կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 10:47
Իրավական

Ինչո՞ւ են պատժում դատավոր Դավիթ Գրիգորյանին․ «Փաստ»

Ինչո՞ւ են պատժում դատավոր Դավիթ Գրիգորյանին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայտնի է, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ ար­ձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին պաշ­տոնական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Դատավորի լիազորությունները ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կասեցվել են։ Բնականաբար, սպասելի էր, որ տարբեր մեկնաբանությունների առիթ էր դառնալու այս իրողությունը։ Շատերը, այդ թվում՝ փաստաբաններ, իրավաբաններ, վստահ են, որ տեղի է ունենում դատավորի նկատմամբ քաղաքական հետապնդում, քանի որ նրա նկատմամբ իրավապահներն առանձնահա­տուկ ուշադրություն դրսևորեցին միայն այն բանից հետո, երբ կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին։

Ընդ որում՝ փաստաբան­ները նկատում են, որ դատավորի աշխատա­սենյակի խուզարկությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներով։Իհարկե, նման մեղադրանքներն իրենց բնույթով շատ լուրջ են, երբ իրավապահներին կասկածում են քաղաքական պատվեր կատարելու մեջ։ Եվ ահա ՀՀ դատախազու­թյունը հանդես է եկել պարզաբանմամբ։ Ըստ այդ հայտարարության, 2018թ. սեպ­տեմբերի 14-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը, ներկա չգտնվելով ինչ-որ դատական նիստին համապատասխան դատարանի շենքում, բոլորովին այլ վայրից նիստերի քարտուղարի օժանդակությամբ անձնական դրդումով կազմել է տվել կեղծ արձանագրու­թյուն, որ իբր նույն օրը դատական նիստ է արել, բայց նիստին չեն ներկայացել պատ­շաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննու­թյան մարմնի եւ դատախազության ներկա­յացուցիչները, որի հիմքով դատական նիս­տը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր։

Ըստ դատախազության, դատավորը, փաստացի, պաշտոնական կեղծիք է թույլ տվել։ «Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը եւ նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատա­կան նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղա­րի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն»,– ասված է դատախազության հայտարարության մեջ։

Պետք է նշել, որ ամենասկզբում, երբ դեռ հայտնի չէր, թե ինչում է մեղադրվում դատա­վորը, թվում էր, թե շատ լուրջ հանցագործու­թյունների մեջ է մեղադրվում, բայց, ինչպես իրավաբաններն են նկատում, գործ ունենք թղթաբանական մի կազուսի հետ, որը Հայաս­տանի դատարաններում ամեն օր է տեղի ունենում, հատկապես երբ դատավորները ծանրաբեռնված են լինում և ֆիզիկապես ի վիճակի չեն հասցնել քննել բոլոր գործերը։ Ին­չևէ, կա կոնկրետ մեղադրանք, կան դատա­խազության պարզաբանումներ։

Հիմա փոր­ձենք հասկանալ իրավաբանների տեսակետը, ովքեր համոզված են, որ այս ամենը հեռու է իրավական գործընթաց լինելուց։ Բազմաթիվ փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Նրանք պնդում են, որ Հայաստանում փաստացի չի գործում օրենքի այն կարգավորումը, ըստ որի՝ «բողո­քը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթաց­քում», հետևաբար, ըստ նրա, այստեղ չի կա­րող լինել «անձնական դրդում», ինչպես պնդում է դատախազությունը։

«Սակայն հարցին անդրադառնանք այլ տեսակետից, մի պահ ընդունենք, որ տա­րածված տեքստում ներկայացվածն ամբող­ջությամբ արտացոլում է իրականությունը։ Մի՞թե սա կարող է համարվել հանցագործու­թյուն կամ անգամ կարգապահական խախ­տում։

ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվա­ծի համաձայն, հանցագործություն կարող է համարվել միայն հանրորեն վտանգավոր այն արարքը, որը ներկայացնում է հասարա­կական վտանգավորություն ու ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակու­թյանը կամ պետությանը էական վնաս է պատճառել։ Դավիթ Գրիգորյանի նախագա­հությամբ դատարանի վարույթում գտնված այս երկու բողոքներն էլ քննվել են օրինա­կան կարգով, արդյունքում կայացվել են օրի­նական որոշումներ, որոնք վերադաս երկու դատական ատյանների որոշումներով թողն­վել են օրինական ուժի մեջ»,– մասնավորա­բար նշել է փաստաբան Երվանդ Վարոսյանը և սրանից անում է հետևություն, որ «իրա­կանացվողը իրավական գործընթաց չէ, այլ պարզ հետապնդում, որն ունի երկու նպա­տակ՝ «պատժել դատավորին ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար՝ միաժամա­նակ սաստելով մյուս դատավորներին»։

Այսպիսով՝ անգամ երբ դատախազու­թյունն ու փաստաբանները խոսում Են զուտ իրավական բառապաշարով, միևնույն է, տպավորություն է, որ այս իրավիճակը չէր լի­նի, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանին կալան­քից ազատելու որոշումը։ Հետաքրքիր է, թե ինչու հենց հիմա հիշեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից պաշտոնական կեղծիք անելը, երբ այն տեղի է ունեցել դեռ անցած տարի»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում