| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ներկայիս դրությամբ հանդիպում չի պլանավորվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Այն հարցին, թե ԼՂ հիմնախնդրի առնչությամբ վերջին հայտարարությունները որևէ կերպ ազդեցություն ունեցել են բանակցային գործընթացի վրա, թե՞ ոչ և ինչպիսի՞ն են առաջիկա ակնկալիքները, նախարարը պատասխանել է.
«Մենք թիրախային և նպատակաուղղված աշխատում ենք բանակցային գործընթացի մեջ: Բոլոր այն դիրքորոշումները, որոնցով մենք հանդես ենք գալիս, որոնք ձեզ առավել քան ծանոթ են, որովհետև բազմիցս ենք խոսել դրա մասին, և այդ բոլոր համադրություններով հանդերձ մենք աշխատում ենք բանակցային գործընթացում, աշխատում ենք թիրախային: Մենք երբևէ չենք դանդաղեցրել, ձգձգել հետևողական հանդիպումները, գործընթացը. վերջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերին, հաջորդը լինելու է շատ շուտով՝ նախարարների մակարդակով»,-նշել է նա:
Նախարարի խոսքով՝ կան որոշ պայմանավորվածություններ, կան գաղափարներ, թե ինչպես կարելի է հանդիպումները կազմակերպել:
«Այդ առումով մենք գործ ունենք անելու, և ամենակարևորը այդ գործի մեջ այն է, որ մենք ունենք մեր հստակ դիրքորոշումները՝ ուղղված այնպիսի ձևաչափ և դաշտ ապահովելուն, որտեղ կողմերի պարտավորությունները համադրելի լինեն: Չի կարող լինել իրավիճակ, երբ մի կողմն իր առավելապաշտական դիրքորոշումներով փորձի ստանալ ամենը, իսկ մյուս կողմը՝ ոչ: Սա փակուղի է տանում: Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք վերաբերում են այնպիսի համադրության, որտեղ արտացոլվեն մեր առաջնահերթությունները՝ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը: Այս երկու բառերը պարունակում են ծավալուն գաղափարներ: Ես դա երկու բառով եմ ձևակերպում, բայց նրանցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է բովանդակություն»,-ընդգծել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: