Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ադրբեջանի խորհրդարանի ցրումը Փաշաևների կլանի հաղթանակն է իշխանության համար պայքարի առաջին ռաունդում, պայքար, որը մղվում է Ռամիզ Մեհթիևի գլխավորած՝ Հայաստանից և Նախիջևանից սերող պահպանողական խմբավորման հետ: Ըստ Yerkir.am-ի` EADaily-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ԵՄ-ում և ԵԽ-ում Ադրբեջանի նախկին դեսպան, ներկայումս քաղաքական վտարանդի Արիֆ Մամեդովը՝ նաև խոսելով Ադրբեջանի ներքաղաքական իրադրության և Ղարաբաղյան կարգավորման վրա դրա ազդեցության մասին:
Նա հատուկ շեշտել է, որ իշխող կուսակցության՝ խորհրդարանը ցրելու նախաձեռնությունն իրականում իշխող ընտանիքի որոշումն է, որի նպատակը նախագահ Իլհամ Ալիևից իշխանության փոխանցում է նրա կնոջը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային (Փաշաևա): Մամեդովի կարծիքով՝ թեև խորհրդարանի ներկայիս կազմը հնարավորություն տալիս է Ալիևին անցկացնելու ցանկացած որոշում, սակայն խորհրդարանի վարկանիշը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, «այնքան այլանդակ է», որ նման խորհրդարանով արտահերթ նախագահական ընտրությունների գնալը կարող է մեծ հարված հասցնել նոր նախագահի վարկանիշին:
«Խորհրդարանում կան մի քանի պատգամավորներ, որոնք մասնակից են միջազգային կոռուպցիոն սկանդալների, այդ թվում երկուսը Եվրոպայի խորհրդի պատմության մեջ ամենահնչեղ կոռուպցիոն սկանդալի՝ «խավիարային դիվանագիտության» հիմնական դերակատարներն են: Բացի այդ՝ խորհրդարանի ներկայիս կազմը ձևավորվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի ցուցակով՝ ուժերի՝ 2015-ին եղած դասավորությունը հաշվի առնելով: Ներկայումս պաշտոնանկ արված նախարար-օլիգարխներից շատերը խորհրդարանում ունեին 5-20 պատգամավոր, և հայտնի չէ, թե ինչպես նրանք կդրսևորեն իրենց չնախատեսված իրավիճակներում»,- նշել է Արիֆ Մամեդովը՝ հավելելով, որ ՌԴ նախագահի կողմից Մեհրիբան Ալիևային տրված շքանշանը հավաստում է, որ Կրեմլն այնքան էլ դեմ չէ, որ նա «գահը ժառանգի»:
Ինչ վերաբերում է կարծիքներին, որ խորհրդարանի ինքնաարձակումը իշխանության ներքին ճգնաժամի հետևանք է՝ «վերևից հեղափոխություն», Մամեդովը շեշտել է, որ ամբողջ իշխանությունն է խոր ճգնաժամում, և տեղի ունեցածն ամենևին «վերևից հեղափոխություն» չէ, այլ իշխանության դեմքը կոսմետիկական փոփոխության ենթարկելու փորձ: Ըստ նրա՝ «ալիևյան թոշակառուների» մերձավոր բարեկամներին բարձր պաշտոնների նշանակելը չի կարելի բարեփոխում համարել, առանց քաղաքական համակարգի, գաղափարախոսության փոփոխության, կոռուպցիայի դեմ պայքարի հնարավոր չէ խոսել բարեփոխումների մասին:
Հարցին, թե կատարվածում ի՞նչ դեր է ունեցել Փաշաևների և Ալիևների կլանների միջև պայքարը, Մամեդովը պատասխանել է, որ Փաշաևների կլանը, Իլհամ Ալիևի աջակցությամբ, կարևոր հաղթանակ է տարել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի ղեկավարած խմբավորման հետ պայքարի առաջին փուլում: «Իլհամ Ալիևը շատ է շտապում, սակայն հայտնի ասացվածքն ասում է՝ շտապես, մարդկանց ծիծաղը կշարժես: Իրավապահ կառույցների վերահսկողությունը դեռևս պահպանողական կլանի ձեռքում է, որը տանել չի կարողանում Փաշաևներին: Կարծում եմ՝ վաղ է խոսել Փաշաևների հաղթանակի մասին: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության շինելից դուրս եկած հին թիմը զգույշ է գործում և պատրաստվում է պատասխան հարվածի: Նախատեսվող խորհրդարանական ընտրությունները ռևանշի հիանալի հնարավորություն են պահպանողականների համար: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս Փաշաևներին վարկաբեկող նյութերի զանգվածային հոսք կլինի, այդ թվում՝ տեսանյութերի»,- նշել է Արիֆ Մամեդովը:
Ըստ նրա՝ երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորություն չկա, իրականում պատգամավորների թեկնածությունները հաստատում են իշխանությունները, և եթե նախկինում այդ ցուցակը հաստատվում էր Ռամիզ Մեհթիևի կողմից, անցկացվելիք ընտրություններում դա անելու է Մեհրիբան Ալիևան:
Հարցին՝ ինչպե՞ս կազդեն ներվերնախավային փոփոխությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Մամեդովը պատասխանել է. «Կարծում եմ՝ երկրի բոլոր խելամիտ քաղաքական ուժերը, կուսակցությունները հասկանում են, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Նախորդ պատերազմում երկու կողմից էլ ավելի քան 30 հազար մարդ զոհվեց՝ այն պարագայում, երբ զինված ուժերը սաղմնային վիճակում էին, երբ ռազմական տեխնիկայով հագեցվածությունը ցածր մակարդակի վրա էր: Այսօր կողմերն ունեն սպառազինությունների ժամանակակից համակարգեր, վարժեցված ու պատրաստված զինված ուժեր: Պետք է գիտակցել, որ նոր պատերազմի դեպքում զոհերի թիվն օրական կհաշվվի ոչ թե տասնյակներով, այլ հարյուրներով՝ ներառյալ խաղաղ բնակչությունը, երկրների տնտեսությանն անվերականգնելի վնաս կհասցվի»:
Մամեդովը հակամարտության լուծումը տեսնում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ճանաչման մեջ, ընդ որում՝ համարում է, որ թափանցիկ պետք է ճանաչել երկրների միջև ներքին սահմանները՝ ապահովելով մարդկանց տեղաշարժի, ծառայությունների և ապրանքների տեղափոխման ազատությունը:
«Հարկավոր է դուրս գալ արհեստական «գզրոցներից», որոնք այս տարիների ընթացքում ստեղծվել են բանակցային գործընթացում: Շատ կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև վստահության մակարդակը: Առանց երկու երկրների ղեկավարների միջև լիակատար վստահության, իսկ ամենակարևորն է՝ առանց երկրների հասարակությունների միջև վստահության և աջակցության հնարավոր չեն բարդ փոխզիջումային որոշումներ: Եվ ամեն ինչ հանգում է երկու երկրներում ժողովրդավարության մակարդակին. բռնապետը բռնապետի հետ կամ դեմոկրատը բռնապետի հետ չեն կարող կարգավորել այդ հակամարտությունը: Հակամարտության կարգավորման պարտադիր պայման է ժողովրդավարական ռեժիմների առկայությունը երկու պետություններում էլ»,- ասել է Արիֆ Մամեդովը՝ հավելելով, որ չեն կարող լինել որոշումներ, որոնք 100 տոկոսով ընդունելի կլինեն կողմերի համար, սակայն կարելի է սկսել փոքր քայլերից և հասնել լիակատար վստահության: