Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 16-18 կարճատև աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մայրաքաղաք Կահիրեում հանդիպումներ է ունեցել գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ. Yerkir.am-ին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:
ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախում հարկային քաղաքականությունը և խոշոր ներդրողների համար գործող արտոնյալ պայմանները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Արցախի տնտեսության որոշ ոլորտներում ներդրումների իրականացման հեռանկարների շուրջ։
Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆուդա Սիդիք Մուհամադի հետ։
ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Եգիպտոսի իշխանությունների կողմից հայկական համայնքի նկատմամբ ավանդական բարեկամական վերաբերմունքը՝ նշելով երկրի զարգացման գործում հայերի ունեցած կարևոր ներդրումն ու դերակատարությունը։
Հանդիպմանը Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետությունում տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղությունները։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը, հատկապես առանձնացնելով զբոսաշրջության ոլորտը, անդրադարձ է կատարել Արցախի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հանրապետությունում իրականացվող տարաբնույթ նախաձեռնություններին, որոնք բավականին գոհացուցիչ արդյունքներ են ապահովում։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել զբոսաշրջության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հաստատման և զարգացման շուրջ։
Կահիրեում Մասիս Մայիլյանը նաև այցելել է Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և հանդիպումներ ունեցել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանի և թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի հետ։