կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-29 18:17
Մշակույթ

Նշան Աբասյանը կարողանում է բացել մարդկանց հոգիները փակող դռները. Հայկ Համբարձումյան

Նշան Աբասյանը կարողանում է բացել մարդկանց հոգիները փակող դռները. Հայկ Համբարձումյան

Անձրևի տակ վաշվշում է ծառը.

Կանաչը սիրտ է կեղեքում…

                             Նշան Աբասյան

 

Այսօր Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ ժամանակակից բանաստեղծ Նշան Աբասյանի «Ուրիշ լռություն» ժողովածուի շնորհանդեսը: 

«Ուրիշ լռությունը» հեղինակի երրորդ ժողովածուն է, այն ամփոփում է շուրջ ութ տասնյակ բանաստեղծություն՝ 2010-2015 թթ. գրված:

Գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը նշեց, որ այն խմբագրելիս վարակվել է Նշանի լավատեսությամբ, որը բանաստեղծը մեզ է փոխանցում իր ստեղծագործությունների միջոցով: Վերջին տարիներին, ըստ Ավանեսյանի, մեր հասարակության մեջ սթրեսային վիճակներ են, որոնք իրենց արտացոլումն են գտնում գրականության մեջ, և կարծես հետադարձ ազդեցությունն ունենում մարդկանց վրա: Գրականությունը, ըստ նրա, մեղավոր է այս հարցում:

«Երիտասարդները ծնծղաներ են զրնգացնում մեր ականջների տակ, թվում է`  մենք խլացել ենք, և նրանք ծնծղաներով են գալիս՝ մեզ արթնացնելու: Բայց մի՞թե մեր զգայարանները բթացել են: Նշան Աբասյանը գալիս է ապացուցելու, որ` ոչ, մարդու զգայարանները չեն բթացել, և Նշանը շոյանքի միջոցով կարողանում է իր ասելիքը հասցնել, շշուկի միջոցով էլ երկխոսության մեջ մտնել ընթերցողի հետ: Այս նուրբ զգացողություններն էին, որ ինձ վարակեցին: Նշանի գիրքն ինչ-որ չափով բարեկարգիչ նշանակություն ունի, այն ինքնամաքրման հնարավորություն է տալիս»,- ասաց Ավանեսյանը:

Շնորհանդեսին ներկա էր նաև մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Նա նշեց, որ իր խոսքը հանպատրաստից է, պարզապես չկարողացավ դիմանալ գայթակղությանը, քանի որ հայոց լեզուն շատ է սիրում, իսկ Նշանի գրքում այն շատ գեղեցիկ է ներկայացված: «Գրքում ընթացք, շարժում տեսա. երաժշտության մեջ շատ կարևոր է ընթացքը, ընթացքը կարևոր է նաև գրական աշխարհում: Շատ զարմացած եմ բաղաձայնների յուրահատկությամբ, Նշանի գործերում բաղաձայնները շատ են, այդպիսի զգացում ունեմ: Բայց այնպես չէ, որ իրար նման բաղաձայններն են՝ կողք կողքի շարված, այլ, ճիշտ հակառակը, իրար ժխտող բաղաձայններն են, իրար հետ չկապվող: Թվում է` առանց ձայնավորների անհնար է, բայց նրանք չէ, որ գունավորում են ամբողջությունը: Նշանի գործերի հյուսվածքի թափանցիկությունը շատ գեղեցիկ է, որևէ երկրորդ իմաստ, երկիմաստություն չկա, պարզ բաներ են, բայց այդ պարզությունն այնքան լավ է… Այ քեզ հրաշք»,-ասաց մաեստրոն:

Գրականագետ Հայկ Համբարձումյանը նշեց, որ երբ ճանաչում ես գրողին, դժվար է նրա մասին ինչ-որ բան ասել, սակայն Նշանի գործերն ընթերցելիս առաջին բանը, որ գալիս է մտքիդ` խոնարհությունն է` որպես մարդու ընդհանուր կեցվածքի արտահայտություն, խոնարհությունը, որը գուցե հակասում է պոետի` մեր իմացած ավանդական կերպարին:

«Պոետը մարտնչում է նյութի հետ, փորձում է նյութից ինչ-որ բան ստանալ, փոխել այն: Նա կարող է կռվի մեջ մտնել արարչի հետ, որովհետև ինքն էլ արարող է և իր արարման սկզբունքներն ունի: Ես մեծ դժվարությամբ եմ կարողանում հասկանալ, թե ինչպես է Նշանը կարողանում հասկանալ խոնարհության և պոետի էության միջև ընկած այս հակասությունը: Նա կարողանում է բացել մարդկանց հոգիները փակող դռները»,- ասաց գրականագետը:

Նրա նկարագրմամբ` Նշան Աբասյանը ժամանակակից այն բանաստեղծներից է, որը պատկեր է ստեղծում, այլ ոչ թե խոսքը որպես հայտարարություն օգտագործում՝ որպես գոռոց, բողոք, վայնասուն ու հայհոյանք.: «Նա խոսքի հանդեպ պաշտամունք ունի, որը արարչագործության հետ խոսքի կապից է ծնվում կամ մարդու գիտակցությունից, և դա նրան ստիպում է զգույշ լինել յուրաքանչյուր բառի, պատկերի մեջ: Հենց այստեղից է նաև գալիս գողտրիկությունը, պարզությունը, բայց այդ պարզության մեջ է գեղեցկությունը, ինչը բնորոշ է Նշանի պոեզիային: Այդ պարզությունը հուշում է, որ Նշանի ակունքները գուցե կապված են Սահյանի հետ, Բակունցի արձակի հետ, քանի որ բնության հետ երկխոսության մեջ մտնելու ձգտումը կա, ինչը մեր գրականության մեջ շատ է պակասում. պոեզիան ձգտում է հրապարակախոսության` կորցնելով իր բուն նշանակությունը, բայց այն արարչագործության որոշակի շարունակությունն է` բառի, բառի միջոցով ստեղծվող պատկերներով»,- ասաց Համբարձումյանը: