Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«alikonline.ir» - Դարաշամբի դարաւոր Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի տարեկան ուխտագնացութիւնը այս տարի զուգադիպեց այդ տաճարի ներքնամասի ամբողջական վերանորոգութեան աւարտի թւականի հետ, երբ ամբողջացան ներքին պատերի նկարազարդումների եւ որմնանկարների մասնագիտական վերանորոգումները: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Բարձր արտօնութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, տեղի ունեցաւ Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի տարեկան մէկօրեայ ուխտագնացութիւնը:
Հանդիսաւոր սուրբ պատարագ
Չորեքշաբթի, յուլիսի 24-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսաւոր ս. պատարագ մատուցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, առընթերակայ ունենալով Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանին եւ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանին: Երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
Եպիսկոպոսական թափօրը ծայր առաւ վանքի նախկին Դպրեվանքի շէնքում գտնւող վանահօր սենեակից եւ աստիճաններից ցած իջնելով ուղղւեց Սուրբ Տաճար: «Հրաշափառ» շարականի երգեցողութեամբ տաճար մուտք գործելով, Սրբազան Հայրը սկսեց սուրբ պատարագը, հրապարակային խոստովանանքով:
Խորանի բեմում կատարւեց մայր խորանի նորաստեղծ պատկերի օծման արարողութիւնը, որը ներկայացնում էր Սուրբ Աստւածամօր կենդանագիրը: Ըստ ծիսակարգի, քահանայ հայրերի ձեռամբ ջրով եւ գինիով լւացումից յետոյ, Սրբազան Հօր բութով օծւեցին նկարի գագաթը եւ աջ ու ահեակ թեւերը: Ապա, նկարը տեղադրւեց խորանի իր խորշում եւ շարունակւեց սուրբ պատարագը:
Սուրբ պատարագին ներկայ էին հաւատացեալներ Թաւրիզից, Ուրմիայից, Թեհրանից եւ Իրանի տարբեր քաղաքներից, ինչպէս նաեւ արտերկրից: Պաշտօնական հրաւիրեալների շարքում էին Ս. Նախավկայի վանքի ազգային պատգամաւոր Գագիկ Յարութիւնեանը, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, Փոքրամասնութեան գրասենեակի պատասխանատուներ, Հայաստանից հրաւիրւած արւեստագէտներ, թղթակիցներ եւ հիւրեր:
Քարոզի ժամանակ, Սրբազան Հայրը տւեց իր պատգամը, վերանորոգւած տաճարում Աստծուն փառաբանութիւն ընծայելով. «Փառք եւ գոհութիւն Աստծուն, որ մէկուկէս տարի ընդմիջումից յետոյ դարձեալ այստեղ ենք, այս սուրբ խորանի վրայ, Իր սուրբ տաճարում, փառաբանելու Իր ամենասուրբ անունը, շարունակելով մեր հայրերի կիսատ մնացած աղօթքն ու մաղթանքը այս սրբավայրում: Դարեր շարունակ, մեր նախնիների աղօթքներով ծեփւեցին այս քարերը, նրանց խունկն ու աղօթքը Մաղարթա այս սարերից բարձրացան մինչեւ դռները երկնքի, երբ իրենց մութ խուցերում, մագաղաթների վրայ հակած իրենց գլուխը, ձեռագրեր էին ստեղծում կամ կրկնօրինակում Ս. Նախավկայի այս վանքի վանականները: Նրանց աղօթքի շարունակութիւնն է այս, որը կատարում ենք միասնաբար, օրհնելով բիւրաւոր վանականների ու վանահայրերի յիշատակը, որոնք ամենից դժւարին պայմաններում ապրեցին ու գործեցին այս վանքում»,- ասաց Սրբազանը:
Սրբազան Հայրը խօսեց նաեւ 1974-ին երջանկայիշատակ Տ.Տ. Խորէն Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի ձեռամբ բացւած նոր ճանապարհով Վանքի համար ստեղծւած նոր իրադրութեան մասին: Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութիւնը «Երկիր եւ մշակոյթ» ընկերակցութեան հովանաւորութեամբ զանգակատան եւ այլ շինարարութիւններ է ձեռնարկում, եւ դրանից յետոյ Իրանի եկեղեցիների պահպանութեան կենտրոնի կողմից հսկայական շինարարութիւններ են իրագործւում, միշտ հովանաւոր ունենալով ԻՒՆԵՍԿՕ-ին, Թեմական խորհրդին եւ վայելում են «Արաքս» տնտեսական ազատ գօտու պետական պատասխանատուների եւ անհատ բարերարների նիւթական օժանդակութիւնը:
Այս առիթով Սրբազան Հայրն իր շնորհակալութիւնը յայտնեց Իրանի Իսլամական Հանրապետութեան պատասխանատուներին, Արեւելեան Ատրպատականի նահանգապետին, կուսակալին, «Արաքս» տնտեսական ազատ գօտու պետական պատասխանատուներին, Փոքրամասնութեան գրասենեակին, Իրանի Եկեղեցիների պահպանման կենտրոնին, եւ ազգային կառոյցներին:
Յաւելենք, որ սոյն վերանորոգութիւնների ընթացքում, գմբէթի թմբուկի ներսում, հին արձանագրութեան հանդիպակաց կողմում գրւեց նոր արձանագրութիւն, որը ներկայ վերանորոգութեան յիշատակարանն է, Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Հայրապետութեան օրօք իրագործւած, առաջնորդութեամբ Գրիգոր եպիսկոպիսի Ատրպատականի, եւ ձեռամբ վարպետ Ռեզա Գոլիի, որին յատուկ յուշանւէր յանձնւեց քարոզի աւարտին:
Ընթերցւեց Վեհափառ Հայրապետի Օրհնութեան Գիրը
Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին ուրախութեամբ յայտնեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Հայրապետական իր օրհնութիւնն էր բերում, Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի վերանորոգութեան առիթով յատուկ սրբատառ Կոնդակ եւ Օրհնութեան Գիր գրելով, որը հոգեւորականաց դասի առաջնորդութեամբ Ս. Խորան բերւեց: Ապա Սրբազան Հայրն ընթերցեց այն, ի լուր հաւատացեալ ուխտաւորների:
Նորին Սրբութիւնը Հայրապետական բարձր գնահատանք էր արձանագրել Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգածու վերաբերմունքի համար հանդէպ հայ ժողովրդին եւ յատկապէս Ատրպատականի հայոց թեմին, սկսեալ այաթ. Խամենէիից մինչեւ շրջանի պետական պատասխանատուներին, ինչպէս նաեւ վերանորոգութեան աշխատանքը իրականացրած կենտրոնին՝ Իրանում Եկեղեցիների պահպանութեան հիմնարկին եւ «Արաքս» տնտեսական ազատ գօտու պետական պատասխանատուներին: Վեհափառ Հայրապետը նաեւ իր հայրական գնահատանքն է յայտնել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին, ազգային իշխանութեան մաղթելով որ բոլոր ուխտաւորների խնդրանքները լսի Երկնաւոր Հայրը:
Պատարագից անմիջապէս յետոյ տեղի ունեցաւ Ջրօրհնէքի հանդիսաւոր արարողութիւն մասունքակիր Սուրբ Աջով եւ օրհնւած ջուրը բաշխւեց ներկայ հաւատացեալներին:
«ԽԱՉՔԱՐ» ցուցասրահի բացման հանդիսութիւն
Մէկօրեայ ուխտագնացութեան ծիրում, Սրբազան Հօր ձեռամբ տեղի ունեցաւ Հին Ջուղայի կոտորւած խաչքարերի յիշատակին յարդարւած «ԽԱՉՔԱՐ» ցուցասրահի բացման հանդիսութիւնը, որտեղ մնայուն ցուցադրութեան են դրւած տաս խաչքարեր:
Հին Ջուղայի քանդւած գերեզմանատան հազարաւոր խաչքարերից տաս լաւագոյն օրինակների լուսանկարների վրայից Հայաստանում քանդակւել էին կրկնօրինակներ, աւելի փոքր չափի, որոնք տեղադրւել էին Վանքի նախկին ախոռի պատերին գտնւող տասը խորշերում, յատուկ լուսաւորութեամբ, ախոռը փոխակերպելով շքեղ ցուցասրահի:
Իրանի Եկեղեցիների պահպանման կենտրոնի տնօրէնուհի Շերլի Աւետեանը իր բացման խօսքի սկզբում ուրախութիւն յայտնեց, որ անհատ բարերարների նւիրաբերմամբ հնարաւոր էր դարձել իրագործել նման ծրագիր: Նա իր երախտագիտութիւնը յայտնեց նաեւ «Արաքս» տնտեսական ազատ գօտու պատասխանատուներին, որոնք միշտ հովանաւորում են Վանքում իրագործւող շինարարական տարբեր աշխատանքներ, ինչպէս նաեւ Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան պատասխանատուներին, որոնք լիարժէք համագործակցում են, Ս. Նախավկայի վանքը իր փայլուն վիճակում պահպանելու աշխատանքներում:
Եզրափակիչ եւ օրհնութեան խօսքը փոխանցեց Սրբազան Հայրը, իր բարձր գնահատանքը յայտնելով դոկտ. Շերլի Աւետեանին, սոյն ցուցասրահի գաղափարի մտայղացման համար. «Երկու տարիներ առաջ մենք բացումը կատարեցինք այս վերանորոգւած ցուցասրահի, որ վանքի նախկին ախոռն էր եղել եւ այն ժամանակ այս վայրը եղաւ նկարների ցուցասրահ: Այսօր շատ խորունկ իմաստ եւ նշանակութիւն ու մանաւանդ յատուկ նկարագիր է ստացել այս խոնարհ անկիւնը Ս. Նախավկայի վանքում: Սրանից յետոյ, այս «ԽԱՉՔԱՐ» ցուցասրահը լինելու է յաւերժ յիշատակի մէկ ցուցասրահ, նախ հայկական խաչքարային բարձր արւեստի, որի լաւագոյն նմուշները Արաքս գետի միւս ափում էին գտնւում մինչեւ 14 տարիներ առաջ…: Հայ ժողովրդի ստեղծագործ ոգու արտայայտութիւն, է այս, երբ հազարաւոր զբօսաշրջիկներ մտնելու են այս ցուցասրահը, հաղորդւելու են հայկական խաչքարային բարձր արւեստի հետ, եւ հիանալու են հայի ձեռքով քարին տրւած շունչը տեսնելով…»: Սրբազան Հայրն օրհնեց բոլոր նրանց յիշատակը, որոնց նւիրւել էին խաչքարերը նւիրատու բարերարների կողմից: Նա գնահատանք յայտնեց նաեւ քանդակագործ վարպետ Գէորգ Մնացականեանին, ով այնքան հարազատօրէն վերարտադրել էր խաչքարերի օրինակները, նայելով դրանց պատկերներին:
Նշենք, որ խաչքարերը նւիրւել էին հետեւեալ ննջեցեալների յիշատակին.- Լիլիկ Առաքիլ Զաւադեանի եւ Անդրանիկ Աւետեանի յիշատակին, նրանց զաւակների կողմից, գլխաւորութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի: Տ. Գրիգոր աւագ քհնյ. Ֆարաճեանի, երէցկին Զարուհի Ֆարաճեանի եւ Գրիգոր Չիֆթճեանի, իրենց զաւակների եւ թոռների կողմից, գլխաւորութեամբ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ տիրամայր Շուշան Չիֆթճեանի: Գնդապետ Էմիլ եւ Կայծուհի Յակոբեանների յիշատակին, նրանց զաւակների եւ թոռների կողմից: Էւիկ Յակոբեանի եւ Պետրոս Ստեփանեանի, իրենց զաւակների կողմից: Արտուշ Տէր-Յակոբեանի՝ իր քոյրերի կողմից: Հրաչ եւ Գայիանէ Մելիքեանի, իրենց զաւակների՝ դոկտ. Արայի, դոկտ. Արմէնի եւ Անդրանիկի կողմից: Առաքելեան Վարուժան եւ Օժիկ, իրենց ծնողների յիշատակին: Հայկ Շամալեանի յիշատակին, իրենց զաւակների կողմից: Սիլւա Տէր-Ղուկասեանի յիշատակին՝ Հենրիկ եւ Ադրինէ Տէր-Ղուկասեանների կողմից: Վարդան Գաւաֆեանի յիշատակին, դարձեալ Հենրիկ եւ Ադրինէ Տէր-Ղուկասեանների կողմից: Վիգէն Նազարեանի յիշատակին, Արա եւ Օդետ Հրաչեանների կողմից:
Այնուհետեւ ներկաները շրջագայեցին ե՛ւ ցուցասրահում ե՛ւ վանքի թանգարանում ե՛ւ վանական վերանորոգւած խուցերում, հաղորդւելով վանքի պատմութեան, ինչպէս նաեւ սքանչանալով կատարւած հսկայածաւալ շինարարական ու վերանորոգման աշխատանքներին: