կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-24 12:04
Հասարակություն

Մեր միջավայրում տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել. վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Մեր միջավայրում տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել. վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը. տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև  հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: 

Այսօրվա նիստի օրակարգում ունենք նաև տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր, որոնց քննարկման արդյունքում մեր որոշումները պիտի ծառայեն անվտանգային մարտահրավերների պատշաճ կառավարմանը: Իհարկե, համոզված եմ, որ մենք կկարողանանք անհրաժեշտ գործիքակազմ գտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար հավելյալ ռիսկեր չառաջանան կամ դրանք լինեն կառավարելիության շրջանակում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունն, իհարկե, մեր կառավարության համար լրջագույն առաջնահերթություն է: Եվ այդ ուղղությամբ մենք ունենք ոչ միայն ընթացիկ, միջնաժամկետ, այլև ռազմավարական, երկարաժամկետ խնդիրներ լուծելու և քննարկելու խնդիր: Այդ քննարկումներն, իհարկե, տեղի են ունենում ոչ միայն Անվտանգության խորհրդի ձևաչափով, դրանք նաև տեղի են ունենում քաղաքական միջավայրում, կառավարական տարբեր աշխատանքային քննարկումների և խորհրդակցությունների ֆորմատներում, բայց իհարկե, Անվտանգության խորհուրդն այն մարմինն է, որտեղ այդ բոլոր քննարկումների արդյունքները պետք է իմի բերվեն և վերածվեն կոնկրետ գործնական արդյունքների ու որոշումների: