Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին անգամ ամբողջովին գույքագրվել են Սևանա լճի` մաքրման ենթակա իրական ծավալները, ուսումնասիրվել են Սոթքում առկա պոչամբարների և թափոնակույտերի ծավալները և եռաչափ մոդելավորում է իրականացվում, որպեսզի այնտեղ ռեկուլտիվացման աշխատանքներ կատարվեն. այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավարի նախարար Էրիկ Գրիգորյանը` անդրադառնալով հարցին, թե ի՞նչ են արել ներկայիս իշխանությունները Սևանա լճի պահպանության համար ու, առհասարակ, բնապահպանության ոլորտում:
Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է Սևանա լճում մաքրման աշխատանքների իրականացմանը, ապա, նախարարի խոսքով, դրանք դեռ չեն եղել, քանի որ պետք է պարզվի` որտեղ պետք է մաքրել և ինչ ծավալով: «Իհարկե, կարող էինք, այսպես կոչված, դիժուռնի ձևով մրցույթ անել, նախկինում նախանշված տարածքներում մաքրում իրականացնել, բայց… »,- պարզաբանեց նա:
Խոսելով ջրի հոսքի կառավարման մասին` Գրիգորյանը նշեց. «Ի՞նչ ենք արել մենք: Ամենօրյա աշխատանքներ են կատարվում, կողակի վերականգնման ծրագիրն ենք իրականացնում, ինչպես նաև` միջազգային գործընթացների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մնացած ինստիտուտների հետ կապված: Նաև վերցրել ենք ուսումնասիրություններ ցանցավանդակային տնտեսությունների թվերի հետ կապված, այսինքն` ինչքան կեր են ներմուծել, ինչքան են աճեցրել, համադրել, ֆոսֆորի հետ կապված ծավալներն ինչքան են և մնացած ընթացիկ գործողությունները, որ պետք է անենք հիմա որոշ խնդիրներ լուծելու մասով և ախտորոշելու համար մնացած մեծ խնդիրները»,- ասաց նախարարը` հավելելով. «Ես կարևորում եմ արդյունքը: Յուրաքանչյուր խնդիր ունի իր արմատը, պատճառները: Կարելի է խնդիրներին գնալ մակերեսային, ամենօրյա լուծման ճանապարհով և կարելի է գնալ ավելի խորքային վերլուծությունների, որպեսզի կատարված աշխատանքները սխալ չլինեն: Օրինակ` եթե մեր հետազոտություններով պարզվի, որ անասնապահությունն ամենաէական աղտոտման աղբյուրն է, ապա անասնապահության հետ կապված սահմանափակումները կբերեն ամենամեծ արդյունքի, իսկ եթե մենք գտնենք կեղծ թիրախ և սկսենք կենտրոնանալ դրա վրա, գուցե հանրային հնչեղության առումով շատ ավելի հնչեղ լինի, բայց մենք խնդիրն ավելի լավ չենք լուծի»:
Նախարարը հստակեցրեց նաև, որ Սևանի վիճակի վատ լինելը պարզ էր նաև մինչև ծաղկումը: «Դա պարզ էր վերջին տարիների ընթացքում. կեղտաջրեր, կոյուղաջրեր, անասնապահություն, գյուղատնտեսություն, ցանցավանդակային տնտեսությունից ֆոսֆորի արտանետում, բազմաթիվ այլ աղբյուրներից ամբողջ ծավալով Սևանա լիճը աղտոտվում է` գումարած կլիմայի հետ կապված փոփոխություններ. ջուրը վերջին 2 տարվա ընթացքում չի սառչում, իսկ դա նշանակում է առնվազն 60 միլիոն մ3 լրացուցիչ գոլորշացում»,- ներկայացրեց նա:
Գրիգորյանի պնդմամբ` լճի հարցը շատ զգայուն է, և համեմատություններ անել հնարավոր չէ: «Ես չեմ կարող համեմատություն բերել, որ Բայկալը կամ Սև ծովը ծաղկել է, որովհետև երբ ծնողը հիվանդ է, որևէ մեկը չի կարող ասել, գիտեք` հարևանի ծնողը նույնպես հիվանդ է, մխիթարվեք դրանով, կամ` նմանատիպ բան»,- ասաց նա:
Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաև լճի ծաղկման գործոններին: Նա, մասնավորապես, շեշտեց` 1964-ին լիճը սկսեց համատարած ծաղկել, այն շարունակվեց մինչև 1972-ը: «Բայց նաև նշենք, որ ծաղկում ծովախորշերում և փակ տարածքներում միշտ եղել է, ուղղակի այս պահին ծավալները շատ ավելի էական են»,- նշեց Գրիգորյանը:
Նախարարը խուսափեց պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակում մեղավորության իրենց չափաբաժինն ունեն նախկին իշխանությունները:. «Կարծում եմ` տարաբնույթ քրեական գործերը և ընթացող գործընթացները տալիս են և՛ իրավական գնահատական, և՛ պատժի հետ կապված` ով է մեղավոր և ինչքանով է մեղավոր: Իրավապահ մարմինների ֆունկցիա ես չեմ ուզում ինձ վրա վերցնել»,- բացատրեց նա:
Եզրափակելով խոսքը` նախարարը վստահեցրեց. «Կարող եմ ասել, որ մեր ռեսուրսները, գիտելիքը, հնարավորությունները ամբողջովին ուղղելու ենք նրան, որ վիճակը չլինի այնպիսին, ինչպիսին այս պահին է»: