|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հյուրընկալել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Դեսպանին ընդունել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեցին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Խոսվել է երկկողմ հարաբերությունների զարգացման, դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության մասին: Խորհրդի նախագահն իր խոսքում կարևորել է դեսպանի այցը Խորհուրդ ոչ միայն միջազգային համագործակցության, այլև Հայաստանում անկախ, անաչառ դատական իշխանություն ունենալու ճանապարհին իտալական փորձի օգտակարության տեսանկյունից: Նա նաև նշել է, որ Խորհուրդը պատրաստակամ է, բաց և թափանցիկ ցանկացած արդյունավետ համագործակցության համար:
Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, շնորհավորելով Ռուբեն Վարդազարյանին Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա, իր հերթին, ընդգծել է իր պատրաստակամությունը` իրավունքի գերակայության շրջանակում Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված գործընթացներում: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս:
Առաջիկայում Հայաստան կժամանի Իտալիայի դատական խորհրդի պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ հստակեցնելու փոխհամագործակցության հուշագրի կազմման շրջանակները: