կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-11 17:50
Քաղաքական

Այսօր ընդդիմությունը պետք է կենտրոնանա բուն օրակարգերի վրա

Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ

-Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է Դաշնակցությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ ընտրությունները:

-Բավականին լավ որակի ընտրություններ տեղի ունեցան Արցախում: ՀՅԴ-ն, բնականաբար, մասնակցում էր, և 3 կուսակցությունների մեջ երրորդ արդյունքն ենք ունեցել։ Մեկ տասնյակից ավելի համայնքներում ունեցել ենք կուսակցության թեկնածուներ։ Ունեցել ենք թեկնածուներ, օրինակ, Քարվաճառի շրջանում, որ ձայների շատ փոքր տարբերությամբ պարտվել է, իսկ Աղավնոյում հաղթել ենք։ Բազմաթիվ համայնքներում հաջողության են հասել այն թեկնածուները, որոնց մենք պաշտպանել ենք։

–Այս ընտրություններն աննախադե՞պ էին ժողովրդավարության առումով։


-Ընդհանրապես, Արցախի ընտրությունները միշտ բավականին լավ որակի են եղել։ Այս ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին։

-5 ամիս առաջ այն հարցին, թե հնարավո՞ր է Հանրապետական-Դաշնակցություն համագործակցություն արտախորհրդարանական ճակատում, Դուք ասել էիք, որ բաց եք համագործակցության համար։ Արդեն կա՞ այդ համագործակցությունը։

-Այս պահին Հանրապետական կուսակցության հետ համագործակցության օրինակներ չունենք, բայց մենք շարունակում ենք նույն քաղաքականությունը. եթե կան օրակարգեր, որոնք բխում են մեր ծրագրերից, համագործակցությունը չենք բացառում արտախորհրդարանական տարբեր ուժերի հետ։ Անցնող ժամանակահատվածում մենք արտախորհրդարանական ուժերի հետ մի քանի համագործակցության լավ փորձ ունենք, մեկ-երկու օրակարգով համագործակցել ենք և առաջիկայում ևս փորձելու ենք, ընդհանուր օրակարգեր ունենալու դեպքում, շարունակել համագործակցել։

-Պարոն Սաղաթելյան, որո՞նք են այն խնդիրները, որ այսօր կարող են միավորել արտախորհրդարանական ուժերին։

-Դրանք բազմաթիվ են, բայց արտախորհրդարանական ուժերն ունեն նաև իրենց ուրույն օրակարգերը։ Շատ հարցերում հնարավոր չէ նաև ընդհանուր համախմբում կազմակերպել։ Ես կարծում եմ՝ այսօրվա ընդդիմության հիմնական և կարևոր խնդիրներից մեկն է՝ լինել զսպաշապիկ այսօրվա իշխանության համար և թույլ չտալ բարեփոխումների ու այլ լոզունգների տակ երկրում հաստատել մեկ մարդու իշխանություն։ Եվ որքան Հայաստանում լինի կազմակերպված և կայացած ընդդիմություն, դա բխում է մեր ժողովրդի շահերից։

-Մի քանի օր առաջ Միքայել Մինասյանը հայտարարել է, որ Հայաստանում ընդդիմություն չկա, որովհետև եղած ուժերի ուզածը ռևանշիզմն է։ Դուք համաձա՞յն եք եք նրա հետ։

-ՀՅԴ-ի պարագայում որևէ մեկը չի կարող նման բան ասել, ՀՅԴ-ն իրական արմատական, գաղափարական ընդդիմություն է։ Անցնող ժամանակահատվածում տարբերվել ենք նաև հենց դրանով, որ մենք ոչ միայն քննադատել ենք իշխանություններին քաղաքականության համար, այլև ներկայացրել ենք այլընտրանքը։

-Ադեկվատ կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Դանիելյանը հայտարարել է, որ ընդդիմության կոնսոլիդացիայի համար առաջնորդի լավագույն թեկնածուն Միքայել Մինասյանն է, ու նա այդպիսին է նաև Դաշնակցության համար։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։

-Ես լուրջ չեմ վերաբերվում իր այդ հայտարարությանը։ Դա կեղծ, հնարովի, արհեստական օրակարգ է և ընդդիմադիր դաշտում նման խնդիր չկա։

-Ընդդիմության դաշտում կա՞ այնպիսի խնդիր, որ ինչ-որ մեկն անպայման պետք է առաջնորդի նրան։

-Ես կարծում եմ՝ այսօր ընդդիմությունը պետք է ոչ թե փնտրի առաջնորդ և դրա վրա ժամանակ ծախսի ու հնարավոր սրացումներ առաջացնի ընդդիմության դաշտում, այլ պետք է կենտրոնանա բուն օրակարգերի վրա և նման կեղծ, շինծու, բանսարկու բաների վրա ժամանակ չծախսի։

-Դաշնակցությունն այսօր ունի՞ իշխանության հետ համագործակցության եզրեր։

-Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, և հաճախ սա այլ կերպ են մեկնաբանում, որ որտեղ կա պետության շահ, կա ժողովրդի և պետության իրավունքների պաշտպանության հարց և խնդիր, հատկապես՝ Հայաստանից դուրս, մենք կանգնելու ենք պետության կողքին, ո՛չ իշխանության։ Այս իմաստով մենք համագործակցության օրինակներ այս ընթացքում ունեցել ենք և շարունակելու ենք ունենալ։ Սա չի նշանակում, որ մենք մեր քայլերով և գործողություններով նպաստելու ենք իշխանության հեղինակության բարձրացմանը, իշխանության հետ ենք համագործակցում։ Բայց հարցեր կան, որ, այո՛, մենք հանուն պետության համագործակցելու ենք։ Եթե պետությունն ունի խնդիր, կապ չունի, թե ովքեր են իշխանության գլխին, մենք համագործակցելու ենք։

-Դուք Ամուլսարի հարցում սպասու՞մ եք հանրային ըմբոստացում։

-Մենք կարծում ենք, որ, այո՛, իրավիճակը բավականին կթեժանա, և այս ամենի մեղավորը Հայաստանի իշխանություններն են, որոնք այս մեկ տարվա ընթացքում հասարակության մեջ ձևավորեցին չարդարացված սպասումներ։

-Այսինքն՝ հասարակությունը սպասում էր, որ չի՞ շահագործվելու:

-Այո՛, ու այդ սպասումը ձևավորել էր իշխանությունն իր ոչ հետևողական քայլերի ու պոպուլիզմի արդյունքում։ Այսօր ունենք իրականություն, երբ իշխանությունը խնդիր ունի։ Եվ եթե նա առանց կասկածները փարատելու գնա հանքի շահագործման, սրացումներ լինելու են։

-Վարչապետն ասում է, որ Ամուլսարը չշահագործելու իրավական հիմքեր չկան։

-Մեկ տարի առաջ ինչո՞ւ չէր ասում այդ մասին, թող մեկ տարի առաջ հասարակությանն ասեր, որ իրավական հիմքեր չկան։ Եվ այն ժամանակ լուծում տար, ու այս լարվածությունը տեղի չէր ունենա։

-Մեկ տարի առաջ նա, գուցե, այդ խորությամբ չէր տիրապետում խնդրին։

-Հենց դա է խնդիրը։

-Այսօր վարչապետն ունի հանրային մեծ վստահություն, ինչո՞ւ չհավատալ նրա խոսքին։

-Մենք չենք ասում, որ իրավական հիմքեր կան, մենք ասում ենք՝ այն բոլոր փաստարկները, որոնք ներկայացնում եք և ասում, որ հանքի շահագործումն անվնաս է, դրանք համոզիչ չեն։ Իմիջիայլոց, առաջիկա երկու օրը մենք կներկայացնենք մեր մասնագիտական եզրակացությունը հանքի շահագործման հետ կապված։ Դրանք կլինեն մեր դիտարկումները՝ ուսումնասիրությունների և հրապարակված եզրակացությունների հիման վրա, որտեղ կլինեն բոլոր մտահոգությունները, ինչպես նաև մեր առաջարկությունները։

-Եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ վտանգ չկա, արժե՞ շահագործել։

-Եթե համոզված փաստարկներով այն բոլոր խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, հիմնավորվեն, կարելի է հանքը շահագործել։ Բայց այս պարագայում դա նպատակահարմար չէ, որովհետև փաստարկները համոզիչ չեն։

-Վարչապետը խնդրել է, որպեսզի ջերմուկցիները բացեն Ամուլսարի ճանապարհը։ Կարծես թե նրա խնդրանքի պատասխանն առայժմ բացասական է։ Ո՞րը պիտի լինի վարչապետի քայլը։

-Վարչապետն ինքը թող որոշի իր քայլերի հաջորդականությունը, հատկապես, որ հաճախ նրա որոշումները շատ ծանր կշռադատված չեն։ Հետևաբար, չեմ կարող կանխատեսել հաջորդ քայլը։ Միայն մի բան պիտի ասեմ, որ ուժով հարց չլուծվի և առիթ չդառնա հասարակությանը ևս մեկ անգամ բաժանելու, կողմերի ու դեմերի բաժանելու։

-Դաշնակցության դիրքորոշումը ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման մասով, հատկապես՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո։

-Դժբախտաբար, մեր երկրում այսօր կա մի երևույթ, այսօր բոլորն իրենց վերապահում են դատախազի կամ դատավորի դեր՝ սկսած ԱԺ պատգամավորից, վերջացրած իր խոհանոցում տոլմա փաթաթող տնային տնտեսուհուց։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում ասելու՝ Քոչարյանը մեղավոր է կամ անմեղ։ ՍԴ-ի հետ կապված, բավականին մասնագիտական հարթության մեջ են քննարկումները։ Ես կարող եմ քաղաքական գնահատական տալ, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ուղղորդված է։ Եվ իրավապահ ու դատական համակարգն իշխանությունների կողմից ենթարկվում է ճնշման: Եվ դա իրականություն է՝ սկսած հայտնի զանգից մինչև դատավորի հետապնդումը: Այս իմաստով մենք մեր մտահոգությունը հայտնել ենք մեկ տարի առաջ։ Սա Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության համար էական նշանակություն ունի։ Եթե վաղն այսօրվա իշխանությունների նկատմամբ մեկ այլ իշխանություն վարվի այնպես, ինչպես վարվում են Ռոբերտ Քոչարյանի հետ, մենք կրկին բարձրաձայնելու ենք։ Ձեր հաջորդ հարցը կանխելու համար ասեմ, որ սա չի նշանակում, որ մենք վաղը Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք ենք կազմելու, բևեռ ենք ձևավորելու։ Սա հատուկ ասում եմ տարբեր շրջանակների մկկոցները կանխելու համար։ Բայց մենք գտնում ենք, որ, այո՛, Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը գնում է ուղղորդված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան