կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 17:06
Իրավական

Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Գրիգորյանին, որոշումը կհրապարակվի վաղը

Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Գրիգորյանին, որոշումը կհրապարակվի վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի եւ մյուսների  գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մի շարք հիմքեր կան. առաջինը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով նիստերի դահլիճ մտնելն է, այն դեպքում, երբ նա գործով կողմ է, երկրորդ՝ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի` 80 հատորանոց  նյութերին և Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնել, երրորդ՝ դատավոր Գրիգորյանի վերաբերյալ ԲԴԽ–ում առկա  է կարգապահական վարույթ:

Այսպիսով`  դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, որը կհրապարակվի մայիսի 14–ին` ժամը 12:30–ին։  

Հավելենք, որ դատական նիստին ներկա են եղել  Ռոբերտ Քոչարյանը, նրա կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը, զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։