կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-20 15:13
Քաղաքական

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ենթարկել ռեստարտի». Փաշինյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ենթարկել ռեստարտի». Փաշինյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը ներկա են գտնվել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մեր խորհրդակցության նպատակը հետեւյալն է. հաշվի առնելով նաեւ իրավապահ համակարգում տեղի ունեցած կադրային նշանակալի փոփոխությունները՝ ամփոփել կոռուպցիայի դեմ պայքարի վերջին ավելի քան 1 տարվա արդյունքները եւ այս հարցի կապակցությամբ կողմնորոշվել մեր հետագա անելիքների շուրջ:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք, եւ եթե կարելի է ասել, այս պրոցեսը ենթարկել ռեստարտի, որովհետեւ դա չափազանց կարեւոր եմ համարում ոչ միայն նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելու առումով, այլեւ ես ուղղակի համոզված եմ, որ եթե մենք բավարար չափով սկզբունքային չլինենք այս հարցում՝ կոռուպցիան մի երեւույթ է, որը նոր պայմաններին ադապտացվելու ձեւերը կգտնի եւ փուլ-փուլ, կամաց-կամաց սողացող ձեւով վերադառնալու հատկություններ կցուցաբերի:

Եվ ընդհանրապես, ուզում եմ արձանագրել, որովհետեւ դա սովորաբար հայտնի հանգամանքների բերումով այդպես էլ ընկալվում է, երբ ասում ենք կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ հասկանալի պատճառներով միշտ նկատի են առնվում նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, որ մենք այո՛, դա նկատի ունենք, բայց միայն դա նկատի չունենք եւ նույնքան կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարն այսօրվա իմաստով, այսօրվա պետական կառավարման համակարգի իմաստով:

Եվ ես հույս ունեմ, որ մենք այսօրվա քննարկումների արդյունքում նաեւ կապահովենք իրավապահ համակարգի փոխգործակցության լիարժեքությունը, որովհետեւ այս ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել նաեւ այս ոլորտում: Իհարկե կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար ունի մի քանի կարեւոր նպատակ, դրանցից մեկի մասին ես արդեն ասացի, որը պրոֆիլակտիկ նպատակն է, որ մենք բացառենք կոռուպցիոն երեւույթի վերարմատավորումը Հայաստանի պետական կառավարման համակարգում:

Երկրորդ ուղղությունը եւս շատ կարեւոր է, որ պետությանը եւ ժողովրդին հասցված վնասները վերականգնվեն: Իհարկե, մեկ տարի 4-5 ամիսների տվյալներով մոտավորապես 51 մլրդ դրամ արդեն վերականգնել ենք, որը սկզբունքորեն փոքր գումար չէ, բայց, ըստ էության, նաեւ այն տեղեկատվությունը, որ մենք ունենք եւ գեներացրել ենք, ձեւավորել ենք, մեզ հիմք է տալիս ասելու, որ իրականում այստեղ շատ ավելի մեծ անելիք կա:

Հաջորդ կարեւոր ուղղությունը Հայաստանում, ի վերջո, այս առումով նաեւ կարգ ու կանոն հաստատելու անհրաժեշտությունն է: Քանի որ գիտեմ, որ հարակից մեկնաբանություններ են լինելու, մեր այս գործողությունները միեւնույն ժամանակ չպետք է որեւէ կերպ լինեն կամ ընկալվեն որպես ռեպրեսիաների գործընթաց: Սա նույնպես շատ կարեւոր է: Ողջ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ Հայաստանի ժողովրդավարական, իրավական պետություն լինելու իմիջը որեւէ կերպ չվնասվի եւ հակառակը, ամեն մի նման գործողություն եւ ամեն շարժում այդ ուղղությամբ ավելի ուժեղացնի մեր երկրի ոչ միայն իմիջը, այլեւ այդպիսին լինելու իրականությունը»:

Այնուհետեւ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր: