կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-25 12:18
Իրավական

Դեղատան աշխատակցի կողմից վաճառվել են թմրամիջոց պարունակող դեղահաբեր. ՔԿ

Դեղատան աշխատակցի կողմից վաճառվել են թմրամիջոց պարունակող դեղահաբեր. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում պարզվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի. Yerkir.am-ին հայտնում են քննչական կոմիտեից:

2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության զեկուցագրի համաձայն՝ նույն օրը` ժամը 17:45-ին, Երևան քաղաքի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված քաղաքացու անձնական խուզարկությամբ վերջինիս աջ ոտքի գուլպայից հայտնաբերվել է 1 «LYRICA 300mg» գրառմամբ դեղապարկուճ:

Քաղաքացին նշված դեղապարկուճը  գնել է Երևան քաղաքի դեղատներից մեկից:

Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 1 դեղապատիճում առկա 0.398 գրամ քաշով սպիտակ գույնի փոշենման զանգվածը իր մեջ պարունակում է «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ: Նշված դեղատանը կատարվել է  խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել է 56 հատ «LYRICA 300mg» գրառմամբ դեղահաբ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ՝ «LYRICA 300mg» գրառմամբ, թվով 4 անվնաս դեղաթիթեղում առկա ընդհանուր 56 հատ դեղապատիճում հայտնաբերվել է «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Պարզվել է այն անձի ինքնությունը, ումից դեղատան տնօրենը ձեռք է բերել «Լիրիկա» տեսակի թմրամիջոցը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Պարզվել է նաև, որ «Լիրիկա» տեսակի դեղահաբերը վաճառվել են նաև դեղատան աշխատակցի կողմից:

Երևանի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին, ինչը բավարարվել է:

Դեղատան տնօրենը և աշխատակիցը ներգրավվել են որպես կասկածյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: