Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում հաստատված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները փոքրաքանակ են, ընդհանուր առմամբ՝ շուրջ 400 հոգի՝ ռուս, հույն, ասորի, եզդի, վրացի, ուկրաինացի: Նրանք տարբերվում են արտաքնապես. մի քիչ ուրիշ դիմագծեր եւ մազերի գույն ունեն, բայց անկասկած Արցախի հասարակության լիիրավ անդամ են, իսկ փոքրաքանակ ներկայությունը նրանց նկատմամբ մեծ հարգանքի, սիրո եւ ուշադրության պատճառ է:
«Ապառաժ»-ը որոշել է «Այլազգի արցախցիներ» նախագծի ներքո պատմել Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասին: Առաջին հերոսը 50%-ով ռուս, 25%-ով ուկրաինացի եւ 25%-ով հայ՝ Ստեփանակերտի պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանն է:
Ելենա Դադայանի կյանքի ուղին Արցախի հետ հատվել է 1988 թվականին, երբ հայազգի ամուսնու, երկու զավակների ու ամուսնու ծնողների հետ Բաքվից տեղափոխվել են Հայաստան: Երեւանում այդ տարիներին դրությունը ծանր էր. չկար լույս, գազ, հաց: 1989-ին ամուսնու ծնողները որոշեցին թոռնիկների հետ ժամանակավոր տեղափոխվել Արցախ: Ելենան ու ամուսինը մնացին Երեւանում: Որոշ ժամանակ անց սկեսրայրի՝ Ստեփանակերտում տուն գնելու հեռախոսազանգը, դարձավ Ելենայի՝ Արցախի հետ ճակատագիրը կապելու նախապատճառը:
«Ստեփանակերտը փոքրիկ, հանգիստ քաղաք է, իսկ սկեսրայրիս գնած մեծ՝ այգի ունեցող սեփական տունը Արցախում իմ անփոփոխ հասցեն է, որի հետ թանկ հիշողություններ ունեմ: Երբ 1992-ին ամուսնուս եւ երեխաներիս հետ մեկնել էինք Ուկրաինա, որտեղ էլ եւ մահացել է ամուսինս, իմ հետդարձի հասցեն Ստեփանակերտի այդ տունն էր: Ամուսինս ընտանիքի միակ զավակն էր, եւ իր մահից հետո ես չէի կարող մենակ թողնել իր ծնողներին: Ես եւ իմ երեխաները շարունակեցինք ապրել նրա ծնողների հետ, որոնք մեծ ներդրում ունեն երեխաներիս դաստիրակության եւ ինձ օգնելու հարցում, ինչի համար էլ ես նրանց շատ եմ շնորհակալ: Այսօր, թեեւ նարնք չկան եւ մեր տան բնակիչները քչացել են՝ ես եմ ու որդիս, մեր տունը մնում է նույն ուրախ աուրան, իսկ դստերս ու նրա 5 դստրերի այցն իսկական տոնախմբության առիթ է»,- պատմում է Ելենա Դադայանը:
Ընտանիքում երեխաները դաստիարակվել են ավելի շատ ռուսական մտածողությամբ. ռուսերեն էր նրանց ընտանեկան շփումը, մտածելակերպը: Հայերենի իմացության անհրաժեշտության առաջ Դադայանների ընտանիքը կանգնել է այն ժամանակ, երբ որդին հաստատակամորեն որոշել է, որ պետք է հայկական դպրոց հաճախի՝ երկրի մյուս բոլոր երեխաների պես: Ելենայի կողմից առարկություններ չեղան, դա նաեւ իր ցանկությունն էր: Այդպես, Ելենան ստիպված եղավ ճակատագրի թելադրանքով սովորել նաեւ հայոց լեզու՝ որդու հետ միասին: Հետագայում հայոց լեզվի մասնագիտացված դասընթացները ամրապնդեցին դպրոցական դասագրքերից քաղված՝ Ելենայի լեզվի գիտելիքները, սակայն մինչ այժմ էլ իր խոսակցական լեզուն ռուսերենն է:
«Ինձ համար ռուսերենով շփումը սկզբունք չէ, ուղղակի՝ նախ ես կաշկանդվում եմ ռուսական առոգանությամբ խոսել, եւ երկրորդը՝ իմ մտածողությունը եւս ռուսերեն է»,- բացատրում է Ելենան:
Բարձրահասակ, շիկահեր, ռուսախոս, բայց եւ հորական կողմի պապի հայկական գեները կրող Ելենա Դադայանը Ստեփանակերտի այն կանանցից է, որոնք տարբերվում են նախ իրենց տեսքով, եւ ապա՝ ապրելակերպով: Ելենան սիրում է սպորտը, մշակութային ձեռնարկները եւ բարձրաճաշակ միջոցառումները:
«Զարգացած հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ: Ստեփանակերտը պետք է ունենա կինոթատրոն, թատրոն, ժամանցի եւ մշակութային բազմաթիվ վայրեր, որոնք ուղղակիորեն կհանդիսանան որպես կրթական, դաստիարակչական վայրեր: Պետք է լինեն ժամանցի բազմաթիվ վայրեր ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար: Ստեփանակերտում ապրող մարդը պետք է ուղիներ ունենա զարգացնելու իր աշխարհայացքը եւ ընտրություն կատարելու ժամանցի կազմակերպման առումով»,- ասում է Ելենա Դադայանը:
Ստեփանակերտի պատկերասրահի տնօրենը նշում է, որ պատկերասրահը ստեփանակերտցիների ժամանցն անցկացնելու վայրերից է, որտեղ հաճախում են ինչպես երիտասարդներ, այնպես էլ թոշակառուներ:
«Ստեփանակերտի պատկերասրահը կարող է տարին 1-2 նկարիչ հրավիրել Երեւանից, բայց եթե ունենայինք հնարավորություններ, մենք կկարողանայինք նկարիչներ հրավիրել արտերկրից՝ ինչը շատ անհրաժեշտ է զարգացման տեսանկյունից»,- ասում է պատկերասրահի տնօրենը՝ նշելով նաեւ, որ պատկերասրահը բաց հարթակ է բոլոր տեսակի մշակութային միջոցների համար, եւ համագործակցության բոլոր առաջարկները ողջունելի են:
Ելենա Դադայանը խոստովանում է, որ դեռեւս պատերազմական անորոշ վիճակում գտնվող Ստեփանակերտից գնալու մտքեր եղել են, բայց դրանք այդպես էլ մնացին որպես մտածումներ միայն:
«Արցախն ինձ ընդունել է որպես հարազատի: Օտար երկրում ապրելը հնարավոր է, որովհետեւ մենք բոլորս էլ մարդիկ ենք, եւ չկան լավ կամ վատ մարդիկ: Կան միայն տարբեր մտածելակերպ, կրթություն եւ արժանիքներ կրող հասարակություններ: Որպես այդպիսին՝ ես տարբերություններ չեմ տեսնում ռուսների, հայերի կամ ուկրաինացիների միջեւ: Բայց իմ ու Արցախի միջեւ սերը որոշիչն է իմ ճակատագրի»,- ասում է Ելենա Դադայանը:
Լուսինե Թեւոսյան
Ապառաժ