Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական ինքնաթիռը խոցելով` Թուրքիան փորձում է ավելի համարձակ և վճռական երևալ. այսօր լրագրողներին ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` անդրադառնալով երեկ Սիրիայի սահմանին Թուրքիայի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի փաստին:
Ըստ նրա` ռուսական ինքնաթիռի կործանման որոշումը կայացվել է Էրդողանի մակարդակով:
«Սա ռիսկային քայլ էր Թուրքիայի կողմից: Թուրքիան սրանով ատամներ է ցույց տալիս և փորձում դիվիդենդներ հավաքել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Եթե մինչ այս Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, Սիրիայի հետ կապված, աչք փակելու քաղաքականություն կարելի էր որակել, ապա հիմա գույները փոխվեցին. Ռուսաստանը պետք է պատասխան տա Թուրքիային»,- ասում է թուրքագետը:
Ըստ նրա` երկու երկրների միջև լարվածությունը երկար ժամանակ կպահպանվի, սակայն այն չի հանգեցնի ռազմական բախման: «Կարծում եմ` Ռուսաստանն ակտիվ կհարվածի Սիրիայում այն թիրախին, որն առավել ցավոտ շրջան է համարվում Թուրքիայի համար: Սակայն հետո կգա մի ժամանակ, երբ երկու կողմերն էլ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նշեց Հովսեփյանը:
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով էլ` Թուրքիան իր քայլով ՌԴ-ին Սիրիայում հաստատվելու բանալի տվեց: «Կարծում եմ` ռուսական ինքնաթիռի կործանման որոշումը դեռ օրեր առաջ էր կայացվել, այն էլ` Էրդողանի մակարդակով, սակայն նա սխալ հաշվարկ էր արել` Թուրքիան չէր սպասում, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ուղղակի անտարբեր կմնան, իսկ նրանց արձագանքները ցույց տվեցին, որ նրանք այս հարցում չեն աջակցել Թուրքիային»,- ասաց նա:
Խոսելով Էրդողանի ելույթի մասին` թուրքագետն այն որակեց «ամպագոռգոռ և կտրուկ»` պահի ազդեցության տակ արված հայտարարություն, որտեղ չէր էլ խոսվում Ռուսաստանի մասին: «Սա փաստում է այն մասին, որ Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում, հակառակ դեպքում` Էրդողանն իրեն բնորոշ վարքով կանդրադառնար հարցին: Սա արտաքին քաղաքականության մեջ Էրդողանի ամենամեծ սխալն էր»,- կարծիք հայտնեց Իսպիրյանը:
Իսկ թե որքանո՞վ սա կանդրադառնա ՀՀ-ի և ԼՂՀ հարցի կարգավորման վրա, ըստ թուրքագետի` այն չի կարող իր ազդեցությունը չունենալ, սակայն որոշ ժամանակ սպասել է պետք: «Թուրքիան կարծում է, որ ՌԴ-ն կօգտագործի հայկական հարցի գործոնը: Ավելին` Ադրբեջանը մինչ օրս լուռ է, նա միջադեպի հետ կապված որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել, ինչը անհանգստացնում և վախեցնում է Թուրքիային»,- ասաց Իսպիրյանը: