Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ կապված մայիսի 7-ից ոստիկանությունում ուսումնասիրություն է իրականացնում, որի արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Այս մասին տարածված հայտարարությունում ասվում է. «2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ Ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։
Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն ավարտելուց հետո»։
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այս խնդրին:
«Այդ պարզաբանումը, որ պետական վերահսկողական ծառայության պաշտոնակատարը ներկայացրել է, ավելի շատ կրում է պոպուլիստական բնույթ, քանի որ, ՊՎԾ-ի մասին ՀՀ օրենքի համաձայն, վերահսկվող օբյեկտին պարտավոր էին ներկայացնել տեղեկանք՝ ի դեմս ոստիկանության, այն էլ` ավարտից հետո: Ես կոռեկտ չեմ համարում նման արտահայտությունը, այն էլ այս փուլում, երբ, դեռ չավարտած, սկսում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել ոստիկանության ինչ-որ անձանց: Տեղեկանքը ներկայացնելուց հետո վերահսկողը նոր պետք է կարծիք ներկայացնի, որից հետո, ՊՎԾ-ի մասին օրենքի համաձայն, պաշտոնակատարը պետք է վարչապետին ներկայացներ այն, ինչն ինքը հայտնաբերել է, ոստիկանության մասին կարծիքը, և նոր վարչապետը կորոշեր, թե որ իրավակառույցը պիտի զբաղվի, կամ՝ այնտեղ կա՞ խախտում, թե՞ ոչ: Եվ ոչ թե շտապեր չհիմնավորված ինչ-որ բաներ ասել: Միգուցե դիլետանտությո՞ւն է, չեմ հասկանում: Ես ձեզ ասում եմ՝ չկա և չի կարող լինել նման բան, ոստիկանությունն աշխատում է թափանցիկ: Անհիմն եմ համարում նման խոսակցությունները, խոսքն այնտեղ ընդամենը պետչափանիշների, պետհամարանիշերի մասին է, ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, եթե անգամ ուզեցել է պետության սեփականությունը հանդիսացող առարկան՝ պետհամարանիշը, ավելի պաշտպանված լինելու համար հավելյալ լոգոներ դնել, որ կեղծիքներ չլինեն, քանի որ վերջին ժամանակներում շատ կեղծիքներ են լինում»,- ասաց ոստիկանապետը:
Ըստ Օսիպյանի՝ 10 տարի մրցույթը նույն կազմակերպությունն է շահել, և հիմա ինքն աջակցել է, որ այլ կազմակերպություն մասնակցի: «Եվ կազմակերպությունը, որը շահել է մրցույթը, հենց նրա բողոքի հիման վրա է վարչապետը հանձնարարել, որ դա նայի: Պատկերացնո՞ւմ եք ինչ աբսուրդ է»,- շեշտեց նա և պարզաբանեց, թե ինչ աջակցության մասին է խոսքը. «Հանդիպում է ուզեցել ոստիկանապետի հետ, ես ընդունել եմ իրեն՝ չիմանալով, թե ինքն ով է. ռուսական կողմի մասին է խոսքը: Ինքն ասաց, որ տարիներ շարունակ իրեն ոչ մեկ չի թույլատրել, ոստիկանության դռները փակ են եղել, ես ասացի՝ խնդրեմ, ո՞վ կարող է ձեզ արգելել: Եթե ես կաշկանդվածություն ունենայի, կշարունակեի 10 տարվա ձեռագիրը: Հաղթել է ռուսական կազմակերպություն, և հենց նրա բողոքի հիման վրա է ՊՎԾ-ն ուսումնասիրություններ արել»:
Օսիպյանն ասաց, որ իր պաշտոնավարման ընթացքում 500 միլիոն դրամի տնտեսում են ունեցել, իսկ ընթացիկ տարվա 5 ամսվա կտրվածքով արդեն տնտեսել են շուրջ 450 միլիոն: «Ի՞նչն է չարաշահումը, երբ շուրջ 1 միլիարդ դրամ մենք տնտեսել ենք»,- տարակուսեց նա: