կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-02 18:32
Իրավական

ՔԿ-ի վարույթում է տուրգործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքով քրգործը

ՔԿ-ի վարույթում է տուրգործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքով քրգործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում են գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի:

Հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրինությունը դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ծովափնյա քաղաքներում հանգիստ կազմակերպելու պատրվակով 2019թ. սկզբից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքագրել է բազմաթիվ հաճախորդների, որոնցից մի մասին նաև ուղևորափոխադրել դեպի նշված հանգստի վայրեր:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ չարաշահելով հաճախորդների և գործակալությունների ներկայացուցիչների վստահությունը՝ հիշյալ տուրիստական գործակալությունը փաստացի ստացել է ուղևորությունը կազմակերպելու համար նախատեսված գումարները, սակայն դրանց զգալի մասը չի փոխանցվել իրենց հետ համագործակցող չարթերային ավիափոխադրում իրականացնող ընկերությանը՝ այդ կերպ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:

Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիների ավիափոխադրումն իրականացրել է ՀՀ կառավարությունը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նախաքննությունը կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի: