կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-18 17:15
Սպորտ

58 տարի առաջ թուրքական բանակը կախաղան հանեց իշխանություններին

58 տարի առաջ թուրքական բանակը կախաղան հանեց իշխանություններին

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, լրացավ Թուրքիայի Հանրապետության 9-րդ վարչապետ Ադնան Մենդերեսին, արտաքին գործերի նախարար Ֆաթին Ռյուշթյու Զորլուին և ֆինանսների նախարար Հասան Փոլաթքանին կախաղան բարձրացնելու 58-րդ տարելիցը: Ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը վայելող «Ժողովրդավարական» կուսակցությանը (Demokrat Parti) վիճակված չէր երկար կյանք ունենալ պոպուլիզմի և ժողովրդի աջակցության շնորհիվ բռնապետություն հաստատելու պատճառով: Կայծակնային  էր կուսակցության ինչպես վերելքը, այնպես էլ՝ անկումը: Վարչապետ Մենդերեսի ինքնավստահությունն ու աստվածացումը հանգեցրեց դժգոհությունների լայն ալիքի, որն էլ հանգեցրեց երկրի պատմության մեջ առաջին ռազմական միջամտությանը՝ 1960 թ. ռազմական հեղաշրջմանը:

Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը (Cumhuriyet Halk Partisi) միակուսակցական համակարգի պայմաններում մինչև 1950 թ. միանձնյա իշխում էր երկրում: Աճող դժգոհության և միջազգային ճնշումների հետևանքով ՀԺԿ-ն ստիպված եղավ տեղի տալ և թույլատրել այլ կուսակցությունների հիմնումը, ինչի արդյունքը եղավ այն, որ 1950 թ. ընտրություններին թույլատրվեց մասնակցել նաև այլ կուսակցությունների: Դրանից առաջ՝ 1945 թ. , կուսակցությունից հեռացել էին երկրի նախկին վարչապետ, քեմալական շարժման կարկառուն դեմքերից և Աթաթուրքի մտերիմ Ջելալ Բայարը, կալվածատեր Ադնան Մենդերեսը և հայտնի թուրք գրականագետ Ֆուաթ Քյոփրյուլյուն, որոնք էլ հաջորդ տարի հիմնեցին նոր՝ Ժողովրդավարական կուսակցությունը: Ընտրություններում Ժողովրդավարական կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ տարավ, ինչն ինքնավստահություն ներշնչեց կուսակցության ղեկավարներին: Ընտրություններից հետո Բայարը դարձավ նախագահ, իսկ Մենդերեսը՝ վարչապետ:

1950-ական թվականների առաջին տարիները նշանավորվեցին նրանով, որ հայտնի՝ Մարշալի պլանով Թուրքիային հատկացվեց խոշոր աջակցություն, որի շնորհիվ տնտեսությունը վերելք ապրեց, ենթակառուցվածքները բարեկարգվեցին: Ի տարբերություն լայիցիզմի (աշխարհիկության) ջատագով ՀԺԿ-իб ԺԿ-ն, լինելով իսլամական արժեքների կրող, թուլացրեց երկրում առկա հակաիսլամական մթնոլորտը: Մինչև 1950-ականները Թուրքիայում թույլ էր ուրբանիզացիան, բնակչությունը մեծ մասամբ կենտրոնացած էր գյուղերում, իսկ գյուղական բնակչությանը հասու և ընդունելի չէր աշխարհիկությունը: Եվ հենց սա էլ կարելի է համարել Մենդերեսի հաջողության գլխավոր գործոններից մեկը:

Երկրի զարգացման ֆոնին՝ հաջորդ՝ 1954 թ. ընտրություններում կուսակցության հաղթանակն ավելի տպավորիչ էր: Վայելելով ժողովրդի լայն աջակցությունը՝ Մենդերեսի իշխանության մեջ նկատվեցին արդեն բռնապետական նկրտումները: Նա այնքան ինքնավստահ էր դարձել, որ արդեն հայտարարում էր. «Եթե փայտի թեկնածությունը դնեմ, պատգամավոր կընտրվի» (Ben odunu aday göstersem milletvekili seçtiririm): Մենդերեսին սկսեցին սրբացնել (նրա ինքնաթիռը կործանվեց, սակայն վարչապետն անգամ քերծվածք չստացավ, և նրան հայտարարեցին մարգարե):

Իշխանության գալով՝ Մենդերեսը սկսեց նախկինների կադրերից ազատվելու գործընթաց: Քանի որ ՀԺԿ-ի հենարանն այդ ժամանակ համարվում էր բանակը, որը հսկայական ազդեցություն էր ունենում երկրում ընթացող զարգացումների վրա, Մենդերեսը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկ արեց՝ նրանց փոխարեն նշանակելով իրեն հավատարիմ մարդկանց: Սկսվեց ՀԺԿ-ի ունեզրկման, կուսակցության ղեկավարների հետապնդման քաղաքականությունը:

Սակայն 1950-ականների երկրորդ կեսից թուլացավ արտաքին աջակցությունը, և երկրում սկսվեց տնտեսական ճգնաժամ: Հասունացող ճգնաժամի, երկրի իսլամացման և Աթաթուրքի սկզբունքներից հրաժարվելու արդյունքում Աթաթուրքի «սկզբունքների պահապան» զինվորականները որոշեցին իրենց ձեռքը վերցնել վերահսկողությունը, և 1960 թ. մայիսի 27-ին տեղի ունեցավ երկրի առաջին ռազմական հեղաշրջումը: Ջելալ Բայարը, Ադնան Մենդերեսը և  ղեկավար այլ անձինք ձերբակալվեցին: Բայարը, Մենդերեսը, Փոլաթքանը և Զորլուն դատապարտվեցին մահվան: Պատկառելի տարիքի և, հավանաբար, նրա հանդեպ տածած հարգանքի պատճառով, քանի որ Աթաթուրքի մտերիմն ու հայտնի քեմալական գործիչ էր, Բայարի մահապատիժը փոխարինվեց բանտարկությամբ, սակայն առողջության վատթարացման պատճառով նա 1964 թ. ազատ արձակվեց (81-ամյա Բայարն ապրեց ևս 22 տարի և մահացավ 103 տարեկանում՝ 1986թ.): 1961 թ. սեպտեմբերի 16-17-ին 3 գործիչները կախաղան բարձրացվեցին:

ԺԿ-ի քաղաքականությունն ու բանակի միջամտությունը Թուրքիային շեղեցին զարգացման ուղուց: Պոպուլիզմի հետևանքով տեղի ունեցած հեղաշրջումից հետո Թուրքիան ուշքի չեկավ մոտ 4 տասնամյակ՝ իրար հաջորդող անհաջող կոալիցիոն կառավարություններ, ռազմական միջամտություններ:

Թուրքիայի օրինակը լավագույններից է՝ ցույց տալու համար պոպուլիզմի կործանարար հետևանքները: Եվ եթե համեմատաբար զարգացած Թուրքիան գտնվում էր գերտերությունների շահերի կիզակետում և, օգտագործելով այդ հանգամանքը, կարողանում էր «քարից հաց քամել», ապա ավելի թույլ պետությունները կարող են ոչ միայն տասնամյակներ հետ ընկնել, այլև կանգնել ավելի լուրջ խնդիրների առջև:

Արգամ Եղիազարյան