Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուլիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցան Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանին և Սամվել Մանուկյանը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ առավել ամրապնդելու հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունները: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Գեորգի Տալակվաձեն գոհունակությամբ ընդգծեցին խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերակատարությունը՝ որպես Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ հարթակի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Վրաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորեցին նաև երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև պարբերական հանդիպումների անցկացումը:
Զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին վիրահայ համայնքի կարևոր դերակատարությունը ինչպես Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ՝ երկու հարևան և բարեկամ ժողովուրդների ու պետությունների առավել մերձեցման գործում:
Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Տալակվաձեն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ շեշտելով խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման առաջնահերթությունը:
Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը գրառում կատարեց Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում: