կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-26 15:37
Հասարակություն

84 հյուր՝ 21 երկրից. ԵՊՀ-ն պաշտոնապես ընդունել է օտարերկրյա հյուրերին

84 հյուր՝ 21 երկրից. ԵՊՀ-ն պաշտոնապես ընդունել է օտարերկրյա հյուրերին
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա հյուրերի պաշտոնական ընդունելություն՝ ըստ պատվիրակությունների: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքէջից:

Այս տարի ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնակցում է 84 հյուր 21 երկրից՝  Բելառուսից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Չեխիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից և այլ պետություններից:

Հյուրերին առաջինը ողջունեց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը, որից հետո նրանք այցելեցին Լ. Ղարիբջանյանի անվան ԵՊՀ պատմության թանգարան և ծանոթացան համալսարանի հիմնադրման պատմությանը:

Մեզ հետ զրույցում Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Թիթյեն նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառմանը:

«Ես շատ եմ կարևորում այն բարեկամական հարաբերությունները, որոնք ստեղծվել են մեր երկու համալսարանների միջև, ապագայում ծրագրում ենք սերտացնել  մեր համագործակցությունը՝ ավելի շատ ուսանողներ ներգրավելով տարբեր ծրագրերում»,- ասաց Քրիստիան Թիթյեն:

Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի պրոֆեսոր Վահան Հակոբյանը կարևորեց այն մեծ դերը, որ համալսարանն ունի սերունդներին կրթելու գործում:

«Գաղտնիք չէ, որ համալսարանի ամենակարևոր գործառույթներից մեկն ապագա սերունդների կրթության գործառույթն է, և ուրախ եմ, որ Երևանի պետական համալսարանն արդեն հարյուր տարի պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը,- ասաց Վահան Հակոբյանը,- ցանկանում եմ նաև նշել, որ նախատեսում ենք ընդլայնել համալսարանի հետ համագործակցությունը՝ իրականացնելով փոխանակման ծրագրեր»:

ԵՊՀ-ի հարյուրամյակը շնորհավորեց նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

«ԵՊՀ-ն հիմնադրվել է  Հայաստանի համար  համար շատ ծանր և դժվարին ժամանակահատվածում և այն քիչ կառույցներից է, որը կարողացել է այս տարիների ընթացքում անխափան կատարել իր աշխատանքը,- ասաց Ռուբեն Մելքոնյանը,- մեծ է համալսարանի դերը կրթական ավանդույթների ստեղծման և դրանց պահպանման գործում: Ես փորձելու եմ շարունակել և հաջորդ սերունդներին փոխանցել այն կրթական ավանդույթները, որոնք ստեղծվել են այս տարիների ընթացքում»:

 

Այսօր տեղի է ունենալու նաև ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որի ընթացքում նախատեսվում են ակադեմիական ազատության մասին հռչակագրի ընդունում և պարգևատրման արարողություն: