Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ հունիսի 27–ին, ԱՀ Ազգային ժողովը գումարել է 9-րդ նստաշրջանի վերջին նիստը:
Նիստում քննարկվել է ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը մանրամասն ներկայացրել է նախորդ տարվա բյուջեի կատարողականը, որից հետո Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը ներկայացրել է պալատի ուսումնասիրությունների արդյունքները՝ արժանահավատ գնահատելով նախորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարողականը:
ԱՀ 2018թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը խորհրդարանը հաստատել է 26 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Ապառաժը» տեղեկացնում է՝ «Դաշնակցություն» խմբակցությունը կողմ է քվեարկել 2018թ. պետական բյուջեի կատարողականին, իսկ խմբակցության տեսակետը խորհրդարանին է ներկայացրել Ազգային ժողովի փոխնախագահ, խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը.
««Դաշնակցություն» խմբակցությունը՝ ուսումնասիրելով ԱՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գտնում է, որ իրոք վերջին տարիներին ԱՀ կառավարությունը նպատակային աշխատանքներ է կատարել տնտեսական զարգացմանը նպաստող բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես իրական քայլ է կատարել գործարարների եւ սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանվածության, հարկային վարչարարության մեղմացման, գյուղին եւ գյուղատնտեսությանը, պետական աջակցության ուղղությամբ:
«Դաշնակցություն» խմբակցությունը կարեւոր է համարում նաեւ Արցախի Հանրապետությունում տնտեսական աճի հարաճուն զարգացումը, մասնավորապես հաշվետու տարում ապահովել է 11.9 % տնտեսական աճ: Նմանօրինակ աճը հնարավորություն է տվել լուծել` սոցիալական նշանակության բազմաթիվ հարցեր:
Ողջունելի է 2018թ-ի բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ աճը 2017թ-ի համեմատ: Այն կազմել է 35 %: 3մլդ դրամով կրճատվել է ԱՀ 2018 պետական բյուջեի դեֆիցիտը:
Կատարողականի հաշվետվությամբ տնտեսության ընդհանուր բնութագրությունը խմբակցությունը գնահատում է կայուն և տոկոսային համեմատությամբ զարգացող:
Նշված ներկայացված ֆինանսական փաստերի հետ միասին խմբակցությունը ուշադրություն է դարձնում հետևյալ հանգամանքներին՝
1.Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում կարևոր է՝ որպես դինամիկ զարգացող երկրի փաստաթուղթ, բացի անվանական ՀՆԱ –ի և դրա ֆինանսական իրական ծավալների արտացոլումից, ներառված լինի նաև տնտեսական ակտիվության տարատեսակ տարեկան ցուցանիշները:
Հաշվի առնելով, որ վերջին տարիներին իշխանությունների կողմից մշտապես կարևորվել է նաև առողջապահության.կրթության և մշակույթի ոլորտների զարգացումը, գտնում ենք անհրաժեշտ է նաև ներառել մարդկային զարգացման ինդեքսի, մասնավորապես կյանքի սպասվող տևողության, կրթության մակարդակի և մարդկանց կենսամակարդակի վերաբերյալ ցուցանիշներ՝ թույլ տալով նաև բնութագրել երկրի տնտեսության որակական կողմերը:
2.Տեսանելի է, որ բյուջեի կատարողականի հաշվետվութան վերլուծությունը մեծամասամբ արտացոլում է եկամուտներն ու ծախսերը: Բացակայում է ՀՆԱ-ում արտացոլված ոլորտների ենթաճյուղերի դասակարգման վերլուծությունը, մասնավորապես ճյուղերի այս կամ այն ենթաճյուղերի աճին նպաստող գործոններն ու երբեմն էլ անկման պատճառները:
3.Ուսումնասիրելով պահուստային ֆոնդի ծախսերը, եկել ենք այն եզրահանգման, որ պահուստային ֆոնդի ծախսերի մի մասը ցույց են տալիս տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի պլանավորման աշխատանքներում գործադիրի գերատեսչությունների առավել մասնագիտական և խորը բյուջետային պլանավորման անհրաժեշտությունը: Օրինակ՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը հատկացվել է 517.554.8 հազար դրամ: Կարծում ենք այն պետք է լիներ պետական բյուջեի պլանավորված միջոցառումների ծրագրերի շրջանակներում:
Բացի դրանից, անհրաժեշտ ենք համարում պահուստային ֆոնդի ծախսերի համար նախապես սահմանել առաջնահերթ ուղղություններ,որոնք կկազմեն պահուստային ֆոնդի ոչ պակաս քան 80%-ը: Ցանկալի է, որ այդ միջոցները նպատակաուղղվի Արցախի գյուղերի զարգացմանը:
4.Հարկային եկամուտների 35% աճը, որի էական մասը ապահովվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման շնորհիվ, մարտահրավեր է նետում երկրի կառավարությանը առավել մեծ ջանքեր և առավել արագ տեմպեր ապահովել տնտեսության դիվերսիֆիկացման աշխատանքներում:
5.Կառավարության հարգելի ներկայացուցիչներ, ուշադրություն ենք դարձրել նաև այն հանգամանքին, որ ծախսումների մասով արտացոլված մի շարք ծրագրերում անգամ հակիրճ նկարագրված չէ դրանց ֆինանսավորման շնորհիվ արձանագրված փաստացի արդյունք ներկայացնող տվյալները: Գտնում ենք, որ ծախսերը պետք է կատարվի շատ արդյունավետ՝ առաջնայինի և երկրորդնայինի դասակարգմամբ:
Մենք՝ որպես կուսակցություն և խմբակցություն, կարևորում ենք գյուղի և գյուղատնտեսության զարգացման հարցերը:
Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 3.9 %-ի չափով նվազումը մտահոգիչ է:
Վստահ ենք, որ մեր առաջարկները տեղ կգտնեն 2019 թվականի տարեկան հաշվետվության մեջ:
Հարգելի գործընկերներ, ելնելով վերոնշյալից «Դաշնակցություն» խմբակցությունը ԱՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գնահատում է դրական»: