Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակնարկեց՝ ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացման հարցում չպետք է մեղադրել միայն ոստիկանությանը, ասել կուզի՝ հարցը միայն ՃՈ-ից, ոստիկանությունից չի կախված: Ըստ նրա՝ կան բազմաթիվ խնդիրներ ու գերատեսչություններ, որոնք ուղիղ կապ ունեն այս ամենի հետ:
«Ես կարող եմ նշել մի քանի պատճառ՝ վատ լուսավորությունը, ճանապարհների` վատ լինելը, նշանների բացակայությունը կամ չերևալը, գծանշումները, եղանակային պայմանները, տրանսպորտային միջոցների` տեխնիկական վիճակին համապատասխան չլինելը: Մեր ժողովրդի մեջ տեխզննումը որևէ տեսակի բնույթ չի կրում: Մեքենան պետք է զննվի ամեն տարի և համապատասխանեցվի տեխնիկական գործառնային տվյալներին: Ամեն օր ինձ զեկուցում են` մեքենան ուղիղ երթևեկելիս կողաշրջվել է կամ ձորն է ընկել: Մեծ արագության տակ հնամաշ դետալները չեն դիմանում: Մենք ունենք 1960-1980-ական թթ. արտադրության մեքենաներ, որոնք տեխզննում չեն անցնում»,-ասաց Օսիպյանը՝ հավելելով, որ դեպքերի ավելացման հարցում մեծ նշանակություն ունի տրանսպորտային միջոցների աննախադեպ ներմուծումը Հայաստան, և ճանապարհները ֆիզիկապես ի վիճակի չեն տեղավորել այդքան տրանսպորտային միջոցներ:
Ոստիկանապետը նաև վստահեցրեց՝ Հայաստանում տեղի ունեցող ավտովթարների հարցում մեծ դերակատարություն ունի այն, որ նախկինում անօրինական ճանապարհով վարորդական իրավունքներ են տրվել քաղաքացիներին:
«Ես փաստ չունեմ, բայց ես էլ մեր հայրենիքի սրտացավ բնակիչն եմ եղել և տեղեկացված եմ եղել, լսել եմ, որ վարորդական իրավունքները ձեռք են բերում այլ ճանապարհներով, և մարդը, չունենալով համապատասխան գիտելիք, այսօր կոչվում է վարորդ ու ղեկին նստած է»,-շեշտեց նա և վստահեցրեց՝ այսօր անհնար է վարորդական իրավունք ձեռք բերել ապօրինի ճանապարհով. «Եթե ունեք նման փաստ՝ անձամբ ես ձեռնաշղթաներ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին և անձամբ խցի դուռը կփակեմ նրանց վրա: Չկա նման բան»: