Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
"Հայաստանում և նրա շուրջ հանգիստ պիտի լինի։ Այստեղ միահյուսված են հազարամյակները։ Այստեղից են սկիզբ առնում, այստեղով են անցնում աշխարհը սնուցող քաղաքակրթական գետերը։ Այստեղ մարդն իմաստուն է եղել՝ ցավից, արյունից, քրտինքով շաղախված, խղճով օժտված, Աստծո կողմից՝ հոգու անդորրով ու խորիմաստությամբ շնորհված։
Հայաստանում ամենապահջվածը՝ լռությունն է, որովհետև այստեղ իրար են բախվում աշխարհաքաղաքական հակասությունները՝ Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը, Քրիստոնեությունն ու Իսլամը, Շիան ու Սունին, Կաթոլիցիզմն ու Քաղկեդոնականությունը, Եզդին, Զրադաշտականը, Նեստորականն ու Մոլոկանը։ Հայաստանով է անցնում Եվրոպայի ու Ասիայի սահմանը, Թուրքիան թրքալեզու ցեղերից բաժանող սահմանը։
Հայաստանը ջերմ հարաբերությունների մեջ է իրարամերժ կայսրությունների, այդ թվում՝ Իրանի ու նրա թշնամիների հետ։ Հայաստանը մշակութային հանգույց է, քաղաքական ու քաղաքակրթական երկխոսության բնօրրան։
Հայաստանում հանգիստ պիտի լինի։ Այստեղ հիմարներն են միայն մարդկանց բաժանում մասերի, արտադրելու ու տնտեսական ռեֆորմների փոխարեն՝ զբաղվում իշխանության բռնազավթմամբ, օրենսդրական կաշառքների առաջարկումով, պետականության կարևորագույն սկզբունքների խարխլումով։
Հայաստանում երեք միլիոն Հայ է ապրում և երեք միլիոն թուրք ծնվում է նրա շուրջ ամեն տարի։ Այստեղ պիտի հանգիստ լինի։ Այստեղ չի կարելի պոպուլիստ լինել, առանց խորը գիտելիքների վարչարարել։
Հայերն ապրում են Թուրքիայում, Իրանում, Արաբական երկրներում, Ռուսաստանում, տարածաշրջանի բոլոր երկրներում։ Ղազախական դեպքերը ցույց տվեցին, որ մեր հայրենակիցները անվտանգությամբ ապահովված չեն։ Այստեղ, մեր տանը եթե միակամ չեղանք, կկորցնենք մեր համայնքներն ու մարդկանց՝ բառիս բուն իմաստով։
Հայաստանում անցյալով է թելադրված ներկան։ Այստեղ պարադիգմաների փոփոխությունը կարող է դարավոր գետեր ու ջրվեժներ ցամաքեցնել, մի ողջ ժողովրդի մատնեել ունայն ինքնավերացման։ Հայաստանում միայն մեկ տիպի հեղափոխությունն է ողջունելի՝ ազգային արմատներին վերադարձի ու ավանդականության, պահպանողականության հեղափոխությունը։ Մնացածը արկածախնդրություն է։
Իմ սիրտը ցավում է։ Չցավեր, չէի գրի։ Միացնում եմ հեռուստացույցը՝ պարզվում է Հնդկաստանում եմ։ Հերթով փոխում եմ ալիքները՝ զրո արժեքի հաղորդումներ են։ Փողոցում աչքերով փնտրում եմ մտավորական, ազնվական, շինական մաքուր հայցքներ՝ չկան։ Տուն պահողների հասարակություն՝ մտազբաղ, տխուր, և ինքնագովեստով տարված նարցիսական իշխանություն։
Հայաստանում այսպես չի կարելի։ Այստեղով աշխարհի պորտալարն է սնուցվում։ Թույլ, երկված Հայաստանը համաշխարհային պատերազմի պատճառ կարող է լինել։ Միայն ուժեղ ու գերակայող Հայաստանն է, որ ձեռնտու կլինի գերտերություններին, ինչը ապացուցվում է վերջին երեսուն տարիներ ստատուս քվոյի պահանջվածությամբ։
Սիրելի ընկերներ, 2020-ին ես Ձեզ առողջություն եմ ցանկանում և խնդրում եմ, ներեցեք ինձ և իրար, թույլ չտաք մեզ բաժանեն։ Մենք մի պետություն ունենք և նրա իշխանությունները հաջորդաբար ծառայում են մեր ինքնությանը։ Չկան հին ու նոր իշխանություններ։ Բոլորն էլ թերի են, էին ու արժանի են խորը քննադատության։ Իշխանությունը ժողովրդին ծառայելու համար է։ Ուստի, եթե սիրում եք այն ներկայացնողներին, ապա պահանջեք նրանցից, թե չէ այլասերվելու են ու դառնան պատուհաս։ Սա համաշխարհային և մեր պատմությունն է հուշում։
Ձեր Նոր տարին շնորհավոր",-գրում է Դավիթ Վանյանը։