կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-12 16:25
Քաղաքական

Թիֆլիսի Վանքի Մայր տաճարի պանթեոնում հանգչողները․ գեներալ-ադյուտանտ Հովհ․ Լազարև

Թիֆլիսի Վանքի Մայր տաճարի պանթեոնում հանգչողները․ գեներալ-ադյուտանտ Հովհ․ Լազարև

Թիֆլիսահայ հասարակական-կթամշակութային գործիչ Լևոն Չիդիլյանը ֆեսյբուքյան էջում ներկայացրել է Թիֆլիսի Վանքի Մայր տաճարի պանթեոնում ամփոփված հայ մեծերից մեկի՝ գեներալ Հովհաննես Լազարևի (Լազարյան) կյանքը և գործունեությունը՝ կից լուսանկարներով։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․

«Իվան (Հովհաննես) Դավթի Լազարևը (Լազարյանց), ծնվել է 1820 թվականի նոյեմբերի 17-ին, Շուշիում: Հայրը մահացել է, երբ Հովհաննեսն ընդամենը չորս տարեկան է եղել: Չորս մանկահասակ որդիների՝ Հովհաննեսի, Բաբաջանի, Հակոբի և դստեր՝ Արզիյայի խնամքն իր վրա է վերցրել մոր՝ Մարիամի հայրը՝ հայտնի Քալանթարյան տոհմի ներկայացուցիչ Աբամելիք Քալանթարյանը:

Հովհաննեսը նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, աշակերտել հայտնի մանկավարժ Պողոս Ներսիսյան Ղարադաղցուն (հետագայում Ներսիսյան դպրոցի և այլ դպրոցների մանկավարժ):

1839 թ., որպես շարքային կամավոր, ծառայել է 21-րդ հետևակային դիվիզիայի 84-րդ Շիրվանյան հետևակային գնդում և կռվել Շամիլի լեռնականների դեմ։ 1843 թ. ստացել է պրապորշչիկի աստիճան։ Ծանր վիրավորվել է 1843, ինչպես նաև հետագա՝ 1847 և 1848 թվականներին: 1850թ.նշանակվել է Մեխթուլինյան խանության(այժմ՝ Դաղստան), իսկ1854 թ.՝ Դարգինյան շրջանի (այժմ՝ Դաղստան) կառավարիչ։
Տեղացիների հետ առանց թարգմանչի շփման նպատակով սովորել է կումիկերեն և ավարերեն, մանրակրկիտ ուսումնասիրել Ղուրանը, տեղի ավանդույթները: Նույն թվականին ամուսնացել է Թիֆլիսի տոհմական քաղաքացի՝ Աննա Դավիթի Խերոդինովայի հետ,պսակադրությունը տեղի է ունեցել Դերբենտի հայկական եկեղեցում:

1859 թ.օգոստոսի 25-ին Գունիբում (գյուղ՝ Դաղստանում) շրջապատված լինելով ռուսական զորքով, Չեչնիայի և Դաղստանի իմամ Շամիլը հանձնման պայմանները պահանջել է քննարկել միայն գնդապետ Հովհաննես Լազարևի հետ: Լազարևն անզեն ու միայնակ մեկնել է Գունիբ: Մի քանի ժամ բանակցելուց հետո, Լազարևի ուղեկցությամբ Շամիլը ներկայացել է Կովկասի փոխարքա, կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, կոմս Ալեքսանդր Բարյատինսկու շտաբ և հանձնվել:

Այդ դեպքերից երկու օր անց, Լազարևը նշանակվել է Միջին Դաղստանի ռուսական զորքերի հրամանատար և ժամանակավոր զինվորական կառավարության պետ՝ բնակություն հաստատելով Գունիբում։ Իսկ 1860 թ. մարտի 6-ին ստացել է Գեներալ-մայորի կոչումը։
Իր մեծ հեղինակության շնորհիվ, հաջողեցրել է առանց արյունահեղության հանդարտեցրել 1861 և 1863 թվականների Դաղստանի խռովությունները։

Հովհաննես Լազարևը քանիցս պարգևատրվել է. 1842 թ. Սուրբ Գևորգի IV աստիճանի շքանշանով՝ Կովկասյան պատերազմում խիզախության համար, 1857 թ. կրկին խիզախության համար՝ Ոսկյա դաշույնով: 1858թ. պարգևատրվել է Սբ. Աննայի երկրորդ աստիճանի շքանշանով: 1863-ին՝Սուրբ Վլադիմիրի երկրորդ աստիճանի շքանշանով: 1877 թ. Սուրբ Գևորգի III աստիճանի շքանշանով՝ Ալաջայի բարձունքների համար մղված ճակատամարտի համար, իսկ Կարսի գրավման համար՝ Սուրբ Գևորգի II աստիճանի շքանշանով (ի դեպ, այդ շքանշանով 1769-1878 թթ. եղել է միայն 11 պարգևատրում): Պարգևատրվել է նաև արտասահմանյան մի քանի՝ Պրուսական Pour le Mérite, Հերցոգ Մեկլեմբուրգ-Շվիրինսկիի երկրորդ աստիճանի շքանշաններով, Չեռնոգորական խիզախության Ոսկե մեդալով:

1865 թ. Հովհաննես Լազարևը նշանակվել է 21-րդ հետևակային դիվիզիայի պետ,տեղափոխվել Տեմիր-Խան-Շուռայի (այժմ՝ ք.Բույնակսկ, Դաղստան) այն զորամիավորում, որտեղ 27 տարի առաջ ծառայել էր որպես շարքային։ Արդեն, 1866 թ.ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Իսկ 1868-1877 թթ.՝ծառայել որպես պահեստային սպա՝ Կովկասյան բանակի հրամանատարության տնօրինության տակ։

1871թ. Ալեքսանդր Երկրորդ կայսրը ժամանում է Դաղստան: Ծանոթանալով Լազարևի հետ, դիմում նրան.«Լազարև, ես քեզ ճանաչում եմ վաղուց, ինձ քո մասին շատ պատմություններ է պատմել Շամիլը, որ ունի քո հանդեպ մեծ հարգանք»:

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին Լազարևը նշանակվել է Բայրաքդարյան զորաջոկատի պետ։ Գործուն մասնակցություն է ունեցելԱվլիար-Ալաջայի ճակատամարտում, որից հետո նշանակվել Կարսը պաշարած կորպուսի հրամանատար։ Գլխավորելէ Կարսի գրոհը և գրավումը՝ 1877թ. նոյենբերի 8-ին։
Լորիս-Մելիքովի Ռուսաստան մեկնելուց հետո, Լազարևին վստահվել է ռուսական առանձին գործող կորպուսի հրամանատարությունը, Կարսից մինչև Կարին հսկայական տարածքի պատասխանատվությունն ընկել է Լազարևի ուսերին:

Կանխազգալով, որ բանակցությունների արդյունքում Կարինը կարող է նորից վերադարձվել թուրքերին, 1878թ. հունիսին Լազարևը Կարսից մեկնում է Կարին: Կտրուկ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ռուսական զորքերի հեռանաուց հետո, թուրքերը չփորձեն իրականացնել հայերի կոտորածը: Սեպտեմբերի 7-ին Կարինը հանձնում են թուրքերին: Լազարևի ձեռնարկած միջոցները տալիս են դրական արդյունք, հայերի և մյուս քրիստոնյաների հանդեպ կոտորած տեղի չի ունենում:

1878 թ.սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում վախճանվում է Լազարևի կինը՝ Աննան: Հուղարկավորությունը տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին, Վանքի տաճարի գավթում: Պատարագիչն էր՝ Վիրահայոց թեմի առաջնորդ՝ Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյանը(Այվազովսկի):

1878 թ. նոյենբերի 26-ին, Ս.Պետերբուրգում անձամբ Ալեքսանդր Երկրորդ կայսեր կողմից Հովհաննես Լազարևը ստանում է գեներալ-ադյուտանտի կոչում: 1879 թ. փետրվարի 1-ին նշանակվում է Կովկասյան երկրորդ կորպուսի հրամանատար։

1879 թ. մարտի 4-ին նշանակվում է Ախալ-Թեքինյան (այժմ՝ Թուրքմենստան) արշավանքի հրամանատար,նախապատրաստելով բանակը արշավանքի: Հուլիս ամսին, երբ նրա գլխավորությամբ արշավանքը հասնում է Չիքիշլյար (այժմ՝ Թուրքմենստան), կտրուկ վատանում է Լազարևի առողջական վիճակը՝ կարբունկոլ հիվանդության պատճառով(չիբանային հիվանդություն): Այդուհանդերձ, բժշկի և ավագ որդու՝ Ալեքսանդրի ուղեկցությամբ(հետագայում՝գեներալ), նա շարունակում է ճանապարհը և օգոստոսի 14-ին հասնելով Չաթ (այժմ՝ Թուրքմենստան) կնքում մահկանացուն:

Գեներալի դին շոգենավով տեղափոխում են Բաքվի հայկական եկեղեցի, ապա օգոստոսի 25-ին՝ Թիֆլիս՝ Կուկիայի Սբ.Աստվածածնի եկեղեցի (խմբ.եկեղեցին ոչնչացվել է 1930-ականներին, գտնվում էր Վորոնցովյան հրապարակում, այժմ՝Զաառբրուկենի հրապարակ): Օգոստոսի 27-ին, մատուցված Պատարագից հետո, կապարե դագաղը տեղափոխում են Մայր տաճարի գավիթ, դագաղի մեծության (60 պուդ) պատճառով անհնար է լինում այն եկեղեցում տեղադրել: Հովհաննես Լազարևին հուղարկավորում են կնոջ՝ Աննայի կողքին:

Հովհաննես և Աննա Լազարևներն ունեցել են հինգ զավակ. երեք որդի՝ Ալեքսանդր, Միքայել, Պետրոս և երկու դուստր՝ Նինա և Թամարա:

Աճյունը (խորրդհանշական) տեղափոխվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի»: