կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 12:39
Իրավական

Իշխանությունը հենց Քոչարյանի գործով նեղն է ընկնում, սկսում է մտածել քայլեր` վաղը կարող է ՍԴ-ի դռները փակվեն. Ռուբեն Սահակյան

Իշխանությունը հենց Քոչարյանի գործով  նեղն է ընկնում, սկսում է մտածել քայլեր` վաղը կարող է ՍԴ-ի  դռները փակվեն. Ռուբեն Սահակյան

Դատավարության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարց չի քննարկվել, դատախազությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, իսկ դատարանը զրկել է մեղադրյալին իր ազատության վերաբերյալ հարցի քննարկումից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ սրանով խախտվել են մեղադրյալի կոնվենցիոն իրավունքները, ինչպես նաև քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքը:

«Նման դեպք հայկական քրեադատավարության պատմության մեջ չի եղել: Սա ծայրահեղ խայտառակ քայլ էր, որն իր հետևանքները շատ լուրջ ունենալու է մեր դատական համակարգի համար»,-ընդգծեց նա:

Հովհաննես Խուդոյանը պնդեց՝ որևէ կերպ հնարավոր չէ դատարանի՝ ՍԴ դիմելու որոշումը ենթարկել բողոքարկման,  և դա միայն պաշտպանական կողմի դիրքորոշումը չէ։

«Վերաքննիչ քրեական դատարանն իր կողմից նախապես քննարկած գործով՝ դատավոր Իշխան Բարսեղյանի գործով, երբ պաշտպանները դիմել էին Վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելով առաջին ատյանի դատարանի կողմից ՍԴ չդիմելու խնդիրը, վերաքննիչն արձանագրել է, որ թեև գործի կասեցումը կարող է բողոքարկվել, սակայն ՍԴ դիմել-չդիմելու հարցը բացառապես ընդհանուր իրավասության դատարանի դատավորի հայեցողության հարցն է, և որևէ դատական ատյան չի կարող ասել՝ դատարանը կարո՞ղ է կասկած ունենալ, թե՞ ոչ: Մենք ներկայացրել ենք, որ նախկինում գործող քրեական օրենսգրքի 300 հոդվածը իրավական որոշակիության հետ կապված խնդիր է ունեցել և, որպես հիմնավորում, ներկայացրել ենք, որ ԱԺ-ն փոփոխել է այդ օրենքը, որի հիմքում դրել է այս միտքը՝ պետք է այն համապատասխանեցնել իրավական որոշակիությանը, այսինքն՝ ԱԺ-ն արձանագրել է՝ օրենքը իրավական որոշակիության հետ կապված խնդիր ունի»,- պարզաբանեց նա:

Փաստաբաններից Ռուբեն Սահակյանը նշեց, որ Սահմանադրության մեջ կա նորմ, որ ՀՀ նախագահն իր կարգավիճակից բխող գործողությունների համար անձեռնմխելի է: «Կոպիտ կհնչի, բայց օրենքով ասված է՝ ինչ կանես, արա առանց վախենալու, այն գործողությունները, որոնք բխում են քո կարգավիճակից, դու իրավունք ունես անելու, արտակարգ դրություն մտցնելու»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հայտարարությանը` Ռուբեն Սահակյանը նշեց. «Ի՞նչ տեղի ունեցավ: Տեղի ունեցավ այն, ինչ երեկ լսեցինք, թե ինչպես է մեր գործընկեր, մեր կողմից շատ հարգված Վահե Գրիգորյանն ասում, որ ինքն է ՍԴ նախագահը։ Համոզված եմ՝ Ալումյանը կհիշի Ջհանգիրյանի խոսքերը։ Դրանից հետևություն` Հայաստանի իշխանությունը հենց նեղն է ընկնում, սկսում է մտածել քայլեր։ Ես չեմ բացառի, որ վաղը ՍԴ դռները կփակվեն այնպես, որ պարոնայք Թովմասյանը և մյուսները չկարողանան մտնել ՍԴ շենք։ Ո՞ր դեպքում է դա կատարվում, երբ վտանգ են տեսնում Ռոբերտ Քոչարյանի գործով։ Վտանգ են տեսնում այն իմաստով, թե ո՞նց կարող է Ռոբերտ Քոչարյանը լինել ազատության մեջ։ Այսօր այնպիսի իրավիճակ է, որ ցանկացածս կարող ենք հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, և դատախազությունը կասի` մեղավոր է։ Ինչո՞ւ։ Որովհետև դատախազությունում կան մարդիկ, որոնք մտածում են, որ իրենց չեն ուզում, որ մնան իրենց տեղում։ Եվ որպեսզի մնան իրենց տեղում, որպեսզի ծաղկեպսակներ չդնեն, նրանք պատրաստ են ծառայել բոլորին»:

Փաստաբաններից Հայկ Ալումյանն էլ լրացրեց, որ դատարանն  այդպես էլ պաշտպանական կողմին միջնորդություն ներկայացնելու պատեհ առիթ չընձեռեց: «Դատավորը միջնորդություն ներկայացնելու փաստը դիտեց որպես իրավունքի չարաշահում: Նման արարքին իրավական գնահատական հնարավոր չէ տալ, բժշկական գնահատական` միգուցե»,- նշեց նա՝ պնդելով, որ Քոչարյանի գործը խախտումների և կեղծիքների վրա է կառուցված, որ օգտագործվում է զոհվածների հարազատների վիշտը սեփական նպատակներին հասնելու համար: «Քոչարյանին կալանավորելու օրինական ճանապարհ չկա»,- ընդգծեց Ալումյանը: