կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-27 22:53
Հասարակություն

Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց․ Նարինե Մկրտչյան

Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց․ Նարինե Մկրտչյան

2019-ի օրացուցային տարվա հետ ավարտվում է նաեւ քաղաքական տարին: Անցնող քաղաքական տարվա մեջ մնայունն ու արժեքավորը սակավ են, անցողիկն ու անարժեքը՝ առատ: Տարին ավարտվում է բացակա քաղաքական վերափոխումներով, հանրության չիրացված հույսերով, հեղափոխության մսխմամբ եւ նոր իշխանությունների վստահության ժամկետի սպառմամբ: 
Ամփոփելու համար 2019-ի քաղաքական տարին՝ ես որոշեցի հետհայաց գցել այս տարվա ընթացքում «Հրապարակ» թերթում տպագրված հոդվածներիս՝ դիտարկելով հին-նոր Հայաստանի զարգացումների ուղղությունը, իմ վերլուծությունները, գնահատականները, կանխատեսումները. ի վերջո, որտե՞ղ էի ճիշտ եւ որտե՞ղ՝ սխալվել:  

Ների՛ր ինձ, ընթերցո՛ղ, եթե համառ հյուրի պես քեզ առաջարկում եմ քայլել 2019թ. քաղաքական հոդվածներիս էջերով, ուր նաեւ անցնող տարվա հասարակական-քաղաքական պատմությունն է: Ների՛ր ինձ, ընթերցո՛ղ, եթե այս ամենը դու մոռացել ես կամ չես կամենում վերհիշել, եթե չես ընթերցել կամ ընթերցել ես զայրույթով, եթե հրաժարվել ես հավատալ դրանց կամ ստիպված ես եղել համաձայնել: Ի վերջո, այս ամենը ոչ միայն իշխանության, այլեւ քո մասին է: Այս ամենը Հայաստանի մասին է, որի մի մասը դու ես, ես եւ իշխանությունը:

2019թ. քաղաքական տարվա մեկնարկը տրվեց 2018թ. դեկտեմբերի Ազգային ժողովի ընտրություններով, որոնք դարձան այս տարվա քաղաքական վայրիվերումների ապաքաղաքական հանգրվանը: 2019թ. առաջին հոդվածումս, հետհեղափոխական ցնծության պայմաններում, ես, այնուամենայնիվ, արձանագրեցի. «Հայաստանում քաղաքականությանը (եթե, իհարկե, վերջին տասնամյակում այն եղել է) փոխարինելու են եկել քաղաքական տեխնոլոգիաները, նախկին իշխանության կողմից հանրային կարծիքի բացարձակ արհամարհմանը՝ նոր իշխանության ֆեյսբուքյան գրառումները եւ ուղիղ եթերը, հանրայնորեն մերժված իշխանությանը՝ պոպուլիստ իշխանությունը: Հայաստանում քաղաքական հովվերգության համար ամեն ինչ առկա է՝ ապաքաղաքական ընդդիմություն եւ գաղափարազուրկ իշխանություն, բացարձակ միակուսակցականություն եւ  «միակ ընդդիմությունից» միակ իշխանություն դարձած առաջնորդ, իշխանության բացարձակ լեգիտիմություն եւ նույն իշխանության քաղաքական անտեղյակություն, կուսակցությունների բացակայություն եւ օրինական ընտրությունների անցկացում:  Այս հովվերգությունը հենց այն է, ինչ 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններում ընտրել է ՀՀ միջին վիճակագրական ընտրողը, որը 70+30 տոկոսով ընտրել է ապաքաղաքականությունը» («Հայաստանը պոպուլիզմի եւ կոնֆորմիզմի աքցանում», 16 հունվարի):

Սակայն հանրության ցնծությունը փոխարինվեց զայրույթի՝ Ամանորին ընդառաջ պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւատրումների բացահայտումներով: 2019թ. առանձնանում էր իշխանության չարաշահման, հեղափոխության տեղապտույտի նախանշաններով՝ ի ցույց դնելով, որ Հայաստանում իշխանության բնույթը չի փոխվել: Այդ թեման 2019թ. քաղաքական տարվա ընթացքում կրկնվել է նույն պարբերականությամբ, ինչ պարբերականությամբ չարաշահվել է այդ իշխանությունը: Նաեւ այդ պատճառով ես դրան անդրադարձել եմ մի քանի հոդվածներով՝ «Չարագույժ «13-րդը» կամ թանկարժեք հեղափոխականները», «Ընտանեկան փիլիսոփայության» հայկական խեղաթյուրումը», «Իշխանության չարաշահման մեխանիկան», «Ինչպես գողանալ միլիոն»: «Իրականում կատարվել էր մեծ կողոպուտ. ՀՀ պետական պաշտոնյաները, փոխհամաձայնեցրած, բացահայտ հափշտակել էին պետական բյուջեն՝ մտնելով հարկատուների՝ ՀՀ քաղաքացիների գրպանը: Հայաստանը վերադառնում է այնտեղ, որտեղ էր հեղափոխությունից առաջ. սոցիալական անարդարության, պետբյուջեի անգթաբար մսխման, անարդյունավետ ծախսերի, չհաղթահարված կոռուպցիայի սարդոստայն»: «Հեղափոխական իշխանության մեջ առանձնանում է Փաշինյանի ընտանիքը՝ որպես արտոնյալների մեջ արտոնյալը: Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, կամա թե ակամա, դառնում է հեղափոխության տեղապտույտի օջախներից մեկը: Այստեղ են կենտրոնանում ոչ միայն հեղափոխությունից հետո չնվազած պետական արտոնությունները, այլեւ իշխանության չարաշահման վտանգները» («Ընտանեկան փիլիսոփայության» հայկական խեղաթյուրումը», 21 մարտի):  

2019թ. ներհայաստանյան կյանքում հեղափոխության թեման միշտ ներկա է եղել: «Հեղափոխության առեղծվածը» երկմասանոց հոդվածում փորձել եմ քննարկել հայկական հեղափոխության առեղծվածը. «2018թ. հեղափոխության քաղաքական ալգորիթմը, որքան զարմացնում է իր պարզությամբ եւ ճշգրտությամբ, նույնքան խճճում է իր առեղծվածայնությամբ: Հայկական հեղափոխության պատճառները նույնն են, ինչ նախորդ բոլոր հեղափոխություններինը, սակայն տարբեր են ոչ միայն արդյունքները, այլեւ դրանց իրականացման ծրագրայնությունը: Փաստերի, իրողությունների դասդասումը ենթադրել է տալիս, որ երիտասարդ հեղափոխականները, որոնց մեծ մասը քաղաքականության հետ նույնքան կապ ունեն, որքան հյուղակը՝ դղյակի, ներգավվել էին քաղաքականության մեջ՝ իրականացնելու որոշակիորեն մշակված ծրագիր: Տասնամյակներ շարունակ Հայաստանի քաղաքական արատավոր համակարգի հիմնասյուներից մեկը՝ ԱԱԾ-ն, որ մշտապես աջակցել է նախկին իշխանություններին, ենթադրաբար, մեծապես աջակցել է հայկական թավշյա հեղափոխությանը՝ հանուն Հայաստանի վերջապես կատարելով առաջադիմական քայլ» (3, 10 ապրիլի): 

Եթե սրան ավելացնենք ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Տիգրան Բարսեղյանի վերջին աղմկահարույց հարցազրույցում առկա կարեւոր բացահայտումները, ապա կասկածներն ավելի են հիմնավորվում: ԱԱԾ թեման հանրային քննարկումների ասպարեզ նետվեց նաեւ այս տարեվերջին Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի փնտրտուքի եւ փոխադարձ մեղադրանքների համատեքստում. «ՀՀ ազգային անվտանգության ողջ համակարգը, անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո, ռուսական КГБ-ի հետ կապված է հաստ պարանով: Նորանկախ մեր երկիրը բաց դաշտ էր օտարերկրյա հատուկ ծառայությունների եւ նրանց հայ տեղապահների, նախեւառաջ՝ Ռուսաստանի համար: Տարիներ շարունակ ռուսական ազդեցության եւ իրական գործակալները Հայաստանից քամեցին ինքնիշխանության, ինքնուրույն քաղաքականության, հասարակական դիմադրողականության ողջ կենսանյութը» («Ազգային անվտանգության հայկական մոլորությունը», 6 փետրվարի):  

Ընդհանրապես, ԱԱԾ-ի թեման անցնող տարվա քաղաքական հիթերից էր, որն ասպարեզ նետվեց Արթուր Վանեցյանի հրաժարականով, դրա տեքստով եւ դեպքերի զարգացման հաջորդականությամբ: «Հեղափոխական եւ հանրության սիրեցյալ վարչապետին Վանեցյանը կոչ էր անում կանգ առնել եւ սթափվել: Ակնհայտ էր, որ մեկ տարի առաջ Փաշինյանի ձեռամբ ԱԱԾ տնօրենի ներգրավումը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, նրա ակտիվ դերակատարումը աղմկահարույց հանցագործությունների բացահայտմանը, նրա տեղափոխումը կառավարական ամառանոց, հանդիպումները օտարերկրյա դիվանագետների հետ մեծացնելու էին ոչ միայն Վանեցյանի հավակնությունները, հեղինակությունը, ոչ միայն Փաշինյանի իշխանության վտանգները, այլեւ ԱԱԾ-ի դերակատարումը եւ ազդեցությունը ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության վրա» («Հայտնի անհայտներով քաղաքական հավասարումը», 25 սեպտեմբերի):    

Հայաստանում իշխանության առերեւույթ ուժի եւ Նիկոլի սպառնալիքների տակ իրականում թաքնված էին իշխանության թուլությունն ու անիշխանության վտանգը, որի համար լակմուսի թուղթ էր Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որը «նաեւ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը, երթեւեկելով ծառայողական մեքենայով, անգամ հեծանիվ վարելիս շրջապատված թիկնապահներով, թռչելով իր 350 000 դոլար արժողությամբ ինքնաթիռով,  ինքնանկարներ անելիս եւ ուղիղ եթեր մտնելիս չի նկատել, որ իշխանության այս պարգեւների միջից ոչ միայն կորցնում է իրական իշխանությունը, այլեւ չի նկատում պետականության այն վտանգները, որին հասցրել են թե՛ իր ձախողված քաղաքականությունը, թե՛ արագ հավաքագրվող հակահեղափոխությունը» («Անիշխանություն», 24 հուլիսի):

Անցնող տարվա քաղաքական թեմաներից էին ղարաբաղյան հիմնախնդիրը, խաղաղության օրակարգը, Երեւան-Ստեփանակերտ բարդ փոխհարաբերությունները: Ղարաբաղյան թեման միշտ եղել է ներհայաստանյան զարգացումների առանցքը եւ շարունակելու է մնալ նաեւ հաջորդ՝ 2020թ. քաղաքական հիմնական թեմաներից մեկը, այդ իսկ պատճառով տարեվերջյան այս ամփոփիչ հոդվածում դրան չեմ անդրադառնա: Նույն պատճառով չեմ անդրադառնա նաեւ հայ-ռուսական հարաբերություններին, ՀՀ անփոփոխ անհեռատես արտաքին քաղաքականությանը, որոնք շարունակվելու բոլոր ազդակները, ցավոք, պահպանել են:

Ներհայաստանյան քաղաքական իրողությունների հարահոսում շարունակվում էր ոչ միայն նախկինների եւ ներկաների հարատեւ կռիվը, այլեւ նախկինների խոտոր ճանապարհի կրկնությունը. «Հայկական քաղաքական պարդադիգման անվերջ կրկնվում է. նախկինների եւ ներկաների բախումը, հակադրությունը, սխալների կրկնությունը հաջորդում են միմյանց եւ ամբողջանում՝ կազմելով քաղաքական ձախողումների հարացույցը: Այս քաղաքական դաշտը երեսուն տարի շարունակ տալիս է նույն դառնահամ պտուղները: Այսօրինակ կրկնությունների արդյունքում, Հայաստանի հանրության մի մասին թվում է, որ փոխվում են քաղաքական իշխանության դերակատարները, սակայն ոչ՝ իշխանությունը» («Նախկինները եւ ներկաները», 27 մարտի):

Հոդվածներիս մի մասը նաեւ քո մասին է, սիրելի՛ ընթերցող, սիրո եւ ատելության, հույզերի գերիշխանության, հերոսության եւ դավաճանության քո անփոփոխ ընկալումների, քաղաքական քո շփոթվածության, արեւելյան հետադեմ հանրություն դառնալու` քեզ պարտադրված ճանապարհի մասին: 

Ամփոփելով անցնող 2019թ. այսեւայլ գնահատականներս եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխության թերակատարությունը՝ քաղաքական արդյունքների բացակայությամբ, պետք է արձանագրեմ, որ հեղափոխությունը,  վերջնարդյունքում, պարտվել է ոչ միայն հակահեղափոխությանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքական թիմին: Հետհեղափոխական այս տարուբեր ընթացքի մասին գրելիս ես, ցավոք, ճիշտ էի, Նիկոլը, դժբախտաբար, սխալվեց՝ անտեսելով, որ գաղափարազրկությունը, ապաքաղաքականությունը, քաղաքական օրակարգի բացակայությունը, պետականաշինության վայրիվերումները կարող են պարտության մատնել ոչ միայն հայկական թավշյա հեղափոխությանը, այլեւ պետականությանը:
Թեպետ, անկեղծ ասած, կուզենայի այս դեպքում ես սխալվել, Նիկոլը՝ ճիշտ լիներ: