Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ազգային ժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված` «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի նախագիծն Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն:
Հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով, որոնք անհրաժեշտություն են առաջացրել համապատասխանեցնել առկա իրավակարգավորումները սահմանադրության փոփոխություններին:
ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ նախագծի որոշ դրույթներ լրամշակման կարիք ունեն, և քանի որ նախագիծը ներկայացնելու ժամկետները սուղ էին, նախագիծը հիմնական կարգավորումներով ներկայացվեց: Խոսելով նախագծով առաջարկվող նոր փոփոխությունների մասին՝ պաշտպանը նշեց, որ նախագիծը սահմանում է պաշտպանի անձեռնմխելիության երաշխիքը: Այսինքն՝ պաշտպանն իր լիազորությունների ժամկետի ընթացքում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:
«Օրենքի նախագծում դրույթ կա նաև պաշտպանի՝ ԱԺ-ում մշտական ներկայացուցիչ ունենալու վերաբերյալ: Սա հնարավորություն կտա մշտապես իմանալու՝ ի՞նչ իրավիճակ է: Կարևոր է, որպեսզի ներկայացուցիչը ԱԺ-ում օրենքների բարելավման պրոցեսում ներգրավված լինի, որպեսզի հետագայում՝ օրենքը ընդունվելուց հետո միայն չբարձրաձայնի խնդիրների մասին»,- ասաց նա:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է նաև, որ յուրաքանչյուր մարզում պաշտպանը պետք է ներկայացուցիչ ունենա: Թաթոյանի խոսքով՝ այսօր ՄԻՊ-ն ընդամենը երեք մարզում երկուական ներկայացուցիչ ունի, և անհնար է, որ ամեն անգամ արագ արձագանքման խմբերը Երևանից արդյունավետ հասնեն տվյալ մարզ:
«Իմ համոզմունքն այն է, որ ՄԻՊ ներկայացուցիչը պետք է լիարժեք տիրապետի մարզում առկա` մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին»,- ասաց նա:
Թաթոյանը կարևորեց նաև օրենքով նախատեսվող ՝ ՄԻՊ աշխատակցին հարցաքննելու արգելք սահմանելու վերաբերյալ դրույթը: «Հարցաքննել արգելելով` ոչ թե պաշտպանին ենք պաշտպանում, այլ նրա ունեցած ինֆորմացիան»,- ասաց նա:
Նշենք, որ նոր նախագծով՝ ուժեղացվել են պաշտպանի լիազորությունները` խոշտանգումների կամ այլ վատ վերաբերմունքի դրսևորումների կանխարգելման տեսանկյունից:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ նախագծով առաջարկվող դրույթներից կարևոր է մարզերում ներկայացուցիչներ ունենալը, հատկապես` այն մարզերում, որտեղ կան ազատազրկման հիմնարկներ կամ հոգեբուժական հաստատություններ:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ նշեց, որ օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի: Նա առաջարկեց, նախքան նախագիծը նիստերի օրակարգում ներառելը, հանրային քննարկումներ անցկացնել, լսել իրավապաշտպանների կարծիքը և այլն:
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ առաջարկեց հանրային քննարկմանը մասնակից դարձնել նաև ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին, ինչը հավանության արժանացավ հանձնաժողովի անդամների կողմից:
Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության փոփոխություններով առանձին գլուխ է նվիրված մարդու իրավունքների պաշտպանին: Սահմանադրության փոփոխությունների 10-րդ գլխում դրույթներ են ամրագրված Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների եւ լիազորությունների, մարդու իրավունքների պաշտպանի ընտրության, գործունեության երաշխիքների վերաբերյալ:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետության բարձրացում, Պաշտպանի եւ նրա աշխատակազմի անկախության երաշխիքների ամրապնդում, ինչպես նաեւ որոշ՝ ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում: