Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ` փոխվարչապետը նախ այցելեց Վանաձորում կառուցվող ծննդատան շինհրապարակ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին:
Ծննդատան շենքը կառուցելու նպատակով «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հատկացրել է շուրջ 4 մլն դոլար: Փոխվարչապետը տեղում պատասխանատուների հետ քննարկեց նաև Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցման ծրագրին առնչվող հարցեր:
Այնուհետև Արմեն Գևորգյանն այցելեց մարզի Հագվի համայնք, որտեղ բացվեց համայնքային կենտրոն: Դրա կառուցման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ հրատապ ծրագրով հատկացվել է 34 մլն դրամ, ծրագրի իրականացմանը որոշակի մասնակցել է նաև համայնքը:
Համայնքային նշանակության մեկ այլ ծրագիր է իրականացվում Ալավերդի քաղաքում. պետական և մասնավոր ներդրումներով վերանորոգվում է քաղաքի գեղարվեստի դպրոցի շենքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38,5 մլն դրամ, որից 18 մլն դրամը տրամադրել է «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան գրասենյակը, 8 մլն դրամը՝ «Վալլեքս» խումբը, 12,5 մլն դրամ էլ հատկացվել է չորրորդ հրատապ ծրագրով:
Այնուհետև փոխվարչապետը Շնողում և Թեղուտում համայնքների ղեկավարների, «Մանես» բարեգործական հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ քննարկեց գազիֆիկացման, համայնքային ենթակառուցվածքների արդիականացման, այգիների հիմնման ծրագրերը:
Արմեն Գևորգյանն այցի շրջանակում եղավ նաև Այրումի քառաստիճան պոմպակայանում, որը վերականգնվել էր 2011թ. «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հիմնադրամի ծրագրով: Մարզպետի և պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկը, ոռոգման համակարգի վիճակը: Փոխվարչապետը հորդորեց աշխատանքներն իրականացնել առավելագույնս կազմակերպված՝ հաշվի առնելով, որ սպասվում է սակավաջուր տարի:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ աշխատանքային այցի վերջում Արմեն Գևորգյանը եղավ Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակում, որտեղ նրան ներկայացվեցին շինարարության ընթացքն ու կատարված աշխատանքները: