կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-26 18:41
Հասարակություն

Հավաստագրեր սփյուռքահայ ուսուցիչներին

Հավաստագրեր սփյուռքահայ ուսուցիչներին

Այսօր հավաստագրեր հանձնվեցին Մանկավարժական համալսարանում վերապատրաստվող սփյուռքահայ ուսուցիչներին:

Ծրագրի ավարտի առթիվ ուսուցիչներին շնորհավորեց ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

Ողջունելով 1-ամսյա վերապատրաստման ծրագրի մասնակիցներին՝ Արկադի Պապոյանը հույս հայտնեց, որ ձեռք բերված կարողություններն ու հմտությունները կլինեն նպատակային. «Սա կարևոր է և´ մեզ, և´ ձեզ համար: Մենք ունենք ձեր աջակցության կարիքը՝ հասկանալու, թե ինչ կարիքներ ունեն մեր կրթօջախները Սփյուռքում: Վստահ եմ, որ Հայաստանում անցկացված օրերը կլինեն անմոռանալի և պատմություն դարձած իրականությունը որպես հուշ կտանեք հայրենիքից: Վստահ եղեք՝ մենք ձեր կողքին ենք և պատրաստակամ աջակցելու»,-հավելեց նա:

Վերջինս իր շնորհակալությունը հայտնեց նաև մանկավարժական համալսարանի ղեկավարությանն ու ծրագրի ներկայացուցիչներին՝ վերապատրաստումները կրթական, մշակութային բաղադրիչներով հարստացնելու և անհրաժեշտ միջավայր ապահովելու համար: Նա նաև հույս հայտնեց, որ ձևավորված կապերը կամրապնդվեն և կունենան գեղեցիկ շարունակականություն՝ հետագա համագործակցության, նոր նախաձեռնությունների համար:

«Դուք հայոց լեզվի դեսպաններն եք այն երկրներում, որտեղ աշխատում եք: Դա ազգապահպան և հայապահպան աշխատանք է, ինչի համար առաջին հերթին ձեզ ենք շնորհակալ»,-նշեց ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Արա Երեմյանը և բուհի ղեկավարության անունից շնորհավորեց վերապատրաստված ուսուցիչներին:

Պրոռեկտոր Երեմյանն ընդգծեց, որ ամենամյա վերապատրաստումն իրականցվում է ԿԳՄՍ նախարարության քաղաքական կամքի և մանկավարժական համալսարանի ամենօրյա և հետևողական աշխատանքի արդյունքում: Պրոռեկտորը հավելեց նաև, որ բուհը պատրաստակամ է շարունակել վերապատրաստման ծրագիրը, ընդլայնել, բազմազան ուղղություններ տալ, նախանշել ծրագրի բարելավման նոր ուղղություններ:

«Երբ հետահայաց նայում ես անցած մեկ ամսին, սիրտդ լցվում է հպարտությամբ: Այսօր բոլորս ուրախ ենք, քանի որ կատարել ենք մեր սրտի պարտքը, մանկավարժական առաքելության մի կարևոր մասնիկը»,-նշեց «Սփյուք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ՀՊՄՀ-ի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը և շնորհավորեց ուսուցիչներին:

Պրոֆեսոր Դանիելյանը չթաքցրեց՝ հպարտ է սփյուռքահայ ուսուցիչների համար, որոնք Խաչատուր Աբովյանի անունը կրող հաստատության մեջ լրացրին իրենց գիտելիքների պակասը, ձեռք բերեցին հաջողություններ. «Ինչ-որ կերպ կարող ենք ձեզ կոչել Մանկավարժական համալսարանի սաներ, իսկ այս հրաժեշտը նոր հանդիպումների լավ սկիզբ է»:

Սփյուռքահայ ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին վերապատրաստումները բարձր մակարդակով կազմակերպելու համար, ինչը հնարավորություն տվեց նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելուց բացի, լինել հայրենիքի տեսարժան վայրերում, մասնակցել մշակութային միջոցառումների, մասնակցել տարբեր հանդիպումներին:

Նշենք, որ արդեն 3-րդ տարին Մանկավարժական համալսարանը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացնում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում: Այս տարի՝ հուլիսի 1-26-ն անցկացվող ծրագրին մասնակցում էր 15 երկրից 56 ուսուցիչ, որոնք վերապատրաստվել են ուսումնական 5 խմբերով: