Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրանում է հայ վրիժառու, դաշնակցական Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 96-րդ տարեդարձը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ Դաշնակցությունը միջոցառում էր կազմակերպել:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր խոսքում նշեց, որ Սողոմոն Թեհլերյանը խորհրդանշում է հայ ժողովրդի արժանապատվությունը, խորհրդանշում է այն, որ, ով ձեռք բարձրացրեց հայ ժողովրդի վրա, պատժվելու է: Սակայն Դաշնակցությունը, ըստ Վարդանյանի, միայն պատժող չէ: «Դաշնակցությունը պատժում է Հայաստանի թշնամիներին, բայց Հայաստանում մենք թշնամի չունենք: Մենք ընկերներ, քույրեր, եղբայրներ ենք բոլորի հետ: Դաշնակցությունը նաև աշխատանքի կուսակցություն է, քայլ առ քայլ, հետևողականորեն աշխատող, իր գաղափարները առաջ տանող կուսակցություն է, և կանգնած է հայ աշխատող մարդու կողքին: Դաշնակցությունը նաև մեր մշակույթի, մտավորականության, լավագույն մեծերի կուսակցությունն է: Դաշնակցությունը հարազատ արտացոլանքն է մեր ժողովրդի իղձերի ու նպատակների»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Եվ քանի որ, ներկա պահին Հայաստանի քաղաքական դաշտում նախընտրական քարոզարշավ են իրականացնում խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը, Աղվան Վարդանյանը անդրադարձավ նաև նախընտրական քարոզարշավին: Նրա խոսքով` այսօրվա խայտաբղետ քաղաքական դաշտում, թվում է` դժվար է տարանջատել, թե ինչպես պետք է քվեարկի ընտրողը: Սակայն ընտրությունը համեմատություն է, այդ առումով այն կարող է հեշտորեն կողմնորոշել ընտրողին: «Ինչպես աղջիկ ուզելու ժամանակ են նայում նրա ընտանիքին, կենսագրությանը, մարմնական առավելություններին ու թերություններին, նույնն էլ քաղաքական ուժերի պարագայում է: Ձեր առջև են 9 քաղաքական ուժեր, և ես հպարտորեն կարող եմ ասել, որ այս 9-ի մեջ միակ ուժը, որն իբրև առանձին կուսակցություն է գնում ընտրություններին, դա Դաշնակցությունն է: Ճիշտ է, չորս կուսակցություն ևս մասնակցում է, բայց իրականում, եթե նայեք իրենց կազմին, դրանք դաշինքներ են: Իսկ Դաշնակցությունը միակն է, որ տարբերվում է բոլորից մի կարևոր հանգամանքով. Դաշնակցությունը մի անձի կուսակցություն չէ: Նայեք այլ կուսակցություններին, չլինի առաջնորդը՝ այդ կուսակցությունից բան չի մնա»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նա նաև հավելեց, որ դաշնակցությունը այն քաղաքական ուժն է, որը ներկա է ոչ միայն Հայաստանում: Այն ազդեցիկ ներկայություն ունի աշխարհով մեկ` ներկայացնելով համայն հայության շահերը: Աղվան Վարդանյանի խոսքով` Դաշնակցությունը տարբերվում է նաև նրանով, որ երբեք ամբոխավար չի եղել, երբեք խոստումներ չի տվել, որոնք իրագործելի չեն:
Այսօր որոշ քաղաքական ուժեր մեծ-մեծ խոստումներ են տալիս, սակայն սուտ են խոսում, որովհետև այդ խոստումները չեն իրագործելու: Մինչդեռ Դաշնակցությունը այս տարիների ընթացքում երբեք չի ասել մի բան, որ հետո անի հակառակը: Դաշնակցությունը մշտապես իր նպատակները, ծրագրերը պահել է և պահում է օրակարգում, ու քայլ առ քայլ դրանք իրականացնում է: «Փոփոխություններ են խոստանում, խոստումներ են տալիս, սուտ են ասում: Դաշնակցությունը Հայաստանում արդեն համակարգային փոփոխություններ է իրականացրել, կառավարման համակարգ է փոխել, օրենսդրական համակարգ է փոխել: Նայե՛ք, թե նույն կուսակցության ներկայացուցիչները ինչպես են իրարից ձայն խլում, իրար կոկորդ կրծում` ձայնի համար: Եվ նայեք Դաշնակցության թիմին, ամեն մեկը ջանում է ձայն բերել Դաշնակցությանը, որ կուսակցությունը վաղը ԱԺ-ում ավելի մեծ ներկայացվածություն ունենա, մեծ ազդեցություն ունենա: Դաշնակցությունը մեր ժողովրդի կուսակցությունն է, ձեզանից է կախված, որքան ուժեղ ներկայացված լինի խորհրդարանում: Եվ որքան ազդեցիկ ներկայացվածություն ունենա, այնքան մեր երկիրը կայուն կլինի, անցնցում կլինի, այնքան երկրի անվտանգության և ազգային հարցերի լուծումը երաշխավորված կլինի: Առանց Դաշնակցության երկիրը չի կարող ազգային, սոցիալական հարցերում լուրջ փոփոխություններ արձանագրել»,- իր ելույթում ասաց Աղվան Վարդանյանը: