կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-30 10:47
Տարածաշրջան

Իրանը և Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանը և Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանը եւ Ռուսաստանը համաձայնություն են ձեռք բերել մոտ ապագայում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու մասին: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրույցում տեղեկացրել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին՝ ամփոփելով Ռուսաստան կատարած իր այցի արդյունքները:

Ըստ նրա՝ զորավարժությունները տեղի կունենան Հնդկական օվկիանոսի տարածքում, ներառյալ՝ Օմանի ծովը, Հորմոզի նեղուցը եւ Պարսից ծոցը:

«Շուտով կսկսվեն զորավարժությունների նախապատրաստական եւ համակարգման աշխատանքները: Նախատեսվում է, որ դրանք կանցկացվեն մոտ ապագայում՝ Հնդկական օվկիանոսում: Խոսելով Հնդկական օվկիանոսի մասին՝ պետք է նշեմ, որ դա հիմնականում վերաբերում է օվկիանոսի հյուսիսային շրջաններին, որը միացած է Մաքրանի ծովին (Օմանի ծով-ԽՄԲ.), Հորմուզի նեղուցին եւ Պարսից ծոցին»,- ասել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը:

Անդրադառնալով Ռուսաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված այլ համաձայնություններին՝ ծովակալ Խանզադին նշել է, որ երկկողմ ռազմական հարաբերությունների ընդլայնման նպատակով Իրանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել ՌԴ ՊՆ-ի հետ, որի հիմնական մասը վերաբերում է երկու երկրների ռազմածովային ուժերի միջեւ համագործակցությանը:

«Սա առաջին անգամ է, որ երկու երկրների միջեւ այսպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը կարեւոր իրադարձություն է Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ ռազմական համագործակցության ոլորտում»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ երկու երկրների ռազմածովային ուժերի միջեւ ինտենսիվ բանակցություններ են ընթանում կասպյան տարածաշրջանում եւս երկկողմ պաշտպանական եւ ռազմական համագործակցության զարգացման նպատակով: 

Նշենք, որ ծովակալ Խանզադին եւ նրա գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերզբուրգում էին՝ մասնակցելու հուլիսի 28-ին ՌԴ ռազմածովային ուժերի օրվա առիթով կազմակերպված միջոցառումներին: