընկերները, որոնք իրենց երկրում հայ-իրանական հարաբերությունների խորացման լոբբինգով են զբաղվում, այդ օրերին ադրբեջանական ապատեղեկատվությունը չեզոքացնելու համար Իրանի տեղեկատվական դաշտում տարածում էին հենց Ղարամյանի հայտարարության պարսկերեն թարգմանությունը: Մենք պետք է սովորենք դերաբաշխում իրականացնել, եթե ցանկանում ենք իրոք հզոր պետություն ունենալ»,- նշել է Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ Ղարամյանը կարծիք էր հայտնել, որ Սոլեյմանին անձնվիրաբար իր պետությանն ու ժողովրդին է ծառայել, եւ նրա սպանության համար վրեժխնդիր լինելն Իրանի համար արժանապատվության հարց է: Ղարամյանի այս հայտարարությունը քննադատության արժանցավ՝ որակվելով որպես կողմնակալ եւ իրանամետ դիրքորոշում՝ Վաշինգտոն-Թեհրան առճակատման պայմաններում: Դրան զուգահեռ իրանական տեղեկատվական դաշտում ադրբեջանական օժանդակությամբ ապատեղեկատվություն էր տարածվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոլեյմանիի սպանության կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. հաղորդում է yerkirmedia.am-ը։